Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ

Նոյեմբեր 05,2005 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն ԵՐԿԻՐ Է Երեկ շարունակվեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ կազմակերպած «Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համար» թեմայով միջազգային գիտաժողովը: Օրվա մեխը ազգությամբ թուրք, ԱՄՆ Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն, «Հայացք Թուրքիային» պարբերականի խմբագիր Սուատ Կինիկլիօղլուի զեկույցն էր՝ «Թուրքիան ԵՄ-ում. հնարավորություններ Հարավային Կովկասի համար» թեմայով: Բանախոսի համոզմամբ՝ դեպի ԵՄ մղումներում Թուրքիան բավական փոխվել է՝ ազատություններ են տրվել փոքրամասնություններին, մարդու իրավունքներն են հարգվում, բանտերի վիճակն է փոխվել եւ այլն: Որ դեռ թերություններ կան՝ նա չի ժխտում: Պարոնին զարմացնում է, սակայն, թե ինչու են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները թուրքական իրականությունն այլ կերպ ներկայացնում. «Թուրքիան բաց եւ ժողովրդավարական երկիր է»,- հայտարարեց նա: Կինիկլիօղլուն կարծում է, որ Թուրքիան Եվրոպայի դուռը թակել է ամենավատ ժամանակ, քանի որ Եվրոպան դեռ չի մարսել նոր ընդլայնումը: Բայց դա նրան չի խանգարում լավատես լինել՝ «Թուրքիայի շրջապատում բոլորը ժողովրդավար են դառնում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Վրաստանում, Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացներ են ընթանում: Ընդլայնված Եվրոպայում չեն ցանկանում ապրել օլիգարխների ներքո՝ փոքր եւ փակ հասարակություններում»: Բանախոսը չի կարծում, որ «15 թվականի իրադարձությունների» հարցն անմիջականորեն կդրվի Թուրքիա-ԵՄ բանակցությունների սեղանին, եւ նկատեց. «Այդ հարցը որքան անուղղակի քննարկվի, այնքան հայ-թուրքական հարաբերությունները կմնան բարիդրացիության տիրույթում»: Կիպրոսի խնդրի առկայությամբ Թուրքիա-Հունաստան հարաբերությունների օրինակով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բանախոսը հնարավոր է համարում միայն «Ադրբեջանին՝ «գրավյալ տարածքներից» գոնե երկու շրջան վերադարձնելուց» հետո: Նկատի ունենալով Հայաստանում թուրքական ապրանքների մեծածավալ առկայությունը, նա փաստում է անուղղակի առեւտրի գոյության մասին եւ կողմ է սահմանների բացմանը: Ավելին, անհրաժեշտ է համարում Թուրքիա-Հայաստան երկխոսությունը, բայց առանց միջնորդների եւ ոչ «15 թվականի իրադարձությունների» հիմքով: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել