Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂԱՆ

Նոյեմբեր 09,2005 00:00

Մինչ «Արդարություն» դաշինքի երեկվա նիստն էին հրապարակվել
լուրեր, թե այս անգամ քննարկվելու է Շավարշ Քոչարյանի հարցը ու նաեւ այն, որ «Արդարության»
անդամ կուսակցությունները առավել մասնակցում են «18+1»-ի քարոզչությանը, քան խմբակցության
ղեկավարի այցերին: «Թող մամուլը, որը որոշել է դա՝ ի՛նքն էլ
քննարկի այդ հարցը»,- դաշինքի 2 ժամից ավելին տեւած նիստից հետո լրագրողներին ասաց
Շավարշ Քոչարյանը: Մամուլում չէր բացառվել, որ պրն Քոչարյանը կհեռացվի խմբակցությունից
եւ հետ կկանչվի ԵԽԽՎ պատվիրակությունից: Պատճառը նշվել էր «Արդարություն» խմբակցության
կանոնադրության խախտումը, ըստ որի՝ եթե խմբակցության անդամը դեմ է խմբակցության որոշմանը,
նա չպետք է դրա դեմ իրականացնի քարոզչություն եւ պետք է ձեռնպահ մնա այդ հարցի շուրջ
հրապարակային ելույթներից: Մինչդեռ Շավարշ Քոչարյանը վերջերս հերքել էր «Արդարության»
հիմնական փաստարկներից մեկը, թե նախագահն այս սահմանադրական փոփոխություններով ստանում
է անձեռնմխելիություն՝ իր պաշտոնավարության ընթացքում կատարած օրինախախտումների համար:
Շավարշ Քոչարյանը երեկ ժխտեց, թե ինքը գործել է կանոնադրությանը հակառակ. «Հակառակն
այն կլիներ, եթե ես քարոզեի «այո», բայց ես «այո» չեմ քարոզում»: Արշակ Սադոյանը
նիստից հետո հայտնեց լրագրողներին, թե Շավարշ Քոչարյանի հարցը մանրամասնորեն չքննարկվեց՝
վերապահում անելով, որ իրեն շա՜տ ժամանակ պետք կլիներ այդ խնդրին անդրադառնալու համար:
Վերջինս այս մասին տեղեկանալով՝ հակահարված տվեց, թե նաեւ «որոշվել է, որ նախկինում
Արշակ Սադոյանի դաշինքին դեմ գործելն էլ մենք չենք դատապարտում»: «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որն էլ դաշինքի նիստում արծարծել էր այս
խնդիրը՝ պարզաբանեց. «Շավարշ Քոչարյանի հարց գոյություն չունի»: Հայտնեց, թե որեւէ
մեկը չի առաջարկել պրն Քոչարյանին դուրս գալ խմբակցությունից, այլ միայն «հորդորել
են, որ պահպանի խմբակցության կանոնակարգը: Եթե «Արդարությունը» որոշել է ասել «ոչ»,
ապա խմբակցության անդամը չպետք է հակաքարոզչություն կատարի այդ «ոչ»-ին»: Քիչ անց
պրն Դալլաքյանը նաեւ նշեց. «Եթե կան կուսակցություններ կամ անհատներ, որոնք համաձայն
չեն դաշինքի դիրքորոշմանը, ապա կա շատ քաղաքակիրթ ճանապարհ՝ դուրս գալ դաշինքից կամ
խմբակցությունից: Քանի որ «Արդարությունն» իրավունք չունի այդ պատգամավորին կամ կուսակցությանը
հեռացնել դաշինքից կամ կուսակցությունից»: Սա ասվեց Ստեփան Դեմիրճյանի այն դիտարկման
կապակցությամբ, թե «Արդարության» անդամ կուսակցությունները նախ պիտի իրականացնեն
դաշինքային գործունեություն: Սակայն պրն Դալլաքյանի ակնարկն ակնհայտորեն վերաբերում
էր նաեւ Շավարշ Քոչարյանին: Այն խնդրի առնչությամբ, որ թեեւ «Արդարությունը»
ստեղծել է «ոչ»-ի իր քարոզչական խորհուրդը, սակայն դաշինքի կուսակցությունները՝ մի
քանի պատգամավորների բացառությամբ, աշխատում են «18+1» միավորման համակարգող խորհրդի
հետ, Արշակ Սադոյանը հայտնեց, թե այստեղ կան ոչ թե հակադրման, այլ համաձայնեցման
խնդիրներ: Վիկտոր Դալլաքյանը երեկ նախապես հայտնեց, թե «18+1»-ին առաջարկելու է համադրել
հանդիպումները. «Բայց ես որեւէ ողբերգություն կամ խնդիր չեմ տեսնում, եթե չհամատեղվեն,
քանի որ ե՛ւ «18+1»-ը, ե՛ւ «Արդարություն» դաշինքը, ե՛ւ «Ազգային միաբանությունը»
սկզբունքորեն ասում են «ոչ» իշխանությանը, եւ այս հարցում չունեն որեւէ տարաձայնություն:
Մնացածը մարտավարական խնդիրներ են: Շատ տրամաբանական եմ համարում, որ տեղեկատվական
նման շրջափակման պայմաններում պիտի ավելի շատ հանդիպումներ ունենան բնակչության հետ»:
Այսուհանդերձ, պայմանավորվեցին նոյեմբերի 17-ի եւ 19-ի հանդիպումները «18+1»-ի հետ
համատեղ անելու շուրջ: «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, թե «18+1»-ի քաղաքական խորհրդում
լինելո՞ւ է ՀԺԿ ներկայացուցիչը, պրն Դալլաքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պահին
չի լինի: Քանի որ չկա դրա անհրաժեշտությունը»: «Հայլուրի» թղթակցի դիտարկմանը,
թե ի տարբերություն «Հանրապետության»՝ ՀԺԿ նախագահն իր հանդիպումների ընթացքում կոչ
չի անում նոյեմբերի 27-ին գալ Երեւան եւ չի խոստանում իրականացնել հեղափոխություն՝
Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Միանգամայն իրավացի եք: Դաշինքի մեջ մտնող կուսակցություններից
յուրաքանչյուրը կարող է ունենալ իր դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված: Եվ տվյալ
պարագայում՝ «Հանրապետությունն» իր այդ դիրքորոշումը չի քննարկել դաշինքում: Եվ «Արդարությունը»
չունի նման որոշում»: Միջկուսակցական խնդիրներից առավել կարեւոր մի հարց է
երեկ քննարկվել դաշինքի նիստում: Ընդդիմությանը մտահոգում է միջազգային դիտորդական
առաքելությունների պասիվությունը: Որոշել են դիմել ԱԺ նախագահին, որ նա հրավիրի ԵԱՀԿ-ին՝
դիտարկելու հանրաքվեն, «քանի որ քարոզարշավի ընթացքը՝ մասնավորապես հեռուստաեթերն
ընդդիմության առջեւ փակելը, ցույց է տալիս, որ արդեն իսկ կան լուրջ խախտումներ: Եվ
եթե իշխանություններն իրոք շահագրգռված են, որ հանրաքվեն անցնի ազատ ու արդար՝ պարտավոր
էին միջազգային դիտորդներ հրավիրել, որը նրանք չեն արել: Եվ սա արդեն ապացուցում
է, թե միտում կա կեղծելու հանրաքվեի արդյունքները»,- ասաց «Արդարության» քարտուղարը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել