Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտար»

Նոյեմբեր 08,2005 00:00

«Էլիտար» լվացքատուն՝ ոչ էլիտար շենքի հաշվին Կմիանա՞ բողոքողներին ոչ էլիտար շենքի բնակիչ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. սա կախված է այն հանգամանքից, թե ինչքան «թափով» է կառուցապատողը: «Սարյան 27 շենքի անմիջապես հարե ւանությամբ՝ նախկին հացի գործարանի տարածքում այժմ կառուցվում է մի բազմահարկ շենք, որը սպառնում է փակել մեր բնակարաններ մտնող արեւի լույսը: Բնակարանից մինչեւ նորակառույցն ընկած հատվածն ընդամենը 1.5 մետր է: Իսկ բարձրացված ամրաններն արդեն ապացույցն են այն բանի, որ 2-րդ հարկի բարձրության վրա գտնվող բնակարանները շինարարության ավարտից հետո վերածվելու են նկուղայինի»,- այս բողոքով բնակիչները դիմել են քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին եւ Մարդու իրավունքների պաշտպանին, բայց առայժմ ոչ մի պատասխան չեն ստացել: Ըստ բնակիչներին հասած լուրերի՝ նորակառույցը «շատ թափով մարդու է պատկանում»: Երբ այս առնչությամբ հետաքրքրվեցինք շինարարներից, նրանք ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին շրջանառվող լուրերը՝ նույնպես հավաստիացնելով, որ «այս ամենի վերեւում շատ թափով մարդ է կանգնած»: Այնպես որ, եթե անգամ իրավասու մարմինները բնակիչներին սահմանված ժամկետում պատասխանեն, այն մոտավորապես այսպես կհնչի՝ «նշված հասցեում իրականացվող շինարարությունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին ու ձեր պահանջը՝ դադարեցնելու այն, բոլորովին անհիմն է»: Ամեն դեպքում, ով էլ լինի կառուցապատողը, բնակիչներն այն գնահատում են որպես նորելուկ բիզնեսմենի անկիրթ ագահության դրսեւորում եւ ոտնձգություն՝ պետականության դեմ. «Ոնց որ ուզենան ասեն, որ մենք մեր երկրում անզոր ենք»: Ինչ վերաբերում է բուն շինարարությանը, այն, բնակիչների ներկայացմամբ՝ «արդեն 4-5 տարի է՝ սղոցում է մեր նյարդերը, անընդհատ աղմուկ, փոշի, չենք կարողանում դուրս իջնել»: Տարիներ առաջ Սարյան 27 շենքից մոտ 50 մետր հեռու՝ Ամիրյան փողոցի վերջնամասում, նույն «թափով մարդը» կառուցել է էլիտար շենք, իսկ շինարարության մեջ գտնվող եռահարկ կառույցը, որը մի ոտնաչափ է հեռու բնակարանների պատուհաններից, լինելու է էլիտար շենքի բնակիչների համար լվացքատուն, մարզասրահ, ժամանցի կենտրոն եւ այլն, ինչը հաստատեցին նաեւ շինարարները: 27 շենքի ցածր հարկերում բնակվում են ավելի քան կեսդարյա աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուներ եւ հաշմանդամներ, որոնք, իրենց պատմելով՝ քուն ու դադար չունեն. «Անընդհատ դըռռռ, բըռռռ, ի՞նչ ա, կրա՞կն ենք ընկել, որ ցածր հարկերում ենք ապրում»: Սակայն շինարարներից մեկը մեզ թաքուն հայտնեց, որ «չնայած առայժմ միայն առաջին 2 հարկերի բնակիչներն են բողոքում՝ տեսնելով, որ արմատուրաները մինչեւ 3-րդ հարկ են հասել, բայց, խոսքը մեր մեջ, դեռ մի հարկ էլ է բարձրանալու»: Սա նշանակում է, որ գործին խառնվելու է նաեւ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որը նույնպես այդ շենքի բնակիչ է, եւ նորակառույցի չնախատեսված հարկը կփակի նաեւ նրա բնակարանի լույսը: Բացի այդ, էլիտար լվացքատան մասնաշենքերից մեկը խանգարելու է բակի մյուս շենքերին էլ, որի մասին բնակիչները դեռ տեղյակ չեն ու նրանցից բողոքներ չկան: Այս խնդրի շուրջ շինարարության աշխղեկ, մոտ 17-18-ամյա Հակոբի մեկնաբանությամբ՝ «թող իրանք էլ էդ բալկոնից չնայեն, անպայման պիտի էդ կողմի՞ց դուրս նայեն, շենքի մյուս մասում էլ պատուհաններ կան, մենք իրանց չենք խանգարի»: Ինչ վերաբերում է 27 շենքին, աշխղեկը նույնպես հասկանում էր, որ «իրոք, անխղճություն ա» եւ շինարարությունն իրականացվում է քաղաքաշինական նորմերի խախտումներով. «Ճիշտ ա, շենքին էդքան մոտ չպետք ա լիներ»: Իսկ թե ով է իրականացնում շինարարությունը, ըստ Հակոբի, ինքը գործ ունի ոմն Արմեն Մկոյանի հետ: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ «ինչքան գիտենք՝ էլիտար շենքը կառուցվել է ռուսական ներդրումով, իսկ լվացքատան համար կառուցվող նոր շենքի մասին առաջին անգամ ենք լսում»: Ավելի պաշտոնական պարզաբանում խոստացան տալ առաջիկայում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել