Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Նոյեմբեր 08,2005 00:00

ՄԵՐ ԱՆԱՏԱՄՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԺԱՆԻՔԱՎՈՐՆԵՐԸ Ե. Աբգարյանը զուգահեռներ է անցկացնում հայաստանյան եւ ադրբեջանական ընդդիմության միջեւ «Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը չի հասկանում հայրենի ընդդիմության վերաբերմունքը Սահմանադրության նոր նախագծին: «Ժողովրդին կոնկրետ առաջարկություն պետք է անել, չթողնել, որ նա ինքը մտածի՝ գնալ-չգնալու, «ոչ» ասելու մասին»,- ասում է պարոն Աբգարյանը, ում կարծիքով ճիշտը բոյկոտն է. «Բոյկոտն ապացուցելի է ի տարբերություն «ոչ»-ի, որով ընդդիմությունն օգնելու է իշխանությանը: Կեղծիքներ անպայման լինելու են, իսկ «ոչ» ասողների ստորագրությունները կօգտագործվեն եւ ոչ ոք չի կարողանա ապացուցել, որ ինքն «այո» չի ասել»: Բոյկոտի դեպքում էլ, ըստ մեր զրուցակցի, ընդդիմությունից աշխատանք կպահանջվի՝ բոլոր տեղամասերում հսկողություն սահմանելու եւ պայքարելու յուրաքանչյուր արձանագրության համար: Իսկ կեղծումները, նրա կարծիքով՝ 500 հազար ձայնից ավելի են լինելու: «Հետեւաբար, ընդդիմությունը վերջապես իրեն պետք է հարց տա՝ ուզո՞ւմ է մնալ քաղաքական դաշտում, թե՞ ոչ, քանի որ այս պարտությունը նրանց համար ճակատագրական է լինելու: Խոսակցությունները, որ սա ընդդիմության համար «Վաթերլոո» չէ, ցույց են տալիս, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ դրության մեջ են իրենք: Սա իսկապես Վաթերլոո է կամ կարող է դառնալ, եթե ընդդիմությունը շարունակի այսպես անատամ գործունեությունը»: Միայն այն, որ ընդդիմադիրները զրկված են հեռուստաեթերներից, պարոն Աբգարյանի կարծիքով, արդեն իսկ պատճառ է այդ նախագիծը բոյկոտելու եւ փողոց դուրս գալու համար: «Առավոտի» դիտարկմանը, որ «17+1» ֆորմատը այդ առիթով հայտարարություն տարածեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միայն հայտարարությունով հարցեր չեն լուծվում: Գործնական քայլեր է պետք ձեռնարկել»: Քանի որ նոր սահմանադրությունը հանրությանը ներկայացվեց հանրաքվեից մեկ ամիս առաջ, ուստի մեր զրուցակիցը գտնում է, որ այդ առիթով ցանկացած վերլուծություն հապճեպության կնիք է կրելու: Իսկ ԱԺ-ում տեղի ունեցած գաղտնի քննարկումները պարոն Աբգարյանին հիմք են տալիս հայտարարելու, որ նպատակը հենց հապճեպությունն է, որպեսզի ոչ ոք չհասկանա հարցի լրջությունը, չնկատվեն խեղաթյուրումները: Այս ամենի վերաբերյալ նկատի առնելով արեւմտյան տերությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, Ե. Աբգարյանը հակված է կարծելու, որ այս գործընթացն անմիջականորեն կապված է ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: «Ադրբեջանում տեղի ունեցող Միլլի մեջլիսի ընտրությունների արձագանքները ցույց են տալիս, որ դրանց ընթացքին հետեւող եվրոպական կառույցների ներկայացուցիչները, դիտորդները, մեղմ ասած՝ շահագրգռված չեն օբյեկտիվ իրականությունը ջրի երես հանելու: Խոսակցություններ եղան, որ Ադրբեջանում իրենք «մեծ շահեր» ունեն: Եթե ՌԴ-ն կամ Սաուդյան Արաբիան ինչ-ինչ առիթով, ինչ-որ պահի դադարեցնեն նավթի արտահանումը, իսկ 70-ականներին Սաուդյան Արաբիայի հետ պատահել է, երբ արաբական էմբարգոն գործեց, ապա Բաքու-Ջեյհանն Արեւմուտքի համար դառնում է այլընտրանք: Սրանք Արեւմուտքի խաղի կանոններն են, մենք պետք է արձանագրենք ու հետեւություն անենք, որ Արեւմուտքի օբյեկտիվությունը հայաստանյան հանրաքվեի նկատմամբ լինելու է այնպիսին, ինչպիսին եղավ Ադրբեջանի ընտրությունների պարագայում»: Ավելացնենք, որ պարոն Աբգարյանը բավականին դրական է գնահատում ադրբեջանական ընդդիմության գործունեությունը. «Նրանք գործ ունեցան բիրտ ուժի հետ, բայց համարձակորեն գնացին ընդհարումների»: Չնայած վկայակոչելով ՌԴ-ի եւ Արեւմուտքի մոտեցումները, նա ադրբեջանական ընդդիմության մոտալուտ հաղթանակին այդքան էլ չի հավատում: Բայց՝ «Ադրբեջանական ընդդիմությունն ապացուցեց, որ ինքը քաղաքական ուժ է, որը կարող է այդ երկրում կոնկրետ առաջարկներ անել ժողովրդին, նրան գլխավորել»: Իսկ ինչո՞ւ ՀՀՇ-ն եւ «Արմատը» Հայաստանում չեն ստանձնում ընդդիմության գեներատորի դերը: «Դաշնակցությունը, կոմունիստները եւ մնացյալ հետադիմականները, դեռ 88-ից՝ շարժման սկզբից, լծվեցին ՀՀՇ-ին վարկաբեկելու գործին: Դրան գումարվեցին օբյեկտիվ պատճառներ, եւ դժբախտաբար ու բնականաբար ժողովուրդը հավատաց դրանց: Այս պայմաններում մեր խնդիրը ժողովրդին մեր խոսքն ասելն է, համոզելն է: Երբ զգանք, որ համոզվել են՝ կնշանակի մեր հեղինակությունը բարձրացել է, ու մենք մեջտեղ կգանք»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել