Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Նոյեմբեր 08,2005 00:00

ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՄԻԱՅՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ Այս տեսակետն արտահայտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմակերպած «Մենաշնորհները Հայաստանում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» համաժողովի հիմնական զեկուցողներից մեկը: Մինչդեռ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաժողովի իր բացման խոսքում արտահայտվեց հօգուտ հակամենաշնորհային օրենսդրության ուժեղացման եւ նույնիսկ կոշտացման: Նրա կարծիքով՝ «արտադրված բարիքների արդար բաշխումն» անհնար է առանց պետության՝ «եթե մենք ուզում ենք երկրում հաստատել սոցիալական արդարություն, եթե ուզում ենք խուսափել սոցիալական բեւեռացումից, ծայրաստիճան լարված սոցիալական իրավիճակ ստեղծելուց։ Այս խնդիրները, մեր խորին համոզմամբ, չեն կարող լուծվել առանց որոշակի պետական կարգավորիչ դերի: Դրանք ինքնահոսի թողնելը մեծ կորուստներ կարող է բերել թե՛ տնտեսությանը, թե՛ նաեւ ստեղծել անարդար իրավիճակ տնտեսական ոլորտում»։ Ըստ պրն Ռուստամյանի, եթե չկա պետական կարգավորում՝ «Ազատ մրցակցությունը կարող է, լավ գաղափար հանդիսանալով, չարաշահվել, վերածվել անբարեխիղճ մրցակցության»։ Իշխանական կուսակցության ղեկավարի տեսակետով՝ իրենց կարեւոր խնդիրներից մեկը պետք է լինի ստվերային մենաշնորհների կանխումը. «Հակառակ դեպքում դրանք ծառայելու են մի խումբ օլիգարխների խմբերի մասնավոր շահերին եւ բնական է, չեն ծառայելու երկրի տնտեսական զարգացմանը։ Ուստի թիվ մեկ խնդիրն է կանխելը՝ կիրառելով շատ լո՛ւրջ, խի՛ստ, տեղ-տեղ՝ նաեւ հակամենաշնորհայի՛ն քաղաքականություն»։ Համաժողովում «Մենաշնորհները Հայաստանում. տնտեսության զարգացման խթա՞ն, թե՞ խոչընդոտ» զեկուցմամբ հանդես եկավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը: Ու թեեւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին ի պատասխան նա նշեց, թե խոսում է զուտ իբրեւ տնտեսագետ, այսուհանդերձ՝ ուշագրավ է, որ նա դարձավ այդ հանձնաժողովի արդեն երկրորդ անդամը, որն արտահայտվում է մենաշնորհի օգտին: Մասնավորապես նշեց, որ եթե մինչեւ Հայաստանի անկախությունը լսել ու կարդացել էինք, որ մենաշնորհը չարիք է՝ հետո փոխվեցին մեր պատկերացումները եւ «սեփական մաշկի» վրա զգացինք մենաշնորհի նաեւ «որոշ չափով՝ դրական կողմերը»: Միքայել Միքայելյանի կարծիքով՝ հարկ չկա միանշանակ բացասական վերաբերմունք դրսեւորել մենաշնորհների հանդեպ: Կարեւորեց դրանք «ի նպաստ ազգային շահերի» ծառայեցնելը: Նրա կարծիքով՝ պետության խնդիրը պետք է լինի միայն չարաշահումներ թույլ չտալը. «Մենաշնորհների նկատմամբ երկիրը պետք է զսպող քաղաքականություն վարի»: Եվ առավել որոշակիացրեց՝ պետությունն առաջին հերթին չպիտի թույլ տա մենաշնորհների առաջացում անօրինական ճանապարհով, դիրքի չարաշահում: Իսկ մենաշնորհները կանխելն անհնար է՝ վկայում է միջազգային փորձը: «Հակամենաշնորհային քաղաքականության միջազգային փորձը եւ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը»՝ սա էլ արդեն ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի զեկուցման թեման էր: Նա հակամենաշնորհային՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հեղինակներից մեկն է, սակայն հենց ինքն էլ խոստովանեց, թե այն վերանայման խիստ կարիք ունի՝ մատնանշելով օրենքի խոցելի տեղերը: «Ծանոթացեք՝ մեղավորները մենք ենք»,- ասաց նա, նշելով, թե օրենսդրությամբ չեն սահմանել «մենաշնորհ» կատեգորիան, եւ այն ուղղակի նույնացվում է գերիշխող դիրքի հետ: Նախորդ զեկուցողի կողմից «ոչ միանշանակ բացասական» գնահատված երեւույթի հետեւանք որպես՝ Վարդան Բոստանջյանը համարեց եկամուտների բեւեռացումը, «կլանային տնտեսության տարրերի արմատավորումը, կոռուպցիոն ռիսկերի խորացումը, գների ու սակագների սուբյեկտիվ ու չհիմնավորված աճն ու բարձր մակարդակների սահմանումը» եւ այլն: Նաեւ ընդունեց, թե դժվար է ապացուցել հակամրցակցային համաձայնությունը եւ չարաշահման այլ երեւույթները. «Հայաստանում գրեթե անհնար է դա ապացուցելը: Փաստորեն մենք օրենքով համապատասխան մարմնին չենք ընձեռել այդ իրավունքներն ու հնարավորությունները՝ օրինակ, հետաքննչական լիազորությունը»: Այսուհանդերձ քննադատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, թե չի պաշտպանում արտահանողներին: Իսկ տարբեր տնտեսվարողների տուգանելու առնչությամբ հանձնաժողովի վերջին շրջանի գործունեության առնչությամբ էլ Վարդան Բոստանջյանն ակնարկեց, թե տնտեսվարողները «բերում՝ սուսուփուս մուծում են», քանի որ հանձնաժողովը գոնե սահմանափակվում է որոշակի գումարով. «Դատարանի ձեռն ընկնեն՝ ավելի վատ կլինի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել