Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԳԻՐ՝

Նոյեմբեր 05,2005 00:00

ՎԵՐՋՆԱԳԻՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հանգստյան օրերին իշխանությունները մտածելու բան ունեն. եթե նրանք բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի մասին կառավարության թիվ 975 որոշումը կասեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեն, ապա երկուշաբթի օրվանից կսկսվեն դասադուլներ: Այս մասին երեկ հայտարարեցին Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհրդի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Քաղաքագետների ու միջազգայնագետների հայկական ասոցիացիայի անդամները: Նրանք երեկ մայր բուհի առաջ կազմակերպել էին ակցիա, ինչին խոչընդոտելու համար տարբեր ֆակուլտետների ուսխորհուրդների նախագահներ, առանձին դասախոսներ ջանք չէին խնայում՝ նրանք պարզապես ուսանողներին հավաքում-տանում էին դասի, իսկ ԵՊՀ պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը լեզվակռվի մեջ էր մտել կազմակերպիչների հետ՝ խորհուրդ տալով պայքարի ցիվիլ տարբերակ ընտրել: «Թող մեզ դահլիճ տրամադրեն, գնանք ցիվիլ ձեւով խոսենք»,- ի պատասխան ասացին ուսանողները: Արդյոք անիմաստ չէ՞ շարունակել պայքարը, երբ բուհերն արդեն գրեթե վերջնականորեն ձեւավորել են խորհուրդների կազմը, իսկ ընդամենը 1 օր առաջ երկրի նախագահն ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր բուհական խորհուրդների կազմում ուսանողներին նույնիսկ չափից ավելի տեղ է հատկացված: Այ, օրինակ, այլ երկրներում նրանց թիվը 5-10 տոկոսը չի անցնում, իսկ մեզ մոտ՝ մի ամբողջ 25 տոկոս: Իսկ, օրինակ, Ամերիկայում, ուսանողներն իրենք են գնում «գուբերնատորին» խնդրում, որ գա, իրենց բուհի խորհուրդ մտնի, որ իրենց լավ նայի: Երեկվա ակցիայի կազմակերպիչների մտավախությունն այն է, որ այս որոշմամբ՝ բուհերը քաղաքականացվում են: «Կոչ ենք անում իշխանություններին՝ քաղաքական երանգ չտալ այս խնդրին, մենք խնդիր չունենք պահելու որեւէ բուհի ռեկտորի, պաշտպանելու որեւէ թեկնածուի: Մեզ համար կարեւոր է, որ բո՛ւհը որոշի, թե ով է լինելու իր ղեկավարը: Կառավարությունն այս որոշումն ընդունել է ֆինանսական լծակներին տիրապետելու համար: Որոշման հիմնական նպատակն է՝ բաժանել բուհերը՝ ըստ կոալիցիոն սկզբունքի. մի մասը տալ ՀՀԿ-ին, մի մասը՝ ՕԵԿ-ին: Իսկ բուհը երբեւէ չպետք է կցորդ լինի որեւէ կուսակցության, որովհետեւ կուսակցությունները գնացող են, իսկ բուհը միշտ պետք է մնա: Բուհի ծրագրերը ինչ-որ կուսակցական գործիչներ չպետք է որոշեն»,- իր ելույթում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արեն Մանուկյանը: Կազմակերպիչները բնավ էլ չեն կարծում, որ այս պահին իրենց պայքարը ժամանակավրեպ է. «Եթե ուշ լիներ, այսօր մեզ չէին խանգարի ակցիա կազմակերպել: Խորհուրդների կազմի ցուցակները կան, բայց դեբատների մեջ են, ոչինչ վերջնական չէ»,- ասում է Քաղաքագետների ու միջազգայնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Արման Վարդանյանը: Նա նաեւ չի վախենում, որ այս ամենից հետո կարող է խնդիրներ ունենալ ասպիրանտուրա ընդունվելու հարցում. «6-րդ վարչության հետ ենք գործ ունեցել (հիշեցնենք, որ մի քանի անգամ 6-րդ վարչություն է կանչվել պայքարի ակտիվիստ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը- Հ. Բ.): Եթե այդքանից հետո էլի պայքարում ենք, դրանից ավել ի՞նչ պետք է անեն: Քրեական գո՞րծ պետք է հարուցեն: Եթե ասպիրանտուրա էլ չթողնեն, կգնանք Մոսկվայում կպաշտպանենք»: «Եթե իշխանությունները հաշված օրերի ընթացքում չտան պատասխան (շաբաթ-կիրակի ժամանակ ենք տալիս), ապա մենք անցնելու ենք պայքարի այն մեթոդին, որը կոչվում է դասադուլ»,- հայտարարեց Վարդան Խաչատրյանը: Մեթոդը շատ դուր եկավ հավաքվածներին, որոնցից ոմանք գաղափար անգամ չունեին կառավարության որոշման մասին: «Դասադուլը լինելու է նախազգուշական եւ հետապնդելու է մեկ նպատակ՝ մենք չենք ուզում վնասել բուհական համակարգին, սակայն եթե սկսվելու է բուհերի քաղաքականացումը, նրանց քաղաքական կեղեքումը, եթե մեզանում տեղի է ունենալու այն ամենը, ինչ տեղի է ունեցել դպրոցներում՝ օպտիմալացում եւ այլն, այստեղ մենք չենք հանձնվելու: Իսկ եթե մեր պահանջներին իշխանությունները չեն պատասխանի, ապա դասադուլը կլինի շարունակական եւ կհանգեցնի ուղղակի ճգնաժամի երկրի ներսում: Մենք հետ գնացող չենք»,- ասաց Վ. Խաչատրյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել