Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղամասերում առաջին նիստերը կայացել են

Նոյեմբեր 08,2005 00:00

Իսկ տեղամասերի ցուցանակները չկան
Երեկ ՀՀ ընտրատարածքներում սահմանադրական փոփոխությունների
առաջիկա հանրաքվեն սպասարկող ընտրական տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցան
առաջին նիստերը, որտեղ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ ու քարտուղարներ:
Մեր տեղեկություններով, բոլոր տեղամասերում նշանակված առաջին նիստերը կայացել են:
Դրա մասին են մասնավորապես տեղեկացնում Երեւանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ,
Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի եւ Նուբարաշեն, Շենգավիթ համայնքների ընտրատարածքային
հանձնաժողովներից: Հիշյալ համայնքների ԸԸՀ-ներից ստացված տեղեկությունների համաձայն,
տեղամասային որոշ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներն ընտրվել են նախագահի,
տեղակալի կամ քարտուղարի պաշտոններում: Մասնավորապես Ավանի թիվ 1/21 տեղամասում հանձնաժողովի
նախագահ է ընտրվել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչը, թեեւ,
ԸԸՀ նախագահ Գեղամ Հայրապետյանի ասելով, դա հանձնաժողովի ղեկավար պաշտոնում ընդդիմադիր
թեկնածուի ընտրության միակ դեպքը չէ: Նույնն ասաց նաեւ Քանաքեռ-Զեյթունի թիվ
3 ԸԸՀ նախագահ Արարատ Կարապետյանը: Այս ընտրատարածքում միայն մի տեղամասում է, որ
երեկ նիստ չի կայացել, այն էլ այն պատճառով, որ դա նոր բացված տեղամաս է, որտեղ քվեարկելու
են զինվորականները՝ թիվ 3/30, որտեղ հանձնաժողովն իր առաջին նիստը կհրավիրի այսօր:
«Ընդդիմությունից հանձնաժողովում կան եւ տեղակալ, եւ քարտուղարներ»,- ասաց պարոն
Կարապետյանը: Աջափնյակի թիվ 6 ԸԸՀ նախագահ Սամվել Երանյանն էլ հավաստիացրեց,
թե տեղամասերից միայն մեկում է, որ ընդդիմության՝ «Արդարության» ներկայացուցիչն ընտրվել
է հանձնաժողովի ղեկավար պաշտոնում: Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 ԸԸՀ նախագահ Օլեգ Գրիգորյանի
ասելով՝ թիվ 8/28-ում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Արդարություն» դաշինքի
ներկայացուցիչը, բայց հիմնականում բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահներն
ու տեղակալները ՀՀ նախագահի կամ ՀՀԿ-ի կողմից նշանակված անձինք են: Ընդդիմության
որեւէ ներկայացուցիչ տեղամասային հանձնաժողովներում ղեկավար կազմում չի ընտրվել Էրեբունի
եւ Նուբարաշեն համայնքների տեղամասային հանձնաժողովներում: Սակայն ԿԸՀ «Արդարություն»
դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, հակառակ վերը բերված տեղեկությունների,
մեզ փոխանցեց, թե դաշինքը տեղամասային որեւէ հանձնաժողովում ղեկավար պաշտոնում չի
ընտրվել: Ինչ վերաբերում է Կենտրոն համայնքին, ապա թիվ 9 ընտրատարածքային
ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի բոլոր ընտրական
տեղամասերում եւս հանձնաժողովների առաջին նիստերը կայացել են: Իսկ ԸԸՀ-ին Կենտրոնի
բնակիչների կողմից ուղղված մեղադրանքը, թե՝ ոչ բոլոր տեղամասերում են ցուցանակներ
փակցված՝ Ե. Տերտերյանը չժխտեց, բայցեւ հավաստիացրեց, որ շուտով՝ օրենքով սահմանված
ժամկետում, այդ ցուցանակներն էլ կլինեն: Ընդ որում, ո՛չ բոլոր տեղամասերում են համապատասխան
ցուցանակներ փակցված նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում: Նկատենք, սակայն,
որ «Ընտրական օրենսգրքի» 15 հոդվածի 2-րդ կետի համաձայն, «լիազոր մարմինը կամ նրա
համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների եւ ընտրատարածքային
ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր
քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական եւ այլ պայմաններ,
նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների
իրականացման համար»: Տվյալ դեպքում այդ ժամկետը վաղուց արդեն սպառվել է. հանրաքվեի
քվեարկության օրվան մնացել է 19 օր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել