Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ-ը

Նոյեմբեր 08,2005 00:00

ԽՍՀՄ-ը փլուզվեց, բարեկամությունը՝ ոչ ԱՕԿՍ-ի եւ Հայաստանի գրողների միության հրավերով Հայաստանում է «Դրուժբա նարոդով» ռուսական ամսագրի խմբագրակազմը: Երեկ ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Էբանոիձեն, խմբագրական կոլեգիայի անդամ Լեոնիդ Բախնովը, գրող Լեւ Անինսկին եւ բանաստեղծուհի Գալինա Կլիմովան հյուրընկալվեցին ԱՕԿՍ-ում: 1939-ից լույս տեսնող «Դրուժբա նարոդով» ամսագիրը միակ գրական գեղարվեստական հրատարակությունն է, որը լուսաբանում է ետխորհրդային երկրների մշակութային կյանքը: Ամսագրի 2005թ. փետրվարյան համարն ամբողջությամբ նվիրվել է հայ գրականությանը: «Հայաստանի գրողներ. այսօր եւ վաղը» խորագրով համարում ներկայացվել են Սիլվա Կապուտիկյանի, Աղասի Այվազյանի, Լեւոն Խեչոյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Ռազմիկ Դավոյանի եւ այլոց գործերը: Ամսագրի գլխավոր խմբագիրը պատմեց, որ 80-ականներին 1 միլիոն 180 հազար օրինակով լույս տեսնող ամսագրի տպաքանակն այսօր 3000 է: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան կիսադատարկ դահլիճում շարունակվեց հանդիպումը «Դրուժբա նարոդով» ամսագրի խմբագրակազմի հետ: ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Սեդա Վերմիշեւան փոխանակ ներկայացնելու հյուրերին, արդի հայ մտավորականին բնորոշ սովորությամբ երկար խոսեց սեփական ստեղծագործությունների թարգմանության ու հայ գրականության մասին: Վերջապես ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանի համբերության բաժակը լցվեց ու ծափահարությամբ ակնարկեց վերջացնել երկարաշունչ ելույթը: ՀԳՄ նախագահ Լեոն Անանյանը փաստեց, որ շուրջ 15 տարի խաթարված հայ-ռուսական գրական կապերը նորից վերականգնվում են: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը կարոտախտով հիշեց, թե ինչպես էինք բոլորս մի ժամանակ ապրում մեծ երկրում, որը «մի վայրկյանում քանդեցին տրակտորիստ Գորբաչովը եւ հարբեցող Ելցինը»: «Թեեւ հիմա մեզ դարձրել են կովկասյան ազգության ներկայացուցիչներ, բայց նկատենք, որ կովկասյան ազգությամբ մեկը՝ Վրաստանի ներկայացուցիչը այժմ խմբագրում է «Դրուժբա նարոդով» ամսագիրը, ինչի համար ուրախ ենք… Բայց մյուս կողմից տարօրինակ է, թե ինչո՞ւ հայ չէ խմբագիրը, այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում տեղակայված են ռուսական ռազմաբազաները, իսկ Վրաստանից դրանք դուրս են բերվել… Ամեն դեպքում ուրախ եմ, որ մի խումբ մարդիկ Մոսկվայում նման ամսագիր են պահում, պայքարում հանուն ժողովուրդների բարեկամության՝ այնպիսի քաղաքում, որտեղ սպանում են այն բանի համար, որ դու ուրիշ ռասայի ներկայացուցիչ ես»: Իգիթյանին զայրացնում է այն, որ մարդիկ հիանալով ռուսերենով KBH խաղացող հայ երիտասարդներով՝ միեւնույն ժամանակ Հայաստանում փակում են ռուսական դպրոցները: Ալեքսանդր Էբանոիձեն էլ խոսեց գլոբալիզացիայից, հոգեւոր սովից, հայ-ռուսական գրական առնչություններից եւ այլն: Նաեւ փաստեց, որ հասարակության մտավոր, ստեղծագործական ընդունակության թուլացմանը ամենուր հետեւում են նյութական հզորացումը եւ եսասիրական բնազդների ակտիվացումը: «Դրուժբա նարոդով» ամսագրի խմբագիրը հիշեց Հրանտ Մաթեւոսյանի հետ իր առաջին հանդիպումը: Նրա համոզմամբ՝ Մաթեւոսյանը թարմություն ու հզոր արժեքներ է բերել գրական դաշտ. «Իսկ տաղանդավոր գրականությունը նախեւառաջ սեփական փորձի եռապատկում ու բազմապատկում է ենթադրում»: Ալեքսանդր Թոփչյանին էլ կարոտախտը հանգիստ չէր տալիս. «Մենք ժամանակին խորհրդային մշակութային տարածքում էինք, եւ այժմ էլ այդտեղ ենք, քանի դեռ շարունակում են արարել այդ տարածքը ստեղծած մարդիկ, ու կարեւոր չէ, թե ԽՍՀՄ-ը վաղուց չկա»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել