Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՆԱՏԱՄՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԺԱՆԻՔԱՎՈՐՆԵՐԸ

Նոյեմբեր 08,2005 00:00

Ե.
Աբգարյանը զուգահեռներ է անցկացնում հայաստանյան եւ ադրբեջանական ընդդիմության միջեւ
«Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը
չի հասկանում հայրենի ընդդիմության վերաբերմունքը Սահմանադրության նոր նախագծին:
«Ժողովրդին կոնկրետ առաջարկություն պետք է անել, չթողնել, որ նա ինքը մտածի՝ գնալ-չգնալու,
«ոչ» ասելու մասին»,- ասում է պարոն Աբգարյանը, ում կարծիքով ճիշտը բոյկոտն է. «Բոյկոտն
ապացուցելի է ի տարբերություն «ոչ»-ի, որով ընդդիմությունն օգնելու է իշխանությանը:
Կեղծիքներ անպայման լինելու են, իսկ «ոչ» ասողների ստորագրությունները կօգտագործվեն
եւ ոչ ոք չի կարողանա ապացուցել, որ ինքն «այո» չի ասել»: Բոյկոտի դեպքում էլ, ըստ
մեր զրուցակցի, ընդդիմությունից աշխատանք կպահանջվի՝ բոլոր տեղամասերում հսկողություն
սահմանելու եւ պայքարելու յուրաքանչյուր արձանագրության համար: Իսկ կեղծումները,
նրա կարծիքով՝ 500 հազար ձայնից ավելի են լինելու: «Հետեւաբար, ընդդիմությունը վերջապես
իրեն պետք է հարց տա՝ ուզո՞ւմ է մնալ քաղաքական դաշտում, թե՞ ոչ, քանի որ այս պարտությունը
նրանց համար ճակատագրական է լինելու: Խոսակցությունները, որ սա ընդդիմության համար
«Վաթերլոո» չէ, ցույց են տալիս, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ դրության մեջ
են իրենք: Սա իսկապես Վաթերլոո է կամ կարող է դառնալ, եթե ընդդիմությունը շարունակի
այսպես անատամ գործունեությունը»: Միայն այն, որ ընդդիմադիրները զրկված են հեռուստաեթերներից,
պարոն Աբգարյանի կարծիքով, արդեն իսկ պատճառ է այդ նախագիծը բոյկոտելու եւ փողոց
դուրս գալու համար: «Առավոտի» դիտարկմանը, որ «17+1» ֆորմատը այդ առիթով հայտարարություն
տարածեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միայն հայտարարությունով հարցեր չեն լուծվում:
Գործնական քայլեր է պետք ձեռնարկել»: Քանի որ նոր սահմանադրությունը հանրությանը
ներկայացվեց հանրաքվեից մեկ ամիս առաջ, ուստի մեր զրուցակիցը գտնում է, որ այդ առիթով
ցանկացած վերլուծություն հապճեպության կնիք է կրելու: Իսկ ԱԺ-ում տեղի ունեցած գաղտնի
քննարկումները պարոն Աբգարյանին հիմք են տալիս հայտարարելու, որ նպատակը հենց հապճեպությունն
է, որպեսզի ոչ ոք չհասկանա հարցի լրջությունը, չնկատվեն խեղաթյուրումները: Այս ամենի
վերաբերյալ նկատի առնելով արեւմտյան տերությունների ներկայացուցիչների դիրքորոշումները,
Ե. Աբգարյանը հակված է կարծելու, որ այս գործընթացն անմիջականորեն կապված է ղարաբաղյան
հարցի կարգավորման հետ: «Ադրբեջանում տեղի ունեցող Միլլի մեջլիսի ընտրությունների
արձագանքները ցույց են տալիս, որ դրանց ընթացքին հետեւող եվրոպական կառույցների ներկայացուցիչները,
դիտորդները, մեղմ ասած՝ շահագրգռված չեն օբյեկտիվ իրականությունը ջրի երես հանելու:
Խոսակցություններ եղան, որ Ադրբեջանում իրենք «մեծ շահեր» ունեն: Եթե ՌԴ-ն կամ Սաուդյան
Արաբիան ինչ-ինչ առիթով, ինչ-որ պահի դադարեցնեն նավթի արտահանումը, իսկ 70-ականներին
Սաուդյան Արաբիայի հետ պատահել է, երբ արաբական էմբարգոն գործեց, ապա Բաքու-Ջեյհանն
Արեւմուտքի համար դառնում է այլընտրանք: Սրանք Արեւմուտքի խաղի կանոններն են, մենք
պետք է արձանագրենք ու հետեւություն անենք, որ Արեւմուտքի օբյեկտիվությունը հայաստանյան
հանրաքվեի նկատմամբ լինելու է այնպիսին, ինչպիսին եղավ Ադրբեջանի ընտրությունների
պարագայում»: Ավելացնենք, որ պարոն Աբգարյանը բավականին դրական է գնահատում
ադրբեջանական ընդդիմության գործունեությունը. «Նրանք գործ ունեցան բիրտ ուժի հետ,
բայց համարձակորեն գնացին ընդհարումների»: Չնայած վկայակոչելով ՌԴ-ի եւ Արեւմուտքի
մոտեցումները, նա ադրբեջանական ընդդիմության մոտալուտ հաղթանակին այդքան էլ չի հավատում:
Բայց՝ «Ադրբեջանական ընդդիմությունն ապացուցեց, որ ինքը քաղաքական ուժ է, որը կարող
է այդ երկրում կոնկրետ առաջարկներ անել ժողովրդին, նրան գլխավորել»: Իսկ ինչո՞ւ
ՀՀՇ-ն եւ «Արմատը» Հայաստանում չեն ստանձնում ընդդիմության գեներատորի դերը: «Դաշնակցությունը,
կոմունիստները եւ մնացյալ հետադիմականները, դեռ 88-ից՝ շարժման սկզբից, լծվեցին ՀՀՇ-ին
վարկաբեկելու գործին: Դրան գումարվեցին օբյեկտիվ պատճառներ, եւ դժբախտաբար ու բնականաբար
ժողովուրդը հավատաց դրանց: Այս պայմաններում մեր խնդիրը ժողովրդին մեր խոսքն ասելն
է, համոզելն է: Երբ զգանք, որ համոզվել են՝ կնշանակի մեր հեղինակությունը բարձրացել
է, ու մենք մեջտեղ կգանք»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել