Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցում են աղջիկներով

Նոյեմբեր 05,2005 00:00

Մրցում են աղջիկներով Հայերը արտադրում են, բայց ցուցադրելու կուլտուրա չունեն Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց կառավարության շենքում նոյեմբերի երկուսին բացված «ԱրմպրոդԷքսպո-2005» հերթական ցուցահանդեսը: Մասնակցում էին 59 տեղական եւ 5 արտերկրի ձեռնարկություններ, որոնք հիմնականում ներկայացրել էին խմիչք ու գյուղմթերք: Մինչ նախագահի ժամանումը՝ սրահում մեծ թվով հյուրեր էին շրջում, որոնց թվում եւ դեսպաններ, սակայն ցուցահանդեսում իրենց արտադրանքը գովազդող ընկերությունները համտեսել ցանկացողներին «տոն» չէին տալիս՝ սեղանների գեղարվեստական ձեւավորումը չփչացնելու համար: Ընդհանրապես վերջերս նմանատիպ միջոցառումների ժամանակ ընկերությունները փորձում են իրենց տաղավարների վրա ուշադրություն գրավել ոչ թե որակյալ, լավ արտադրանքով կամ մատուցման, հյուրասիրելու կուլտուրայով, այլ՝ «վուլգար» հագնված ու պճնված աղջիկներով՝ հույս ունենալով շահել նախագահի կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի համակրանքը. նախագահը ինչքան երկար կանգնի տաղավարի մոտ, համտեսի, հարցուփորձ անի, այնքան տվյալ ընկերության արտադրանքի համար գովազդ կապահովվի: Օրինակ՝ երեկ «Արզնի կաթ» ընկերությունը իր արտադրանքը կիսահագնված աղջիկների հաշվին էր գովազդում: Վերջիններս, իրար հերթ չտալով, Ռ. Քոչարյանին կաթնամթերք էին հրամցնում: Այդուհանդերձ, նախագահը անկախ հյուրասիրողի սեռից, ալկոհոլային խմիչքների տաղավարում երկար կանգ առավ ու մասնավորապես նրան հետաքրքրեց կոնյակի տեսականին: Հյութ արտադրող տեղական «Նոյան» ընկերության ներկայացուցիչ Էդվարդ Ղազարյանը Ռ. Քոչարյանին դժգոհեց, որ հյութ ներկրող ընկերությունների համար մեր երկրում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված, քան տեղական արտադրողի: Ըստ նրա՝ այդ է պատճառը, որ արտերկրում մրգերի հարուստ տեսականիով ճանաչված լինելով հանդերձ, հայկական հյութերը շուկայի ընդամենը 20 %-ն են կազմում: Ուշագրավ է, որ ցուցահանդեսում Երեւանի կոնյակի գործարանի ավանդական տեղը այս տարի զբաղեցրել էր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի արտադրանքը: Նախագահի՝ տաղավարում հյուրընկալվելուց հ ետո էլ տաղավարատերերն առանձնապես հյուրասեր չէին եւ «քիթ ու մռութով» էին վերաբերվում, երբ սովորական հյուրերը փորձում էին այս կամ այն սննդատեսակից օգտվել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել