Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ,

Նոյեմբեր 05,2005 00:00

ԲԻԶՆԵՍ, ՈՉ ԹԵ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Այս սկզբունքով են աշխատում ԶԼՄ-ները Լեհաստանում «Երկու տարի առաջ մեր թղթակիցը փաստեր էր հայտնաբերել, որ առողջապահության նախարարության դեղերի ներմուծման ոլորտում կաշառակերությունը մեծ չափերի է հասնում: Այդ հրապարակումներից հետո նախարարը հրաժարական տվեց: Հետո վարչապետը երեք տարբեր թեկնածություններ առաջարկեց առողջապահության նախարարի պաշտոնում: Երեքն էլ «հարուստ» անցյալ ունեին, ինչի վերաբերյալ նույնպես հրապարակումներ եղան: Ամենամաքուրը չորրորդ թեկնածուն էր, ով մինչ օրս պաշտոնավարում է»,- այս պատմությունը հայ լրագրողներս նախանձով ունկնդրում էինք լեհական հայտնի «Ռեչպոսպոլիտա» թերթի աշխատակից Իզաբելա Կռայի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկացնեմ, որ հայ լրագրողների խումբը հոկտեմբերի 17-28-ը Վարշավայում էր գտնվում «Լեհ-չեխ-սլովակյան համերաշխության հիմնադրամի» հրավերով: Իսկ ունկնդրում էինք նախանձով, որովհետեւ մեր իրականությունում նման դեպքերը բացառվում են: Ոչ այն պատճառով, որ մեզանում կաշառակերություն, կոռուպցիա, չարաշահումներ չկան, եւ, ընդհանրապես, հայ պաշտոնյաները հրեշտակներ են: Ոչ էլ այն պատճառով, որ հայ լրագրողներն իրենց աշխատանքի կամ մասնագիտական որակով զիջում են իրենց լեհ գործընկերներին: Պարզապես՝ Լեհաստանում բարքերն են այլ: Չնայած մեր երկրները սոցիալիստական ճամբարից միեւնույն ժամանակ ձերբազատվեցին, բայց իրենց զարգացման ուղիներով էականորեն տարբերվում են միմյանցից: Լեհական մենթալիտետը ուրիշ է՝ լավ իմաստով: Այդ է պատճառը, որ լեհ պաշտոնյայի բարոյական կերպարը թույլ չի տալիս իր պատասխանատվության ոլորտում առաջացած աղմուկից հետո շարունակել պաշտոնավարել: Մարդիկ պարզապես գիտեն՝ ինչ են ուզում եւ ինչ ճանապարհով պետք է ուզածին հասնել, ի հեճուկս հայ պաշտոնյաների ժողովրդավարության մասին ճառերի եւ սեփական բարեկեցության շարունակական աճին ուղղված անսպառ ցանկությունների: Ուշագրավ մի փաստ. պետական պաշտոնյայի ապօրինությունները բացահայտած «Ռեչպոսպոլիտայի» բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերը Լեհաստանի կառավարությունն է: Անգամ այս պարագայում կառավարությունը ազդեցություն չունի թերթի ուղղվածության եւ քաղաքականության վրա: Միջամտության խնդիր չի դնում նաեւ 51 տոկոսի բաժնետեր նորվեգական կողմը, ուստիեւ բացառվում են Լեհաստանի կառավարության հետ գործարքները: Թերեւս հայերիս համար անհեթեթ թվա համատեղ «փող աշխատելու» այս հնարավորության անտեսումը, բայց հրատարակիչները, դասական իմաստով, գործարարներ են եւ խնդիր ունեն անկախ ու սպառվող թերթ ունենալու: Հետեւաբար՝ Լեհաստանում գոյություն ունեցող գրեթե բոլոր լրատվամիջոցները, բացառությամբ կուսակցականների, որոնք կոնկրետ ուղղվածություն ունեն, զերծ են քաղաքական գործիչների կամ պետական այրերի ազդեցություններից: Այս տեսակետին մեզ հետ զրույցներում համաձայնում էին նաեւ մեր լեհ գործընկերները: Լեհական լրատվամիջոցների «բերանը չես փակի» նույնիսկ խոշոր գովազդատուով: Բանն այն է, որ լրատվամիջոցի գովազդի բաժինը առանձին աշխատող մարմին է եւ երբեւէ չեն համադրվում տեղեկատվությունն ու գովազդը: Կողք կողքի կարող են լույս տեսնել նույն խնդրի վերաբերյալ գովազդային եւ լրագրողական հոդվածները: Հետաքրքիր է պետական մարմինների հետ գովազդային աշխատանքի կազմակերպման ձեւը: Տարեսկզբին պետական գերատեսչությունը տվյալ տարվա իր գովազդները տպագրելու մրցույթ է հայտարարում: Լրատվամիջոցներն էլ հայտեր են ներկայացնում: Հաղթողների հետ կնքվում են պայմանագրեր, որոնք ոչ ուղղակի, ոչ էլ ստվերային կերպով չեն կարող ազդել տվյալ գերատեսչությանն առնչվող լրագրողական նյութերի բնույթի վրա: «Ֆակտ» թերթի պատասխանատու քարտուղար Յան Դոմանեւսկին լեհական լրատվամիջոցների անկախության գրավականը համարում է ոլորտում հսկայական արտասահմանյան կապիտալի գոյությունը: Տեղական կապիտալով ստեղծված թերթերը եւս որեւէ մեկի կամ որեւէ խմբավորման շահերի ու հետաքրքրությունների քարոզիչն ու տարածողը չեն: Լեհ «փողատերերը» այս ոլորտում գումարներ են ներդնում ինչպես ցանկացած այլ ոլորտում՝ շահույթ ստանալու համար: Պարոն Դոմանեւսկու կարծիքով՝ լեհական լրատվական դաշտի N1 խնդիրը մասնագետ-իրավաբանների բացակայությունն է՝ «Անկախ լրատվամիջոցները 15 տարի է՝ կան, բայց իրավաբան-մասնագետները սակավ են»: Դա, իհարկե, չի խանգարում, որ դատական պրոցեսներում լրատվամիջոցները հաղթանակներ տանեն, անգամ «խոշոր ձկների» հետ «մենամարտելիս», քանզի իրեն հարգող լրատվամիջոցը չի հրապարակում պատահական եւ չստուգված տեղեկություններ: Հետաքրքիր է լեհական լրատվամիջոցների բազմազանությունը: Հրատարակվում են թերթեր, ամսագրեր, պատրաստվում են հեռուստառադիո հաղորդումներ՝ ամենատարբեր լսարանների համար: Ուշագրավ էր հատկապես հասարակական ռադիոյի առաքելությունը՝ կրթական ուղղվածությունը, ինչն իրականացվում է մշակութային ծրագրերի միջոցով: Չնայած այդ ծրագիրն ամենափոքր լսարանն ունի եւ համարվում է «վնասով աշխատող», բայց մյուս ծրագրերից ստացվող հիմնական ֆինանսական միջոցները հենց այս ուղղության զարգացմանն են տրվում: Թերեւս սա այն դեպքն է, երբ ասում են. «ԼչՐՈ րՑՏՌՑ րՉպփպռ»: Լեհաստանում գոյություն ունի նաեւ «Անտի ռադիո»: Այստեղ մեզ բացատրեցին, որ իրենք խոսում են այն երեւույթների մասին՝ քաղաքական, մշակութային, հասարակական, ինչը, ասենք, այլ ռադիոալիքներ եթեր չեն արձակում՝ համարելով ոչ կոռեկտ: Լեհաստանում արդեն մրցակցային սկզբունքով զարգանում են անվճար թերթերը: Բիզնես-դաշտը գրավելու նպատակով հրատարակիչներն այս ուղղությանը մեծ դեր են տալիս: Անվճար թերթերում գովազդի գները համարյա չեն տարբերվում վճարովի լրատվամիջոցների գովազդի գներից: Հայտնի «Ագորա» կոնցեռնի մեջ մտնող, երեք տարվա կենսագրություն ունեցող վարշավյան «Մետրո» անվճար թերթի գլխավոր խմբագիր Մառլենա Ֆիլիպցակը հավաստիացնում է, որ գովազդով ոչ միայն ծախսերն են փակում, այլ եկամուտներ ստանում: Թերթի հիմնական առաքելությունը տեղական խնդիրների լուսաբանումն է: Լրատվամիջոցների տարածման խնդիրը մեր լեհ գործընկերները յուրովի են լուծել: Գոյություն ունի մամուլի տարածման երեք գործակալություն, որից ամենամեծը պետական է: Վերահսկողություն իրականացնելու համար 1994-ին լեհ լրագրողները ստեղծել են անկախ վերահսկողական մարմին: Դրան անդամակցում են սեփական վարկով եւ հեղինակությամբ մտահոգ հրատարակիչները, թերթերը եւ ամսագրերը: Լրատվամիջոցի անդամակցությունն այս կառույցին՝ վստահություն է ներշնչում գովազդատուներին: Ընդ որում, կառույցում ամեն ինչ հիմնված է ազնիվ խոսքի վրա եւ համատեղ ջանում են պահել ազնիվ մրցակցությունը: Եթե ներկայացված հաշվետվությունների եւ շուկայի վերլուծության արդյունքները տարբերվում են, ապա վերաբերմունքն այդ լրատվամիջոցի նկատմամբ էականորեն փոխվում է: Խնդիրներ են առաջանում արդեն հրատարակիչների հետ, ուստի բոլորի շահերից է բխում իրականությունը չխեղաթյուրել: Մրցակցության յուրահատուկ ձեւ էին մտածել «Գազետա վիբորչա» թերթում՝ ժամանակ առ ժամանակ տարբեր լազերային սկավառակներ էին կցվում թերթին: Չնայած գործընկերները համարում էին, որ այդպիսով «փչանում» է մրցակցային շուկան, թերթի քաղաքական բաժնի խմբագիր Յան Ֆուսիեցկին կարծում է, որ դա շուկայի պահանջարկն է, ինչի հետ պետք է հաշվի նստել: Ի դեպ, այս թերթն ունի 250-600 հազար տպաքանակ: Կախված օրվա պահանջարկից՝ օրական որոշվում է, թե քանի օրինակ պետք է տպագրել: Այս թերթի գովազդային հավելվածը սովորաբար ավելի ծավալուն է, քան բուն թերթը: Լեհական փորձից ի՞նչը կիրառելի կլինի Հայաստանում: Ըստ իս՝ հայկական լրատվական դաշտի կայացման հիմնական խոչընդոտը կամքի բացակայությունն է՝ լրատվամիջոցը քարոզչամիջոցից բիզնեսի վերածելու: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել