Հանգուցյալնե՞րն են «գրավել» ուրիշի գերեզմանը Տիգրան Մեծի պողոտայի 31/181 բնակարանի բնակչուհի Նաիրա Պետրոսյանը դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Նա հայտնել էր, որ ծնողների մահվան կապակցությամբ այցելելով «Կարմիր բլուր» գերեզմանատուն, տեսել են եղբոր՝ Հովհաննես Պետրոսյանի շիրիմը հանված եւ գցված «գերեզմանի սահմաններից դուրս»: Ծնողներին ստիպված թաղում են «հարազատներից մեկի գերեզմանում՝ «պայմանական», մինչեւ, ինչպես նամակագիրն էր տեղեկացրել, կարգավորվի հարցը: Պետրոսյանները դիմում են թաղման բյուրո, գերեզմանատան տնօրինությանը, քաղաքապետարան, սակայն ապարդյուն: Ավելին, իր վերջին այցելության ժամանակ Պետրոսյանին նոր անակնկալ էր սպասվում. իր տարածքում «հյուրընկալվել են» երեք «թարմ» հանգուցյալներ, որոնց աճյունաքարերի վրա գրված էին 1969թ., 1989թ. եւ 2002թ.: Իբրեւ հավելում նաեւ տեղեկացնենք, որ 1992-ին Պետրոսյանները բետոնապատել էին գերեզմանը, բարեկարգել տարածքը, սակայն ինչպես մեր հայրենակիցներից շատերը, «հնարավորություն չունենալու պատճառով շիրմաքար չեն տեղադրել»: ՀՀ գլխավոր դատախազին փոխանցվեց Ն. Պետրոսյանի դիմումը՝ «Եղբոր գերեզմանում առանց իրենց գիտության այլ անձանց աճյուններ ամփոփված լինելու վերաբերյալ»: Սակայն օմբուդսմենի ս. թ. մայիսի 10-ի նամակին չի պատասխանում ՀՀ գլխավոր դատախազը եւ հետեւում է սեպտեմբերի 16-ի նամակը. «Խնդրել էի արդյունքների մասին ինձ իրազեկել, սակայն մինչեւ օրս պատասխան չեմ ստացել»: Իսկ համայնքի դատախազ Ջ. Ֆարխոյանը կատարվածը չդիտելով իբրեւ հանցանք (եւ, հետեւաբար, քրեական գործ չհարուցելով), գտել էր, որ «գերեզմանից շիրիմ հանելը եւ այնտեղ երեք օտար հանգուցյալներ թաղելու վերաբերյալ վեճերը, ՀՀ հողային օրենսգրքի 114 հոդվածի համաձայն, լուծվում են դատական կարգով»: Ըստ դատախազի, «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում գտնվող հողի նկատմամբ իրավունքների իրականացման եւ հողային հարաբերությունների կարգավորման հարցով կարող եք դիմել դատարան»: Սակայն նրանք չնկատելու էին տվել այն փաստը, որ հայտնել էր դիմումատուն. եղբայրը մահացել է 1960-ին, եւ, հետեւաբար, տարածքն այդ տարվանից զբաղեցրել է հանգուցյալը: Այս կապակցությամբ ոչ միայն քրեական գործ չի հարուցվել, այլեւ չի պարզվել, թե վերջապես ովքե՞ր են հանգուցյալները: Իսկ գուցե հենց այդ երեք աճյունափոսերում թաքնված է (կամ պարտակված է) մի մեծ հանցագործությո՞ւն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ տեղեկացանք Ն. Պետրոսյանից, որ թաղման բյուրոն եղբոր աճյունը տեղափոխելու է այլ տարածք եւ ողջ ծախսերը վերցրել է իր վրա: