Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Այո»՝

Նոյեմբեր 05,2005 00:00

«Այո»՝ շոու շարքից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի ապշեցուցիչ բացահայտում արեց: Սահմանադրական փոփոխությունների օգտակարության քարոզի ամենաբուռն պահին, հուզմունքից դողացող ձայնով, նա ասաց. «Ես անկեղծորեն պետք է ասեմ, թեկուզեւ ինչ-որ մեկն էլ ինձնից նեղանա, մեր դատարաններն այսօր անկախ չեն»: Օսկանյանի այս հայտնագործությունը հավանաբար նպատակ ուներ ներկաներին համոզելու, որ առաջիկա հանրաքվեի «այո» արդյունքի դեպքում Հայաստանի դատարաններն աշխարհի ամենաանկախ կառույցներն են դառնալու: Հետաքրքիր է, որ սույն միտքն արտահայտելիս պրն Օսկանյանը ափսոսանքով նշեց, որ հիմա դրա պատճառով ինչ-որ մեկն իրենից կնեղանա: Մինչդեռ այն, որ տարիներ շարունակ մեր դատարանների անկախության մասին խոսելու, իսկ այժմ էլ հակառակը պնդելու արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ, տեւականորեն մոլորեցվելու համար, կարող են լրջորեն նեղանալ նրանից ու առհասարակ՝ ՀՀ իշխանություններից, դա արտգործնախարարին հավանաբար չի հետաքրքրում: Իհարկե, սա միակ «կիքսը» չէր, որ երեկվա հանդիպման ժամանակ թույլ տվեց Վարդան Օսկանյանը: Օրինակ՝ խոսելով սահմանադրական այն նոր դրույթի մասին, որի կիրարկմամբ, ըստ ընդդիմախոսների, հնարավոր են դառնում հանրապետության սահմանների հետագա փոփոխությունները, Օսկանյանը բերեց Վրաստանի հետ մեր ունեցած սահմանի օրինակը: Ըստ այդմ, ՀՀ-Վրաստան սահմանը դեռեւս վերջնականապես ճշգրտված չէ, եւ այն ճշգրտելուց հետո, համաձայն վերոհիշյալ նորմի, սահմանի վերջնական տեսքը պետք է ներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Մեր ապագա դիվանագետներին պարզաբանենք, որ բերված օրինակը սկզբունքորեն սխալ է, քանի որ Վրաստանի պարագայում խոսքը ոչ թե սահմանների փոփոխման, այլ նշագծման (դեմարկացիա) մասին է: Սա, ինչպես ԱԳ նախարարն է ասում, «փովանդակային հարթակից»: Այժմ մի քանի խոսք՝ այլ «հարթակներից»: Խոսելով հանրաքվեի «ոչ» արդյունքի հնարավոր հետեւանքների մասին՝ Օսկանյանը, հետեւելով դրանից ընդամենը մեկ օր առաջ նույն համալսարանում իր շեֆի տված պատասխաններից չշեղվելու սկզբունքին, վերահաստատեց, թե այդ դեպքում «աշխարհն, իհարկե, մեր գլխին փուլ չի գա», ու միաժամանակ խոսեց «ոչ»-ի արդյունքում Հայաստանի միջազգային հեղինակությանը սպառնացող այլեւայլ վտանգների մասին: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել