Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝

Նոյեմբեր 05,2005 00:00

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ՄԻ ՓՈՔՐ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴ Երեկ Կամերային երաժշտության տանը ամփոփվեցին ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի հովանավորությամբ անցկացված դպրոցականների ստեղծագործական աշխատանքների եւ ասմունքի հանրապետական փառատոնի արդյունքները: Թեեւ ստեղծագործական մրցույթի թեմայի ընտրությունն ազատ էր, այնուամենայնիվ այն անցկացվել էր «Ոսկեղենիկ հայոց լեզուն» խորագրի ներքո: Մրցույթի հանձնաժողովի անդամ, ՀԳՄ նախագահ Լեոն Անանյանը գնաց-հասավ հայոց պատմության խորքերը՝ հիշեցնելու համար, որ «բարձրաշխարհիկ տիկնայք միշտ հովանավորել են մեր ճարտարապետական ու հոգեւոր կոթողները, ու մեր առաջին տիկինը այդ ավանդույթը վերահառնում է»: Այնուհետեւ բեմից տեղաց բուռն շնորհակալությունների ու գովաբանությունների տարափը, բնականաբար ո՛չ աշակերտների հասցեին: «Մենք այսօր բոլորս միասին շնորհակալություն հայտնելով տիկին Բելլա Քոչարյանին եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ պիտի մեր ջանքերը կրկնապատկենք, որպեսզի ամենքս մեր տեղում կարողանանք ազգապահպան քաղաքականության արդյունքը ստանալ… Ամեն տարի պիտի խնդրենք տիկին Բելլա Քոչարյանին, որ հնարավորություն ունենանք այս փառատոնը իրականացնել ու ավանդական դարձնել»,- ասաց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը: ՀՀ առաջին տիկինը Վռամշապուհ արքայի մրցանակ հանձնեց կապանցի դպրոցական Իննա Ասատրյանին, որի «Իմ հին ու նոր պատմությունը» ակնարկը հուզել էր իրեն: Լեւոն Անանյանը Սահակ Պարթեւի անվան մրցանակ հանձնեց երեւանցի դպրոցական Տաթեւ Չախչախյանին, իսկ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը՝ մեկ այլ երեւանցու՝ Մարիաննա Վարդանյանին հանձնեց Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ: Պարոն Անանյանը գովաբանեց ոչ միայն վերջին 15 տարիներին կրթական համակարգում կատարված բարեփոխումները, այլեւ շեշտեց «Ոսկեղենիկ մեր լեզուն» դպրոցական հանրապետական մրցույթի կարեւորությունը: «Ես մտավորականության, մասնավորապես գրողների անունից սրտագին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ առաջին տիկնոջը»: Լեւոն Անանյանը զուգահեռներ տարավ 5-րդ եւ 21-րդ դարերի միջեւ եւ բազում ընդհանրություններ տեսավ: Օրինակ՝ այն, որ 5-րդ դարում էլ գլոբալիզացիա կար՝ մի քիչ այլ դրսեւորումներով: Եվ եթե այն ժամանակ հայ եկեղեցին ի դեմս Սահակ Պարթեւի կռիվ էր տալիս ազգային ինքնության պահպանման համար, հիմա նույնը անում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, եթե 16 դար առաջ Վռամշապուհ արքան էր մտահոգ այդ խնդրով, հիմա հայոց պետականությունը՝ ի դեմս ԿԳ նախարարության եւ Սերգո Երիցյանի: Նաեւ, ըստ Անանյանի, հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի շուրջ համախմբված մտավորականության գործը այժմ անում է Հայաստանի գրողների միությունը: Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը հատուկ մրցանակ շնորհեց «Իմ Չարենցը» շարադրության հեղինակ, սարուխանցի Նարեկ Բադալյանին: Ասմունքի համար սահմանված լավագույն մրցանակները հանձնվեցին Գյումրիից՝ Դերենիկ Թոսունյանին, Կապանից՝ Մանե Դավթյանին եւ Վանաձորից՝ Մանե Մուսինյանին: Կային նաեւ խրախուսական մրցանակներ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել