Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ ԴՐԱՄԸ»

Նոյեմբեր 05,2005 00:00

«ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ ԴՐԱՄԸ» Սա է նորվեգացու թիվ մեկ խնդիրը՝ ըստ նորվեգահայ Ջիմի Վարթիվարյանի Նախ հակիրճ ներկայացնենք «Առավոտի» հյուրին: Նա ծնվել եւ մեծացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Նորվեգիա բնակության է տեղափոխվել 1975-ին, երբ Բեյրութի գնդակոծումներին չդիմանալով՝ նորվեգացի կինը երկու երեխաների հետ վերադարձել է հայրենիք: Երկար տարիներ է, ինչ Ջ. Վարթիվարյանն աշխատում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի քաղաքապետարանում, ջրերի կառավարման բաժնում: Մասնագիտությամբ ֆոտոթղթակից է: Ջիմիի ակտիվ ջանքերի շնորհիվ Նորվեգիայի կառավարությունն արդեն 4-րդ տարին է, ինչ ֆինանսավորում է հայ աղջիկների ֆուտբոլային թիմերի մասնակցությունը Նորվեգիայի գավաթի խաղարկությանը: Նորվեգացիների եւ այնտեղ ապրող այլազգիների մասին նրա պատկերացումները ընդհանուր էին, այսինքն՝ այնքանով, որքանով մնացած՝ ուրիշների կյանքով հետաքրքրվել չսիրող եվրոպացիներինը: Հայերը՝ Նորվեգիայում Մեզ հետաքրքրող առաջին հարցը Ջիմիին՝ հայ համայնքի մասին էր: Երկրում ապրում է 50-60 հայ, հիմնականում՝ պարսկահայեր: Հայերի մասին նորվեգացիները տեղեկացել են երկրաշարժից հետո, երբ նրանք հայտնվել են Կարմիր խաչի ճամբարներում: «Այդ ժամանակ Կարմիր խաչի հետ հիմնեցինք հայ-նորվեգական մշակութային միություն: Որոշեցինք ակումբ բացել: Իմ միջոցներով բացեցի, կահավորեցի: Բայց միջոցառումներ իրականացնելու համար գումար չհավաքվեց՝ ակումբի անդամները անդամավճար չէին տալիս: Տարեկան ընդամենը 100 կրոն (մոտ 16 դոլար) պետք է տային՝ ձգձգում էին, պակաս էին տալիս: Միության ղեկավար կազմում ընդգրկված էին 3 նորվեգացի եւ 2 հայ: Բայց բոլոր հայերը ձգտում էին վարչության անդամ դառնալ: Տեսա, որ միաբանություն չկա՝ ակումբը նվեր տվեցի եւ դուրս եկա միությունից: Երեք ամիս անց իմացա, որ միությունը լուծարվել է: Դա 1995-ին էր: Ես նորվեգացիների հետ միություն բացեցի եւ զանազան ծրագրեր ենք անում, Զատիկն ու Սուրբ ծնունդն ենք նշում: Օրինակ՝ Հայաստանի աղջիկների ֆուտբոլային խմբերին ամեն տարի նվերներ ենք պատրաստում: Իսկ նրանց խաղերին հայերը չեն գալիս նույնիսկ ծափահարելու: Թե մի բան էլ մի անհատ անի՝ իր անունից է անում, ոչ թե՝ համայնքի»: Այսպիսով՝ Նորվեգիայում հայկական համայնք որպես այդպիսին գոյություն չունի: Յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, մեկուսացած, աշխատելով հնարավորինս շուտ ինտեգրվել նորվեգական կյանքին ու կենցաղին: Հայկական եկեղեցի չկա՝ ցանկացողները գնում են տեղի կաթոլիկ բողոքական եկեղեցին: Նման պայմաններում խոսել դպրոցի կամ լեզվի ու մշակույթի պահպանման-փոխանցման մասին՝ անիմաստ է: Ջիմիի հիշելով, Հայաստանից հյուրախաղերի գնացած վերջին խումբը (եթե կարելի է այդպես անվանել) 10 տարի առաջ ժամանած Խորեն Աբրահամյանն ու իր կինը՝ Գոհար Գալստյանն էին: Նրանք ներկայացրել են մոնո բեմադրություն: Հայերի հին բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի թոռը՝ Էգիլ Նանսենը (Egil Nansen) շարունակում է ընտանեկան ավանդույթն ու ամեն ինչով օգնում Հայաստանին: Նորվեգիայում հայերը զբաղվում են ոչ թե սեփական բիզնեսով կամ առեւտրով, ինչպես ուրիշ երկրներում է, այլ՝ ծառայողներ են: Մանր առեւտուրն այստեղ կենտրոնացած է մոլորակի այլ թեժ կետերից ներգաղթածների ձեռքում: Այլազգիները՝ Նորվեգիայում Նորվեգացիները նախանձախնդիր են այն հարցում, որ այլազգիները նույնպես ենթարկվեն իրենց օրենքներին, պահպանեն այն: Սակայն դա ոչ միշտ է հաջողվում: Այդ է պատճառը, որ ներգաղթածների նկատմամբ սկզբում դրսեւորած ջերմությունն աստիճանաբար վերածվել է սառը հակակրանքի: «Օտարազգիներին, հատկապես՝ մուսուլմաններին չեն սիրում, որովհետեւ նրանք պահանջ դրեցին իրենց մզկիթն ունենալու, իրենց ազգի ձեւով ապրելու համար: Բացի այդ, սկզբում բանկերը վարկ էին տալիս սկսնակ գործարարներին, բայց պակիստանցիները խաբեբայությամբ չվճարեցին ու հիմա օտարներին չեն վստահում»,- պատմեց Ջիմին: Ներգաղթածների հիմնական մասը պակիստանցիներ են: Նրանք, ինչպես նաեւ թուրքերը, հիմնականում զբաղվում են մանր առեւտրով: Ջիմիի ասելով՝ օտարազգիները միմյանց հետ համերաշխ են ապրում, ունեն իրենց կազմակերպված գործող համայնքները: Նորվեգիայի քաղաքացիություն օտարազգիները կարող են ստանալ 8 տարվա բնակությունից հետո, իսկ եթե ամուսնացել են տեղացու հետ՝ 4 տարի անց: Նորվեգացիները՝ Նորվեգիայում Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ բնակչության կենսամակարդակով Նորվեգիայի Թագավորությունը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Մեր լսածով կարելի է ասել, որ այն իրապես ամենասոցիալական երկիրն է, թեպետ սոցիալական քարտի մասին պատկերացում չունեն: Երկրում աղքատություն չկա, մուրացկաններ չկան: «Կան թմրամոլներ, որոնց փողը չի բավականացնում թմրանյութ գնելուն, բայց նրանք էլ վաճառում են էժան նկարներ եւ հուշանվերներ: Անցորդներին դա պետք չէ, ուղղակի գնում են՝ ողորմություն տալու փոխարեն: Իսկ ընդհանրապես ով էլ փորձում է ձեռքը մեկնել՝ ոչինչ չի ստանում: Նորվեգացին չի հասկանում, թե ինչո՞ւ այդ մարդը չի բավարարվում պետության տված նպաստով»,- ասաց Ջիմին: Իսկ նպաստով կարելի՞ է լիարժեք սնվել: Պարզվեց՝ ոչ միայն սնվել, կարելի է նաեւ լիարժեք ապրել եւ նույնիսկ հանգստանալու գնալ: Գործազուրկը տարեկան ստանում է ամենացածրը 20000 դոլար, եթե հիվանդության պատճառով է՝ գրեթե կրկնակի, որը հավասար է նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, մեկ երեխայի համար նպաստը ամսական 50 դոլար է, երկուսի համար՝ 100 եւ այսպես շարունակ: «Այդ պատճառով էլ օտարազգիները հիմնականում չեն ուզում աշխատել՝ շատ երեխաներ են ունենում եւ ապրում նպաստով»,- ասաց մեր հյուրն ու ավելացրեց, որ նորվեգացիներն ունենում են ամենաշատը 3 երեխա: Կենսաթոշակների հաշվման համակարգը շատ բարդ է, նորվեգացիները գլուխները չեն էլ «ցավեցնում» այդ հարցով՝ լիովին վստահելով պետությանը: Նվազագույնը տարեկան 170 հազար կրոն է կամ՝ 25000 դոլար: Թոշակի չափը կախված է աշխատած տարիների թվից, նրանից, թե քանի տարի է նույն տեղում աշխատել, ինչպիսի պաշտոններ է զբաղեցրել եւ այլն: Ցածր թոշակ ստացողների համար իրականացվում են պետական ծրագրեր: Մասնավորապես ամեն շաբաթ նրանք կարող են հավաքվել հատուկ «տուն», որտեղ նախաճաշում են ու ճանապարհվում տուրիստական ուղեւորության՝ տարբեր ուղղություններով: Տարվա մեջ մեկ անգամ արտերկիր հանգստանալու գնալը նույնպես երաշխավորված է: Ընդհանրապես, նորվեգացիները շրջագայել սիրող են՝ նորվեգացու կարելի է հանդիպել աշխարհի բոլոր անկյուններում, տարվա բոլոր եղանակներին: Հիվանդանոցներն այստեղ անվճար են, ավելի շուտ՝ բուժումն ընդհանրապես: Հիվանդանոցներում այնպես են կերակրում ու պահում, որ առողջացածներն անգամ չեն ուզում տուն գնալ: Ճիշտ է, կան նաեւ մասնավոր կլինիկաներ: Դրանք նույնպես ունեն հաճախորդներ, որովհետեւ երբեմն հարկավոր բուժումը ստանալու համար պետք է հերթագրվել՝ «պիկ» վիճակ է: Համեմատություն անելը տեղին չէ՝ կենսամակարդակի տարբերության առումով, բայց նշենք, որ մեկ ատամ հեռացնելը մասնավոր կլինիկայում արժե 50 դոլար: Նվազագույն աշխատավարձը կազմում է ժամը 10 դոլար: Աշխատանքային օրը 7,5 ժամ է: Նորվեգիայի կառավարությունը հետեւում է, որ նույն կերպ վճարվեն նաեւ ներգաղթածները, որպեսզի սոցիալական լարվածություն չառաջանա: Նորվեգացու չափահաս զավակը՝ տղա, թե աղջիկ, ընտանիքից առանձնանում է: Ուսանողների համար գործում են երկարաժամկետ վարկեր՝ սովորելու եւ աշխատելու համար: Նրանց բնակության համար կան ուսանողական հանրակացարաններ՝ էժան, մաքուր, հարմարավետ: Իսկ բնակարան ունենալ ցանկացող յուրաքանչյուրը կարող է օգտվել մինչեւ 30 տարվա հիփոթեքային վարկերից: Երկրի հարստության հիմնական երակը նավթի պաշարն է: Մի խոսքով, որեւէ մեկը չունի հացի խնդիր եւ լարված չի սպասում վաղվա օրվան: Այդ պատճառով էլ բնավորությամբ ուրախ են եւ հանգիստ վիճակ սիրող: Նորվեգացիների ամենասիրելի ուտելիքը ձուկն է: Երկրում մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիական խնդիրներին. Օսլոյում գործարան չկա, բարձրահարկեր՝ նույնպես: Փողոցներն ասֆալտապատվում են ամեն տարի՝ փոշին քչացնելու համար: Նորվեգները, ինչպես եւ հյուսիսային եվրոպացիների մեծ մասը՝ խիստ օրինապահ ժողովուրդ են: «Եթե խախտում անող վարորդը վարչապետն էլ լինի՝ ոստիկանն առանց հապաղելու տուգանում է նրան, եւ դա նորմալ է»,- ասաց մեր զրուցակիցը: Ոստիկանները զենք կրելու իրավունք չունեն եւ, ընդհանրապես, աշխատում են մարդկանց «աչքով չընկնել»: Նորվեգիայում ջրային տնտեսությունը պետական կառավարման ներքո է, իսկ էլեկտրաէներգիա մատակարարողները տարբեր ընկերություններ են՝ մրցակցային աշխույժ դաշտ կա եւ արտոնություններ: Ջիմին ոչ մի կերպ չհիշեց, թե ինչքան արժե 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիան. «Հոգ չէ, հաշիվը կուգա՝ կվճարենք»: Տպավորություններ Հայաստանից «Աղջիկները շատ սիրուն են, լավ հագնված ու շատ հպարտ»,- սա էր 64-ամյա մեր եվրոպացի հյուրի առաջին բառերը՝ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին: Նրան շատ էր դուր եկել, որ «քանիսին ասեցի՝ կգա՞ք Նորվեգիա, ասին՝ ի՞նչ պիտի անենք այնտեղ, էստեղ ավելի լավ է»: Հայաստանում Ջ. Վարթիվարյանը հյուրընկալվել էր 4-րդ անգամ: Արդեն ծանոթ էր շատերին, եղել էր Հայաստանի տարբեր անկյուններում, հանդիպել հոգեւոր առաջնորդներին, մարզաշխարհի վերնախավին եւ Նորվեգիայի դեսպանին: Այս անգամ եկել էր երկար ժամանակով՝ 10 օրով, ու գոհ էր, որ հասցրել է շատ բան տեսնել. «Հարսանիքի եղել եմ, թաղումի եղել եմ, Աշտարակի քաղաքապետի ընտրությունին մասնակցել եմ, քանի մը տուներ հյուրընկալվել եմ, Նորավանքը տեսա, մեկնելուս օրն էլ խաշ ուտելու էինք գնացել: Բոլորը շատ ջերմ են հետս, ինձ լավ կզգամ»: Բայց նաեւ՝ «շուտ հոգնեցի, այստեղ ապրել չեմ կարող, մարդիկ անընդհատ շտապում են ինչ-որ տեղ, ես այդպես չեմ կարող»: Ինչպե՞ս է ներկայացնելու իր տեսածը նորվեգացի ընկերներին. «Ես քարտեզով ցույց եմ տալիս Հայաստանն ու ասում, որ քրիստոնյա երկիր է, որ մենք եղեռն ենք ունեցել եւ այդ ժամանակ է Նանսենը հայ որբերին տեղափոխել Եվրոպա»: Այս ընդհանուր տվյալներից զատ, այլ ասելիք էլ կա. «Հայերը շատ ընտանեսեր, կրոնասեր ժողովուրդ են, մյուսներին չգիտեմ, բայց ինձ հանդիպածները շատ լավ մարդիկ են: Ափսոս, շատ հետամնաց կյանքով կապրեն: Բրավո այս ժողովրդին, որ այսքան դժվար կյանքը կընդունի ու կապրի»: Զրուցեց ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել