Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղամասերում

Նոյեմբեր 08,2005 00:00

Տեղամասերում առաջին նիստերը կայացել են Իսկ տեղամասերի ցուցանակները չկան Երեկ ՀՀ ընտրատարածքներում սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեն սպասարկող ընտրական տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցան առաջին նիստերը, որտեղ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ ու քարտուղարներ: Մեր տեղեկություններով, բոլոր տեղամասերում նշանակված առաջին նիստերը կայացել են: Դրա մասին են մասնավորապես տեղեկացնում Երեւանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի եւ Նուբարաշեն, Շենգավիթ համայնքների ընտրատարածքային հանձնաժողովներից: Հիշյալ համայնքների ԸԸՀ-ներից ստացված տեղեկությունների համաձայն, տեղամասային որոշ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներն ընտրվել են նախագահի, տեղակալի կամ քարտուղարի պաշտոններում: Մասնավորապես Ավանի թիվ 1/21 տեղամասում հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչը, թեեւ, ԸԸՀ նախագահ Գեղամ Հայրապետյանի ասելով, դա հանձնաժողովի ղեկավար պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի ընտրության միակ դեպքը չէ: Նույնն ասաց նաեւ Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ԸԸՀ նախագահ Արարատ Կարապետյանը: Այս ընտրատարածքում միայն մի տեղամասում է, որ երեկ նիստ չի կայացել, այն էլ այն պատճառով, որ դա նոր բացված տեղամաս է, որտեղ քվեարկելու են զինվորականները՝ թիվ 3/30, որտեղ հանձնաժողովն իր առաջին նիստը կհրավիրի այսօր: «Ընդդիմությունից հանձնաժողովում կան եւ տեղակալ, եւ քարտուղարներ»,- ասաց պարոն Կարապետյանը: Աջափնյակի թիվ 6 ԸԸՀ նախագահ Սամվել Երանյանն էլ հավաստիացրեց, թե տեղամասերից միայն մեկում է, որ ընդդիմության՝ «Արդարության» ներկայացուցիչն ընտրվել է հանձնաժողովի ղեկավար պաշտոնում: Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանի ասելով՝ թիվ 8/28-ում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը, բայց հիմնականում բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները ՀՀ նախագահի կամ ՀՀԿ-ի կողմից նշանակված անձինք են: Ընդդիմության որեւէ ներկայացուցիչ տեղամասային հանձնաժողովներում ղեկավար կազմում չի ընտրվել Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների տեղամասային հանձնաժողովներում: Սակայն ԿԸՀ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, հակառակ վերը բերված տեղեկությունների, մեզ փոխանցեց, թե դաշինքը տեղամասային որեւէ հանձնաժողովում ղեկավար պաշտոնում չի ընտրվել: Ինչ վերաբերում է Կենտրոն համայնքին, ապա թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի բոլոր ընտրական տեղամասերում եւս հանձնաժողովների առաջին նիստերը կայացել են: Իսկ ԸԸՀ-ին Կենտրոնի բնակիչների կողմից ուղղված մեղադրանքը, թե՝ ոչ բոլոր տեղամասերում են ցուցանակներ փակցված՝ Ե. Տերտերյանը չժխտեց, բայցեւ հավաստիացրեց, որ շուտով՝ օրենքով սահմանված ժամկետում, այդ ցուցանակներն էլ կլինեն: Ընդ որում, ո՛չ բոլոր տեղամասերում են համապատասխան ցուցանակներ փակցված նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում: Նկատենք, սակայն, որ «Ընտրական օրենսգրքի» 15 հոդվածի 2-րդ կետի համաձայն, «լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական եւ այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար»: Տվյալ դեպքում այդ ժամկետը վաղուց արդեն սպառվել է. հանրաքվեի քվեարկության օրվան մնացել է 19 օր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել