Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ

Նոյեմբեր 05,2005 00:00

«ՄԵՆՔ ԼԱ՜Վ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ» Պարբերաբար «տեղեկացնում» են գյուղնախարարության պաշտոնյաները, հատկապես՝ օտարերկրացիներից հերթական վարկը կամ դրամաշնորհը ստանալիս: Իսկ դատախազության ստուգումներն այդպիսի «տեղեկություն» չեն հաղորդում: 2003-05 թթ. գյուղնախարարության Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունը թունաքիմիկատների վաճառքի մասնագիտացված խանութ-կրպակներում կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել է բույսերի պաշտպանության համար թույլատրված քիմիական եւ կենսաբանական միջոցների անվանացանկից դուրս վաճառվող՝ մետաֆոս, դնոկ, ցինեբ, մարշալ ապլաուդ, սիլկ, դիխլոֆոս, անաբազին սուլֆատ, բուլդոկ, լոդոս, դոու, սապրոլ եւ այլ տեսակի թունաքիմիկատներ։ Տեսուչների կողմից դրանց վաճառքն արգելվել է, իսկ իրացմամբ զբաղվողները նախազգուշացվել են։ Թունանյութեր վաճառող առանձին խանութ-կրպակներում թունանյութերը վաճառվել են պարենային ապրանքների հետ մեկտեղ, մթերքի շուկաների հարակից տարածքներում, շրջիկ կետերում եւ տներում։ Երբեմն էլ դրանց վաճառքն իրականացվել է առանց համապատասխան թույլտվությունների։ Երկրագործության տեսչությունը հանրապետության մարզերում հայտնաբերել է 50 տ տարբեր տեսակի ժամկետանց, անորակ, արտադրությունից հանված եւ օգտագործման համար ոչ պիտանի բույսերի պաշտպանության միջոցներ, որոնք դասվում են վտանգավոր թափոնների շարքին։ Դրանք թեեւ մեկուսացվել եւ ի պահ են տրվել, սակայն մինչ օրս չեն ոչնչացվել: Այս բացահայտումներն արել է Գլխավոր դատախազությունը՝ տեսչության աշխատանքների ստուգման արդյունքում: 2004թ. դեկտեմբերի 8-ից հետո, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացվել է նոր՝ 2381 հոդվածով, ըստ որի երկրագործության պետական տեսչությանն իրավունք է վերապահվել քննել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ օրինազանցների նկատմամբ նշանակել տույժեր, տեսչությունը, միեւնույն է, բավարարվել է արձանագրություններ կազմելով։ Դատախազությունը պարզել է նաեւ, որ փորձաքննության լաբորատորիայի հավատարմագրման ժամկետը թունաքիմիկատների մասով լրացել է դեռեւս 2002թ. դեկտեմբեր ամսին, սակայն մինչ օրս այն գործում է։ Տոհմային անասնաբուծության գործունեությունը լիցենզավորող՝ գյուղնախարարության հանձնաժողովն ամբողջությամբ չի պահպանել կառավարության 2002 թ. ապրիլի 23֊ի տոհմային անասնաբուծության լիցենզավորման կարգի պահանջները։ Այսպես, տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ստանալու համար «Որդի Արմեն», «Լանդրաս», «Արծրուն-որդի» ՍՊԸ-ները տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգի 8-րդ կետի պահանջների համապատասխան, չեն ներկայացրել տարածքային անասնաբուժական ծառայության կողմից նախատեսված տեղեկանք՝ առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտությունների եւ հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին։ Համայնքներում բավարար չեն մկնանման կրծողների դեմ տարվող պայքարի աշխատանքները։ Այսպես, Արագածոտնի մարզի Կոշ, Գեղարքունիքի մարզի Սարուխան, Տավուշի մարզի Այգեհովիտ եւ Դիտավան, Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքներին թունանյութերը բաժանվել է հողօգտագործողներին եւ չի վերահսկվել դրանց օգտագործման ընթացքը։ Արդյունքում՝ ոչ բոլոր համայնքներն են կատարել պայքարի միջոցառումներ։ Թույլ է եղել նաեւ մարզպետարանների կողմից այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։ Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ոչ մի համայնքում բույսերի պաշտպանության ծառայությունը համայնքների ղեկավարներին գրավոր չի իրազեկել առավել վարակիչ հողահատվածների մասին։ 2003թ. ծրագրի ֆինանսավորման սահմաններում գնումների գործակալությունն անցկացրել է թունանյութերի մատակարարման մրցույթ, որում հաղթող ճանաչված «Զակֆիշ» ՍՊԸ-ն ձեռք է բերել 3825 կգ էթիլֆենացին եւ 1681 կգ սումի ալֆա՝ մատակարարման համար։ Սակայն բույսերի պաշտպանության ծառայության՝ 2003թ. թունանյութերի ներկրումների վերաբերյալ տրված եզրակացությունների մեջ չկա «Զակֆիշ» ՍՊԸ-ի նշված թունանյութերի ներկրման վերաբերյալ փաստաթուղթ, ինչը վկայում է, որ այն ձեռք է բերվել հանրապետության ներսում։ Նույն ժամանակաընթացքում նույն ծավալով էթիլֆենացին է ներկրել «Արիեդա» ՍՊԸ-ն, իսկ սումի ալֆա՝ մի շարք ընկերություններ։ Դատախազությունը պարզել է նաեւ, որ տարեկան հաշվետվությունները ներկայացվել են գրեթե առանց փոփոխությունների, այսինքն՝ ձեւական բնույթ են կրել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել