Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այցելենք միասին

Նոյեմբեր 09,2005 00:00

Ընդդիմադիրների առաջիկա այցերը մարզեր կլինեն միասին
«Ոչ իշխանությանը» կարգախոսի կողմնակիցների շարքերը երեկ համալրվեցին:
«17+1» ֆորմատին միացան Հայ արիների միաբանությունը եւ եւս մեկ հասարակական կազմակերպություն:
Այսպիսով՝ 18 կուսակցություն+8 հասարակական կազմակերպություն եւ Մտավորականների ֆորումը:
Երեկ կայացած միավորման հերթական նիստում հստակեցվեց առաջիկա այցելությունների գրաֆիկը:
Նախնական պայմանավորվածությամբ` ամսի 11-ին ընդդիմադիրները կայցելեն Եղվարդ եւ Աշտարակ,
ամսի 17-ին՝ Ապարան, Սպիտակ, Վանաձոր, 19-ին՝ Արարատ, Արտաշատ, 22-ին՝ Արմավիր, Էջմիածին:
Ամսի 25-ին նախատեսվում են լայնածավալ հանդիպումներ կամ, այսպես ասած, եզրափակիչ
հանրահավաք Երեւանում: Այս այցելություններն արդեն կլինեն ՀԺԿ-ի հետ համատեղ: Նշենք,
որ երեկվա նիստին ՀԺԿ-ն ներկայացնում էր Վիկտոր Դալլաքյանը: «Ինչպե՞ս հարթվեցին
ՀԺԿ-ի հետ տարաձայնությունները»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Հանրապետություն»
կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը պատասխանեց. «ՀԺԿ-ն ի սկզբանե
այլ բան չէր որոշել, որ հիմա էլ որոշումները փոխեցին: Պարզապես իրենք իրենց գրաֆիկն
ունեին, որոշ այցերից հետո փորձեցինք արդեն միասնական այցելություններ կատարել: Կարծում
եմ, որ առաջիկա այցերին պետք է հրավիրենք նաեւ Արտաշես Գեղամյանին: Ձեր միջոցով դիմում
եմ պարոն Գեղամյանին»: Եվ Սմբատ Այվազյանը, եւ պաշտպանության նախկին փոխնախարար
Վահան Շիրխանյանը հրաժարվեցին պատասխանել «Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ
Երջանիկ Աբգարյանի այն մեղադրանքներին, որ մեր ընդդիմությունն անատամ է: «Շատ վաղուց
չեմ տեսել պարոն Աբգարյանին որեւէ տեղում»,- հեգնանքով նկատեց Սմբատ Այվազյանը: Իսկ
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այս առիթով ասաց. «Այսօրվա
նիստում արդեն ձեւավորվում է իրավաբանական մարմին` լուրջ մասնագետների մասնակցությամբ,
որը զբաղվելու է արդեն իսկ արձանագրված խախտումների ճակատագրով: Սկսված են մի շարք
դատական գործընթացներ եւ այլն: Մեղադրել ընդդիմությանն անգործության մեջ… թող բարի
լինեն գան, մասնակցեն, լսեն, թե ինչպես է ընդդիմությունը պլանավորում հետագա գործողությունները,
անեն իրենց առաջարկները: Դռները բաց են, փակ նիստեր չկան»: Պարոն Մարգարյանն արձանագրում
է, որ իշխանությունները սպառել են իրենց ռեսուրսը: Նրա համոզմամբ՝ այդ է պատճառը,
որ արդեն սկսված են կոպիտ խախտումները՝ ընդդիմությունը զրկված է հեռուստա եւ ռադիո
եթերներից, քարոզչության համար հավասար մեկնարկային պայմաններ չեն ապահովված: Միաժամանակ,
մեր զրուցակիցն «այս իշխանության, ռեժիմի» պարագայում նույնիսկ անհեթեթ է համարում
արդար գործընթացի մասին խոսելը կամ նման ակնկալիքներ ունենալը: «Տեղական կառույցներից
մենք արդեն տեղեկություններ ենք ստանում, որ գյուղապետերը հրավիրվում են մարզպետների
մոտ եւ համապատասխան հրահանգներ ստանում: 2003-ին Քոչարյանը 7-9 տոկոս ձայն է հավաքել,
հիմա դա էլ չի հավաքելու, այդ են վկայում մեր մարզային հանդիպումները: Ինչքան էլ
փորձեն կեղծել, միեւնույն է՝ մարդիկ կգան եւ կձեւավորեն իրենց իշխանությունը»,- ասում
է Գ. Մարգարյանը: Միավորման երեկվա նիստում քննարկվել են նաեւ կուսակցությունների
կողմից սահմանադրական հանրաքվեին դիտորդների մասնակցության եւ, ընդհանրապես, հանրաքվեի
գործընթացը վերահսկելու հարցերը: Այս հարցերի վերաբերյալ որոշումներ դեռ չկան: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել