Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԻԱԿ

Նոյեմբեր 05,2005 00:00

«ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆ Է» Սեւանում հայտարարեց Վազգեն Մանուկյանը «17+1» ընդդիմադիր ֆորմատի եւ վեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են «Ո՛չ» Սահմանադրությանը» կարգախոսով ավտոարշավը հանրապետության մարզերում: Երեկ ավտոշարասյունը ուղեւորվեց դեպի Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր: Ընդդիմադիր գործիչները հանդիպումներ ունեցան Սեւան եւ Չարենցավան քաղաքներում: Ճանապարհին գյուղերի բնակիչները ձեռքերը թափահարելով դիմավորում էին ընդդիմադիրների ավտոշարասյունը եւ գոռում էին. «Ո՛չ, ո՛չ իրենց Սահմանադրությանը»։ Ավտոմեքենաներից նրանց էին նետվում թռուցիկներ, որոնցում մասնավորապես գրված էր. «Ռեժիմի բոլոր փորձերը՝ հանրաքվեն ներկայացնել որպես սահմանադրական փոփոխությունների իրավական գործընթաց, սին են, քանի որ սահմանադրական հանրաքվեն կարող է նախաձեռնել միայն ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությունը: Սին են ռեժիմի հույսերը, թե ժողովրդի «ոչ»-ը ստանալուց հետո կկարողանան պահպանել իշխանական լծակները»: Կային նաեւ այնպիսի գյուղացիներ, որ չէին էլ հասկանում, թե ովքեր են եկողները եւ ինչ է նրանց ուզածը: Ընդդիմադիրների ելույթները լսելու էր եկել հիմնականում Սեւանի բնակչության ամենաընչազուրկ եւ խեղճ հատվածը, նաեւ՝ ոստիկաններն ու ԱԱ աշխատակիցները: Ի դեպ, վերջիններս բավականին անշնորհք էին կատարում իրենց պարտականությունները, եւ նույնիսկ անզեն աչքով երեւում էր, թե ովքեր են իրենք, որ տեսախցիկն է աշխատում իրենց համար, իսկ «շեֆերը» հեռու կանգնած՝ արեւածաղկի սերմ էին չրթում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իր ելույթում շեշտեց, որ նոր սահմանադրությամբ ոչ թե տարանջատվում եւ հավասարակշռվում են իշխանության թեւերը, այլ իշխանությունը բաժանվում է մասերի. «Դրա համար էլ ես չեմ ուզում թղթի մասին խոսել, քանի որ խոսքն այն մասին չէ, թե այդ թղթի մեջ մի կետը լավն է, մյուսը՝ վատ: Այս «այո»-ն, որ նրանք ուզում են ստանալ, ուզում են ստանալ նախորդ տարիների իրենց բոլոր կատարածների համար, տակը գիծ ես քաշում եւ գրում ես՝ այո, դա են նրանք ուզում, որ մի անգամ էլ մեր ժողովրդին իրենց սրի տակով անցկացնեն»: Միակ ելքը, ըստ Վազգեն Մանուկյանի, սա է. «Միայն ապստամբությամբ, միայն իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհով»: «Այո»,- տեղերից գոչում էին սեւանցիները, եւ բոլոր գոռացողներին եւ ծափահարողներին անմիջապես նկարում էր հայտնի տեսախցիկը: Արշակ Սադոյանը իր հերթին հարցով դիմեց Ռոբերտ Քոչարյանին. «Այ ընկեր, քո ձեռը կրա՞կն ենք ընկել, գոնե ընտրված լինեիր»: Նա ասաց նաեւ, որ այս անգամ ընդդիմությունը փորձելու է տեր կանգնել իր ձայներին: Իսկ ժողովրդին խորհուրդ տվեց. «Եթե կարողանում եք կարդալ, կարդացեք, եթե չեք կարող կարդալ, գոնե հավատացեք, որ չարժե այս երկրի համար այդպիսի սահմանադրություն, չարժե էս երկրին այնպիսի կարգ, որտեղ նախագահն ինչ ուզի՝ անի»: Պարոն Սադոյանը նաեւ զգուշացրեց. «Ձեռը կկոտրվի էն մարդու, ով «այո» կգրի, «ոչ» պետք է ասել, միայն «ոչ»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Երեկ հանդես էր գալիս եւ ասում էր՝ ինչո՞ւ պետք է հեռանամ «ոչ»-ից հետո: Դրանից էն կողմ պադոշություն, ես չեմ պատկերացնում: Եթե հասարակությունը հավաքական ուժով «ոչ» է քվեարկում, դա նշանակում է, որ հասարակությունը քեզ (Քոչարյանին.- Մ. Ե.) չի վստահում, նշանակում է, որ էս երկրում դու փոքրամասնություն ես, դա նշանակում է, որ վերջիվերջո՝ էս հասարակությունը քեզ չի սիրում, ուրեմն պիտի հեռանաս»: «Ֆսյո»,- արձագանքեց հավաքված բազմությունը: Չարենցավանցիների վկայությամբ՝ իրենց քաղաքում մարզպետը փորձել էր բացատրական աշխատանք իրականացնել եւ մարդկանց արգելել էր գնալ ընդդիմության հետ հանդիպման: Մի չարենցավանցու վկայությամբ՝ քաղաքի հիվանդանոցում նախորդ օրը մարզպետն անձամբ է խոսել եւ համոզել անձնակազմին, որ հանդիպման չգնան, իսկ Պղնձաձուլարանում երեկ ամբողջ օրը սանիտարական օր էր հայտարարվել՝ մարդկանց զբաղված պահելու համար: Այնուամենայնիվ, Չարենցավանի հրապարակը բազմամարդ էր: Կոտայքի առաջին մարզպետ, այժմ՝ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չարենցավանցիներին դիմելով՝ ասաց. «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ պետք է ազգովին որոշում կայացնենք՝ ինչպե՞ս պիտի ապրենք հետո եւ ի՞նչն է խանգարում մեզ, որ ապրում ենք շատ վատ. Սահմանադրությո՞ւնը՝ ոչ, գործող իշխանությունն է մեզ խանգարում, ռեժիմն է խանգարում, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ ձեր գործարանները չեն աշխատում, Սահմանադրությունը մեղավոր չէ, որ դուք աղքատության եք մատնվել»: Հովհաննես Հովհաննիսյանը խնդրեց չարենցավանցիներին օգնել ընդդիմությանը եւ միասնաբար հաղթել ռեժիմին, ասաց, որ դա անելու բավարար քաղաքական կամք ընդդիմությունն ունի: Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ շեշտեց. «Մենք իշխանությունը չենք ուզում վերցնել, մենք իշխանությունը ուզում ենք ձեզ վերադարձնել»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ողջունելով «Չարենցավանի բանվորական, ինտելիգենտ ժողովրդին»՝ անմիջապես սկսեց հարցեր տալ պարոն Քոչարյանին. «Ես ձեզ հարց եմ տալիս, պարոն Քոչարյան. եթե եկանք, ասեցինք՝ «այո», «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվելո՞ւ է, եթե եկանք, ասեցինք՝ «այո», գործարանները վերականգնվելո՞ւ են, եթե եկանք եւ ասեցինք՝ «այո», մեկուկես միլիոն բոմժ դարձված մարդիկ ետ գալո՞ւ են, եթե եկանք եւ ասեցինք՝ «այո», «ջիպ»-երով մարդկանց վրայով անցածները բանտ նստելո՞ւ են, պարոն Քոչարյան»: Արամ Կարապետյանը եւս հայտարարեց, որ իրավիճակը փոխելու միակ ճանապարհը «հեղափոխությունն է, եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր դեմ կանգնելու: Պարոն Քոչարյան, ինչ կարողացել եք մեր դեմ ձեր ռեժիմով անել՝ արել եք, բան ունեք անելու, փորձեք էլի անել, բայց մենք մեր ժողովրդին ասելու ենք՝ այլ ճանապարհ չկա, քան հավաքվել նոյեմբերի 27-ին: Կրիտիկական զանգված հավաքելով՝ գնալու ենք Բաղրամյան, գնալու ենք եւ ասելու ենք՝ պարոն Քոչարյան, բավական եղավ, պիտի հեռանաս»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել