Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԴԱՆԴԱՂ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ

Նոյեմբեր 05,2005 00:00

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԴԱՆԴԱՂ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ Պատճառը պղնձաձուլական գործարանի արտանետած գազն է Ալավերդցի Մարտուն Սաքանյանը թոքերը հետազոտել է դեռ խորհրդային տարիներին: Գանգատներ ուներ, եւ պղնձաձուլական գործարանը հիվանդանոցի ուղեգիր տվեց: Թե ինչ ախտորոշեցին բժիշկները՝ այդպես էլ Մ. Սաքանյանը չիմացավ: «Բժշկական տեղեկանքի այդ մասը պոկված հանձնեցին ինձ ու այլեւս որեւէ բուժման չուղարկեցին: Այդ ժամանակվանից թոքերիս պրոբլեմը կա, շունչս կտրվում է»,- ասում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Մ. Սաքանյանը: Խորհրդային տարիներին 27 տարի անցկացնելով էլեկտրոլիզի արտադրամասում՝ նրա թոքերը կլանել են ծծմբային գազի գոլորշին: «Բայց ո՞վ կապացուցի, որ գործարանից եմ հիվանդացել»,- տարակուսում է թոշակի անցած ալավերդցին, որին անհանգստացնում են ոչ միայն թոքերի, այլեւ ստամոքսի խոցի ցավերը: Շնչառությունն ավելի է վատանում, երբ գործարանի ծուխը հասնում է Սանահին-Սարահարթ թաղամաս, ուր ապրում է Սաքանյանը: Ալավերդցիները պատմում են, թե, կախված քամու ուղղությունից, գազը տարածվում է բոլոր թաղամասերում: Սանահին-Սարահարթ թաղամասը չնայած գտնվում է քաղաքի բարձրադիր մասում ու բավական հեռու է գործարանից, հաճախ է ծածկվում ծծմբային գազի ամպերով: «Տնից այդ ժամերին դուրս չեմ գալիս: Եթե գազ է լինում՝ շնչառությունս փակվում է»,- պատմում է թաղամասի 65-ամյա բնակչուհի Սեդա Սիմոնյանը: Գործարանի դռնապահը տասներկու տարվա աշխատանքը թողեց, երբ հիվանդացավ թոքաբորբով: Եվ արդեն յոթ տարի տառապում է ասթմայով: «Ալավերդուն բնորոշ են թոքային հիվանդությունները»,- ասում են տեղում աշխատող բժիշկները: Պղնձաձուլական գործարանի 1977-86 թվականների թերապեւտ Սուսաննա Միկոյանը վկայում է, որ ծծմբային արտադրամասի գրեթե բոլոր աշխատողները մահացել են ուռուցքներից: Մետալուրգիական արտադրամասի աշխատողները հիվանդանում էին թոքերի ուռուցքներով, էլեկտրոլիզի արտադրամասում էլ տարածված էին խոցերը: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության Ալավերդու հսկան աշխատում էր նվազագույն արտանետումներով, երբ գործում էր ծծմբական թթվի արտադրությունն ու թթուն մթնոլորտ արտանետվող ծծմբային գազը կլանում էր 75-80 տոկոսով: 1997-ին վերագործարկված պղնձաձուլականն այսօր շուրջ հինգուկես անգամ պակաս պղինձ է արտադրում: Չի գործում ծծմբական թթվի արտադրությունը ու, բնականաբար, արտադրության ընթացքում ստացված ծծմբային գազն իր ողջ ծավալով մթնոլորտ է արտանետվում, աղտոտում շրջակա միջավայրը: Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի մթնոլորտն աղտոտող ծծմբային գազի միջին տարեկան խտությունը 1997-ից մինչեւ 2004-ը հատել է սահմանային թույլատրելի խտությունը՝ 9,6 անգամ: «Ծծմբային գազը բերանի խոռոչում վեր է ածվում թթվի, անցնում վերին շնչուղիներով ու հասնում թոքեր: Ծծմբական թթուն ազդում է մարդու օրգանիզմի վրա, թուլացնում այն ու իջեցնում դիմադրողականությունը: Միաժամանակ այն բերանի խոռոչում ռեակցիայի մեջ է մտնում եւ առաջացնում աղեր, որոնք էլ քայքայում են ատամնաշարը»,- ասում է ատամնաբույժ Կորյուն Ասրյանը: Բժիշկ-ատամնաբույժ Կորյուն Ասրյանը դեռ տասը տարի առաջ մասնակցել է գործարանի պրոֆիլակտիկ հետազոտություններին ու եզրակացրել. «Նույնիսկ այն դեպքում, երբ գործում էր ծծմբական թթվի արտադրամասը, գործարանի աշխատողներից եւ ոչ ոք նորմալ ատամ չուներ»: Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկը ցավով է նշում, թե ինչպես 18-20 տարեկան ալավերդցիների շրջանում ավելացել են ատամի հիվանդությունները, ի հայտ եկել ատամնաշարի թուլացման դեպքեր: Ալավերդիում «երիտասարդացել» են հիվանդությունները: Գործարանի նախկին թերապեւտ Սուսաննա Միկոյանն այժմ սպասարկում է Սանահին-Սարահարթ թաղամասի շուրջ տասնմեկ հազար բնակչությանը, այս տարածքում առավել տարածված են շնչառական ու թոքային հիվանդությունները: Սկսած 1997-ից՝ դրանք ավելացել են 50 տոկոսով: Բժշկուհին վկայում է, որ բնակիչների տասից ինը ֆարինգիտ ունի: Կանանց յոթանասուն տոկոսի մոտ առկա են ուռուցքներ՝ կա՛մ արգանդն է հեռացվում, կա՛մ ձվարանները, իսկ հղիների շրջանում առավել արտահայտված են թոքային բորբոքումները: Ալավերդիում մահվան դեպքերն ավելի շատ ուռուցքներից են: Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր «ACP» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ասում է, թե մտադիր են սարքավորումներ տեղադրել, որոնք թույլ կտան էապես նվազեցնել արտանետվող ծծմբային գազերի ծավալը: Թե քանի տոկոս նվազեցում կլինի, եւ դա ինչի հաշվին տեղի կունենա, դեռեւս հստակ չէ: Բայց «ACP»-ն գիտակցում է, որ արտանետումների նվազեցման համար անհրաժեշտ է ձեռնարկել գործնական եւ ազդեցություն ունեցող քայլեր: Իսկ դրանք կիրականացվեն առաջիկա երկու տարում: Մինչ այդ՝ ալավերդցին կշարունակի շնչել ծծմբային գազն ու զգալ ծծմբի «համն ու հոտը»: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել