Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դարձյա՞լ կտուժի Հայաստանը

Նոյեմբեր 05,2005 00:00

Դարձյա՞լ կտուժի Հայաստանը Իրանի նախագահի ռազմատենչ հայտարարության ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա: Հայաստանի Հանրապետության հարեւան երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի՝ «Աշխարհն՝ առանց սիոնիզմի» կոնֆերանսում արած հայտնի հայտարարությունը, թե սիոնիզմը ռասիստական գաղափարախոսություն է՝ միտված համաշխարհային գերակայությանը եւ, հետեւաբար, պետք է աշխարհի երեսից ջնջել սիոնիստական երկրները, մասնավորապես՝ Իսրայելը, մեծ իրարանցում առաջացրեց աշխարհում՝ բացի Հայաստանից: Հասկանալի է հարեւան երկրների արտաքին եւ ներքին քաղաքականությանը չմիջամտելու քաղաքականությունը, հասկանալի է լռության դիվանագիտությունը: Սակայն քանի որ խոսքը մեր անմիջական հարեւանի եւ ԱՄՆ-ի պես գերտերության միջեւ արդեն վաղուց ծագած լուրջ հակամարտության մասին է, որին ակամա կարող է ներքաշվել նաեւ Հայաստանը, ենթադրվում էր, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պիտի որ գոնե որոշակի պարզաբանումներ տար իրադարձությունների հնարավոր զարգացման մասին: Սակայն ԱԳ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը մեր հարցին՝ ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ արձագանքե՞լ է վերոնշյալ հայտարարությանը, կարճ կապեց՝ «Ոչ»: «Ինչու՞»: «Չի արձագանքել, եւ վերջ»,- հնչեց սպառիչ պատասխանը: Քանի որ պաշտոնական աղբյուրները դեռ շարունակում են լռել, պարզաբանումների համար դիմեցինք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանին՝ խնդրելով ներկայացնել ԻԻՀ նախագահի հայտարարությանը հաջորդող հնարավոր զարգացումները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: «ԻԻՀ նախագահի հայտնի հայտարարությունը հատկապես անհարմար վիճակի մեջ դրեց այդ երկրի մերձավոր դաշնակից Ռուսաստանին, որի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ նույն ժամանակ գտնվում էր Մերձավոր Արեւելքում՝ փորձելով կարգավորել արաբա-հրեական հարաբերությունները: Միեւնույն ժամանակ, քննարկվում էին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, եւ Ռուսաստանի արտգործնախարարը պնդում էր, թե դա ընդամենը խաղաղ ատոմի ծրագիր է»: Հայտարարությանը, բնականաբար, հետեւեց այն, որ բոլոր երկրներում ԻԻՀ դեսպաններից փորձեցին պարզաբանումներ ստանալ: Հասկանալի է, որ դեսպաններից ոչ ոք ոչինչ ավելի չէր ասում՝ բացի այն, որ դա ընդամենը Էմամ Խոմեյնու խոսքն է, որը եւս մեկ անգամ կրկնել է Մահմուդ Ահմեդինեջադը եւ որ ԻԻՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի իր պարտավորություններին եւ երբեք որեւէ այլ երկրի՝ ուժի կիրառմամբ չի սպառնացել: Ըստ Գոհար Իսկանդարյանի՝ Իրանի նախագահի հայտարարության թողած անախորժ տպավորությունն ու հետեւանքները ԱՄՆ-ը կփորձի կարգավորել նախեւառաջ դիվանագիտական խողովակներով, քանի որ նոր՝ ուժային ճակատ բացելուն ԱՄՆ-ին /գոնե հիմա/ մի շարք խնդիրներ են խոչընդոտում: Այդ խնդիրների շարքում են նախեւառաջ՝ Իրաքի խնդիրը, Աֆղանստանի իրավիճակը, Ուզբեկստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, Ադրբեջանում կայանալիք ընտրությունների արդյունքները եւ, վերջապես, ԱՄՆ-ում տեղի ունեցած բնական արհավիրքները: Այսպիսով՝ գոնե առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն զերծ կմնա Իրանի հետ ուժի դիրքերից խոսելուց: Սակայն ԱՄՆ-ը կարող է ֆինանսական միջոցներ ներդնել եւ Իրանում ներքին խռովությունների ալիք հրահրել՝ լինի դա ուսանողական շարժման կամ Իրանի ադրբեջանցիներին ոտքի հանելու միջոցով: Արեւելագետի կարծիքով՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առաջ, քանի որ, որոշ տվյալներով, այդ դեպքում ԱՄՆ-ը կփորձի որպես ռազմական հենարան օգտագործել Ադրբեջանի տարածքը: Սա նշանակում է լուրջ գումարներ ներդնել Ադրբեջանի ռազմական բազան հզորացնելու համար, ինչին կարող է հետեւել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ հայերիս համար ոչ բարենպաստ լուծման պարտադրումը: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել