Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողգործիքները

Նոյեմբեր 05,2005 00:00

Ժողգործիքները վերադառնում են Որպեսզի վերականգնվի ժողովրդի «այցեքարտը» Նորանկախ Հայաստանի առաջին տարիներից սկսած՝ վերացան հայկական ժողովրդական նվագարանները, բացառությամբ դուդուկի: 90-ականների կեսերին դադարեց գործել 1978թ. հիմնադրված Հայաստանի պետական ժողգործիքների նվագախումբը: 21-րդ դարասկզբից Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի վաստակաշատ կոլեկտիվ Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը մի կարգավիճակում է, որը կարելի է ներկայացնել այսպես՝ «անունը կա, ամանում չկա»: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ժողգործիքներ նվագախումբ՝ որպես այդպիսին, այս տարիներին հանդիպել ենք միայն Երեւանի պետկոնսերվատորիայի նվագախմբին՝ տարբեր համերգներում: Գործի փոխարեն, շուրջ 15 տարի տարբեր ատյաններում միայն բարձրաձայնվում էր, որ առաջին հերթին ժողովրդական արվեստն է աշխարհում մեր ազգի այցեքարտը: Ժողգործիքների մոռացության փաստը վերջապես հուզեց մեր կառավարությանը: Արդեն Երեւանում հայտնվել է հայտագիր, որը նոյեմբերի 20-ին հրավիրում է «Ա. Խաչատրյան» համերգասրահ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգ-շնորհանդեսին: Հանդիպեցինք նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նորայր Դավթյանին: Նա շուրջ 25 տարի աշխատել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբում, ապա 1984թ. ստանձնել կոնսերվատորիայի նվագախմբի ղեկավարությունը: Զրույցի սկզբում գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ ավելի քան մեկուկես տարի առաջ անցկացվել է ժողգործիքների երաժիշտների մրցույթ, որի արդյունքում ընտրված 20 երաժիշտ՝ ոգեւորված նոր նվագախմբի գաղափարով, սկսել են իրենց փորձերը: «Հետագայում հրավիրեցի կոնսերվատորիան ավարտած եւ դեռ ուսանող երաժիշտների, որի արդյունքում արդեն ունենք 40 երաժիշտ, ասել է թե՝ պետական այս նվագախմբի կազմը ամբողջական է»,- հայտնեց Ն. Դավթյանը: Նա նշեց, որ նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է երգահան Արա Գեւորգյանին: «Մտահոգված լինելով ժողգործիքների, մեղմ ասած, վերացման ու ժողովրդական արվեստի ավանդույթների պահպանման ու պրոպագանդման հարցերով, ինձ եւ Արային ընդունեց մշակույթի նախարարը, խոստանալով նվագախմբին տալ պետական կարգավիճակ, ինչը օրինականացվեց այս տարվա ապրիլին»,- պատմեց երաժիշտը: Հետաքրքրվեցինք նվագախմբի երաժիշտների պետական աշխատավարձի չափով եւ մեներգիչների հաստիքներով: «Երաժիշտների աշխատավարձը կազմում է 15-30 հազար դրամ, իսկ հաստիքով երգիչ-երգչուհի նախատեսված չէ: Համերգ-շնորհանդեսին եւ հետագայում եւս, եթե կլինի անհրաժեշտություն, երգիչ-երգչուհիներ կհրավիրվեն: Նոյեմբերի 20-ին հրավիրված են ավագ սերնդի ճանաչված եւ երիտասարդ մեներգիչներ»,- ասաց Ն. Դավթյանը: Նա նշեց նաեւ, որ զուտ նվագախումբ ունենալու անհրաժեշտություններից առաջնայինն այն է, որ ժողգործիքների երաժիշտները իրենց զգան բացարձակ լիարժեք արտիստ՝ բառի իսկական իմաստով, այլ ոչ թե կատարեն միայն նվագակցողի դեր: «Ընդհանրապես, ծրագիր կազմելիս, կընդգրկվեն ժողովրդական, աշուղա-գուսանական, հայ կոմպոզիտորական ճանաչված ու սիրված ստեղծագործություններ եւ, որ ամենակարեւորն է, նվագախմբի հետ որպես մենակատար գործիքներ՝ կհնչեն քանոնը, շվին, թառը, քամանչան եւ մեր մյուս ժողնվագարանները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել