Լրահոս
Օրվա լրահոսը

Մաստարան էլ առաջվանը չէ

Նոյեմբեր 05,2005 00:00

Մաստարան էլ առաջվանը չէ Մաստարացիներն էլ չունեն առաջվա թասիբը 4-5 տարի առաջ էր, երբ «Կարծիք» հեռուստահաղորդաշարը հաղորդում նվիրեց Արագածոտնի մարզի հինավուրց Մաստարա գյուղին: Այդտեղ մի տարեց գյուղացի մոտեցավ Ս. Երիցյանին եւ ասաց. «Պարոն Երիցյան, հոգուդ մեռնիմ, խնդրած կլինեմ, երբ Երեւան կգնաս, մուշտարու աչքով տես մայրուղու երկու եզրերի չմշակած, խոպան մնացած մեր արտերը»: Քանի որ գյուղացիների մեծ մասը միջոց չունի հողերը մշակելու, ստիպված տալիս է ուրիշին՝ մեկ պարկ ալյուրի դիմաց կամ թողնում է խոպան: Այժմ, երբ ամեն ինչ թանկացել է՝ դիզելային վառելիքը 2 անգամ, բենզինը նույնպես, մեխանիզատորներն էլ իրենց աշխատանքի վարձավճարն են թանկացրել: Հիմա յուրաքանչյուր հեկտարի վրա, որպեսզի բերք ստանանք, ծախսվում է 120 հազար դրամից ավելի: Պարզ է, որ գյուղացին այդքան գումար չի կարող ներդնել տարեսկզբից ու սպասել բերքին, այն էլ հարց է՝ կստանա՞, թե՞ կարկուտը կամ մորեխը կտանի: Մաստարան հին, նահապետական գյուղ էր, իսկ հիմա աստիճանաբար դատարկվում է: Բնակիչների մեկ քառորդից ավելին լքել է իր տունը եւ բնակություն հաստատել այլ երկրներում: Իսկ աշխատող երիտասարդ ուժի մնացած մասն էլ արտագնա աշխատանքի մեջ է: Գյուղում կա 200 հեկտարից ավելի ֆոնդային վարելահող, որը բաշխված է հիմնականում ունեւորների միջեւ: Երեւի գաղտնի քաղաքականություն են բանեցնում, որ գյուղացին ստիպված իր հողը տա ունեւորներին, դառնա նրանց ծառան եւ գյուղի եկամուտները կենտրոնանան մի քանի հարուստների ձեռքում: Խորհրդային կարգերի օրոք Մաստարան ծաղկում էր, արդյունաբերական հիմնարկներ էլ կային: Ես այն ժամանակ դպրոցի տնօրեն էի: Մի անգամ պետք եղավ փոխել դպրոցի պատուհանները՝ դիմեցի սովխոզի դիրեկտոր Ժ. Պողոսյանին: Նա ոչ միայն փոխեց լուսամուտներն ու դռները, այլեւ գույք գնեց դպրոցի համար: Հիմա փորձիր դիմել գյուղապետարան՝ քեզնից բարձր կլացեն: Ի՞նչ մնաց մեր բարգավաճող գյուղից՝ քայքայված, ջրափոսերով ճանապարհներ, անկանոն գործող ջրագծեր, շարքից դուրս եկած կոշիկի ֆաբրիկա ու մանկապարտեզներ, վերանորոգման խիստ կարիք զգացող դպրոց, կուլտուրայի տուն, բաղնիք եւ այլ շենքեր: Գյուղում կան գործարար մարդիկ, բայց նրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, ոչ թե մտածում հիվանդների, միայնակների ու որբերի մասին: Գյուղի գործարար տղերքից միայն Կլոսն էր, որ գերեզման տանող ճանապարհին կամուրջ սարքեց, բայց նրա գործը շարունակող չեղավ: Մեր համագյուղացի Ռուզան Ասատրյանը մեզ հետ հանդիպելիս առաջ քաշեց հիմնադրամ ստեղծելու հարցը, բայց դա էլ մնաց օդի մեջ: ԱԺ պատգամավոր մեր մյուս համագյուղացի Խ. Մանուկյանը վերջերս խոստացավ լուծել դպրոցի ջեռուցման հարցը: Էն էլ՝ տեսնենք: Իրոք, մեր հինավուրց գյուղին օգնությունը շատ անհրաժեշտ է, բայց, ցավոք, մեր պատգամավորները, ղեկավար այրերը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գյուղ են մտնում այն ժամանակ, երբ իրենց ձայն է հարկավոր: Բա դա եղա՞վ: ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ Մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել