Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբեր 08,2005 00:00

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ» Երեկ կոմունիստները նշեցին իրենց հեղափոխության 88-րդ տարեդարձը «Կեցցե հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը», «Ոչ» սահմանադրությանը», «Փառք Հայաստանի կոմունիստական կուսակցությանը» ցուցապաստառներով կոմունիստները նշեցին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 88-րդ տարեդարձը: Զինվորական համազգեստներով, մեդալներով եւ շքանշաններով զարդարված մի քանի պապիկներ կարողանում էին միայն մի հոգնած «ուռա՜» արտաբերել: Տատիկները Մյասնիկյանի եւ Շահումյանի արձանների մոտ էին եկել իրենց տոնական զգեստներով, փորձում էին ուրախ երեւալ, բայց կոմունիստ պապիկների թեւին հենված նայում էին ընկեր Թովմասյանին եւ հարմար պահի թույլ ծափահարում էին: «Տեսեք՝ ազնվագույն մարդիկ ոնց են նոսրանում, ինձ թվում է՝ դա ոչ թե գաղափարի պակասությունից է, այլ շատ-շատ հանգամանքներ կան, շատերին ստիպում են, որ չգան, շատերը ուղղակի զզված են Հայաստանում իր ճանկերը տարածած միջազգային իմպերիալիզմի ճիրաններից, ժողովրդի այսքան շատացած թշնամիներից: Ամենապարզ թվաբանությամբ, եթե իշխանությունները ազնիվ գտնվեն, մեր հիվանդները, ծերերը եւ մյուսները՝ ովքեր, այսպես կոչված, ողորմություն-թոշակ կամ նպաստ են ստանում, կարող են ավելին ստանալ, միայն թե գործարանները վերականգնեն, բայց սրանց խելքը չի հասնում, որ գործարանները վերականգնեն»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը, իսկ նրա կուսակցական ընկերը այլ դիտարկում ուներ. «Գործարանները չեն վերականգնում հատուկ նկատառումներով, որովհետեւ կուշտ մարդն ավելի հպարտ եւ զորեղ է լինում, դրա համար էլ սրանք չեն ուզում, որ էս ժողովուրդը ուժեղ լինի»: Իսկ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ գործարանները այսօրվա իշխանությունները չեն աշխատեցնում, քանի որ «նրանք շատ լավ գիտեն, որ արդյունաբերական ձեռնարկություններում է կոփվում իսկական պրոլետարիատը, իսկ պրոլետարիատն այս խայտառակ համակարգի հետ համաձայնվել չի կարող»: Իշխանությունների մասին իր կարծիքը չթաքցրեց նաեւ Ժենյա Դավթյանը. «Այն պետական իշխանությունը, որը ենթարկվում է արտաքին իմպերիալիզմին, արդեն մեզ համար իշխանություն չի»: Ռուբեն Թովմասյանը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մի բուռ ծեր մարդկանց բացատրում էր. «Այսօր, երբ աշխարհի բոլոր հետադիմական ուժերը տարածել են հակակոմունիստական հիստերիան, միեւնույն է՝ կոմունիստները վախեցողը չեն, կոմունիստները միշտ հպարտ են, որ եղել են կոմունիստ, կոմունիստները միշտ պատրաստ են պայքարի բոլոր ձեւերին, մենք համոզված ենք, որ սոցիալիստական գաղափարախոսությունը նորից հաղթելու է, այս անգամ՝ ամբողջ աշխարհում»: Միջազգային իմպերիալիզմից սահուն անցում կատարելով դեպի տեղական նշանակության հարցեր՝ ընկեր Թովմասյանը նաեւ նշեց. «Ինչքան էլ գտնվեն դավաճաններ, ինչքան էլ գտնվեն կոմունիստական կուսակցության անվան տակ այսօրվա իշխանություններին ծառայողներ, ինչքան էլ գտնվեն սատրապներ ու լակեյներ, միեւնույն է՝ կոմունիստական գաղափարախոսության վրա ստվեր գցել չեն կարող, մենք հպարտ ենք, որ կոմունիստ ենք, որ կառուցել ենք երկիր»: Իրենց տոնին կոմունիստները չէին հրավիրել ոչ մի կուսակցության, երբ հարցրինք՝ ինչո՞ւ, Ռուբեն Թովմասյանն ասաց. «Որեւէ կուսակցություն չի մասնակցում, որովհետեւ երկրում մաքուր սոցիալիստական գաղափարախոսական միայն մեր կուսակցությունն է, մյուս կուսակցությունները ուղղակի օգտվում են այս կուսակցության հզորությունից»: Ըստ ընկեր Թովմասյանի՝ կոմկուսն այսօր 22 հազար անդամ ունի, բայց նույնիսկ հարյուր մարդ չէր հավաքվել հրապարակում: Առաջին քարտուղարի կարծիքով՝ ոմանք հույս ունեն, որ նահանջ ապրելով՝ կոմունիստական կուսակցությունը մեկընդմիշտ վերանալու է. «Այդպիսի բան լինել չի կարող, կոմունիստները վախենալու բան չունեն, ընդհակառակը՝ վախենում են այսօրվա իշխանությունները, դրա համար էլ մեզ սահմանափակել են բոլոր միջոցներով»: Պսակ դնելու արարողությանը մասնակցում էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ֆրունզե Խառատյանը: Վերջինիս կարծիքով՝ այսօրվա իշխանությունները սահմանադրությունը փոխելու իրավական եւ բարոյական իրավունք չունեն, բայց նաեւ համոզված է, որ «հանրաքվեն կանցնի այն արդյունքով, ինչ որ ցանկանում են իշխանությունները»: Իսկ նոյեմբերի 27-ի հանրաքվեն իշխանության վստահության հանրաքվեի վերածելու ընդդիմության ձգտումը, ըստ ընկեր Խառատյանի՝ «Ոչ մի հեռանկար չունի, Հայաստանում այսօր հեղափոխական իրադրություն չկա, եւ իշխանությունները կնկարեն իրենց համար ցանկացած թիվ եւ կանցկացնեն»: Իսկ մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու. «Մինչեւ մեր ժողովուրդը ոտքի կանգնի. նախ՝ առօրյա հոգսերը թույլ չեն տալիս, հետո՝ այսքան կուսակցությունների առկայությունը մոլորեցնում է ժողովրդին, իրենց ընդդիմություն կոչածների զգալի մասն առերեւույթ է ընդդիմություն, ըստ էության խոսքը ոչ թե համակարգային փոփոխությունների մասին է, այլ՝ անձերի փոփոխության, իսկ դա ոչ մի լավ բան չի տալու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել