ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ յոթերորդ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Ումառյանը, «Բաղաբերդից» բացի, մի «Անդոկ» պատմավեպ էլ ուներ եւ, դրանից էլ բացի, Ռուդաքի ու Ֆիրդուսի էր պարսկերենից թարգմանել, ու մենք իր պարսկերեն իմանալը, Ռուդաքի ու «Շահնամե» բնագրից թարգմանած լինելն ավելի էինք կարեւորում, քան՝ Արշակյանն ու իր մյուս սերնդակիցները, ու նաեւ էդ էր պատճառը, որ Ումառյանն իմ շրջապատում իրեն շատ լավ էր զգում եւ արդեն ինքնուրույն ու առանց ինձ էլ էր «Պապլավոկ» գալիս, եւ իմ ու բոլորիս աչքի առաջ յոթանասունվեցի աշնանն արդեն Ումառյանը հոգով ահագին ջահելացած էր, եւ ինքն ահագին ուշացումով տեսնում ու հասկանում էր, որ հրատարակչության պատերից դուրս էլ կյանք կա, ընդ որում՝ միանգամայն հետաքրքիր ու միանգամայն գրական կյանք, ու էդ աշնանն ինքն արդեն միանգամայն մերոնքական էր, եւ երբ «Պապլավոկում» իրեն մեր տղերքի հետ նստած տեսնում էի, ինձ շատ լավ էի զգում, մանավանդ որ՝ էդ ամենօրյա շփումներից երկու կողմերն էլ հավասարապես էին շահում. Ումառյանն օրեցօր ոչ միայն ջահելանում ու միանգամայն նոր կյանքով էր լցվում, այլեւ արդեն լուրջ դերակատարություն էր ստանձնում տղերքի գրքերի պլանավորման հարցում եւ, դրանից էլ բացի, ինքը Ֆիրդուսուց ու պարսիկներից հետաքրքիր բաներ էր պատմում եւ արդեն մեզ միանգամայն վստահելով՝ իր ապրած ստալինյան ժամանակներից էլ էր խորհրդավոր ու սահմռկեցուցիչ բաներ պատմում, բայց իր տարերքն, այնուամենայնիվ, Հայրենական մեծ պատերազմն էր, ու էդ պատերազմին իր մասնակցությունն իր համար չափազանց կարեւոր էր, եւ երբ ամենայն մանրամասներով հիշում ու հիշեցնում էր իր ու իր բանակային ընկերների քաջագործությունները, մենք վերջնականապես համոզվում էինք, որ իր ու իր բանակային ընկերների դերակատարությունը չափազանց կարեւոր նշանակություն է ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ մերոնց տարած փայլուն հաղթանակում:
Ումառյանը հրաշալի պատմող էր ու էնպիսի կրքով էր իր էդ բանակային պատմությունները պատմում՝ ասես ընդամենը մի քանի ժամ առաջ պատերազմը պրծած լիներ, ու ինքն էլ հենց նոր ռազմաճակատից զորացրված լիներ, եւ ամենահետաքրքիրն այն էր, որ իր էդ ռազմաշունչ պատմություններն ամբողջովին ողողված էին հումորով, ու իր հումորն էլ միանգամայն անծանոթ ու արտասովոր հումոր էր, եւ իր հումորն առավելագույն տպավորություն էր թողնում, որովհետեւ Ումառյանն էն մարդկանցից էր, ովքեր չափազանց ծիծաղելի պատմությունները դեմքի չափազանց լուրջ արտահայտությամբ են պատմում, ու հենց էդ պատճառով մենք շատ դեպքերում իր պատմածների զավեշտականն ու լուրջն իրարից չէինք զանազանում, որովհետեւ ինքն իր հումորները դեմքի չափազանց լուրջ արտահայտությամբ էր անում, եւ իր դեմքի դիտավորյալ միամիտ արտահայտությունն իր դեմքին մշտապես առկա էր, եւ շատ շուտով ինքը իրեն վերջնականապես շրջապատեց «Պապլավոկի» ու «Սկվազնյակի» երիտասարդ կոնտինգենտով, եւ իր էդ միանգամայն նոր շրջապատին ինքն օրեցօր ավելի էր պիտանի դառնում, բայցեւ՝ երեսնականներին իր մեջ սողոսկած վախն ու տագնապն իր մեջ մշտապես առկա էին, եւ երբ գործից հետո Արշակյանն իր գրամոլ արբանյակների ուղեկցությամբ Դրամատիկի մայթով իջնում էր, «Պապլավոկում» մեր կողքին նստած Ումառյանն ինքնաբերաբար ու բնազդաբար թաքնվում էր մեր թիկունքներում, որպեսզի հանկարծ ու Արշակյանն իրեն «Պապլավոկում» ջահելներիս հետ նստած չտեսներ, որովհետեւ «Պապլավոկի» ստեղծագործող ու մերժված երիտասարդությունը, փաստորեն, հրատարակչության ու Գրողների միության էդ ժամանակվա միակ ընդդիմությունն էր, եւ զարմանալիորեն էնպես էր ստացվել, որ էդ հզոր ու կազմակերպված երկրում, ուր օդի ու գետնի ոչ մի կտոր աչքաթող արված չէր, «Պապլավոկն» ու «Սկվազնյակը», փաստորեն, ամբողջովին բաժին էին հասել աբիժնիկներին ու հիմնականում բանաստեղծ ու նկարիչ աբիժնիկներին, եւ «Սկվազնյակն» ու մանավանդ «Պապլավոկն» արդեն կայացած գրողների ու նկարիչների համար շատ վտանգավոր ու ականապատված վայրեր էին, ու էդ վայրերն էն ժամանակ հենց մե՛նք էինք սեփականաշնորհել, որովհետեւ էն ժամանակ մենք իսկապես միասնական էինք, քանզի միասնաբար էինք մերժված ստեղծագործական մեր միություններից, ու հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ ոչ թե մերժված էինք, այլ՝ շատ էինք շտապում, եւ եթե բանաստեղծներս ի վերջո ու երբեւէ հաջողացնում էինք որեւէ կերպ նախ հրատարակչական պլան սողոսկել ու այնուհետեւ՝ Գրողների միություն, ապա նկարիչների մոտ էդ պրոցեսն անհամեմատ երկար էր ձգվում ու տեւում միանգամայն պարզ ու միանգամայն անհեթեթ պատճառով. Նկարիչների միության անդամ կարող էին դառնալ էն նկարիչները, ովքեր արդեն մի քանի տեղական ու մի քանի միութենական ցուցահանդեսների էին մասնակցել, բայց, մյուս կողմից էլ, տեղական ու մանավանդ միութենական ցուցահանդեսներին մասնակցում էին հիմնականում էն նկարիչները, ովքեր արդեն Նկարիչների միության անդամ էին:
Այդուհանդերձ, էդ հզոր ու կազմակերպված երկրում արդեն ճեղքվածքներ էին առաջացել, ու էդ ճեղքվածքների արանքներից ներս սողոսկողներ պատահում էին, ու էդ սողոսկողներն ամենահամառներն ու ամենանպատակասլացներն էին, երբեմն նաեւ՝ բախտավորներն ու հաջողակները, եւ էդ ամենահամառներն ու բախտավորները, սողոսկելով ու թափանցելով ստեղծագործական միությունների հաստաբեստ պատերից ներս, մարմնավորում էին էդ հզոր ու կազմակերպված երկրի ստեղծագործող երիտասարդությունը:
Ես դրանցից մեկն էի, ավելի ճիշտ՝ ձգտում էի դառնալ ու լինել դրանցից մեկը, եւ ինձ միանգամայն բախտավոր էի համարում հատկապես յոթանասունվեցի աշնանը, որովհետեւ ոչ միայն արդեն հրատարակչական պլանում գիրք ունեի, այլեւ արդեն հաղորդակից էի Գրողների միության ու հատկապես Սաշիկի պադվալի անցուդարձերին, եւ տարեկիցներիս մեջ ինձանից ավելի հաջողակը միայն Միլիտոնյան Էդիկն էր, եւ Միլիտոնյան Էդոն բոլոր առումներով էր իմ սերնդի առաջատարը, եւ ինքը միաժամանակ նաեւ «Գարունի» պոեզիայի բաժնի վարիչն էր եւ էդ ամսագրում տպագրվելուս հարցում էլ որոշիչ դեր էր խաղացել, ու եթե ես հեռավոր յութանասունիննի պլանի տեսլականից էի շոյվում ու բախտավորվում, իր մանկական գիրքն արդեն տպարանում էր եւ ահա-ահա լույս էր տեսնելու, իսկ մեծականն էլ ամենամոտակա՝ յոթանասունյոթի պլանի մեջ էր, ու Թադեւոսյան Վիգենի հետ արդեն շապիկի ձեւավորումն էին մտմտում, ու մեր էդ առաջին գրքույկները ձեւավորման իմաստով մեր սերնդակից նկարիչների համար ինքնադրսեւորման հրաշալի առիթ էին, բայց, փաստորեն, միայն Էդոյի գրքի առումով էդ առիթն օգտագործվեց, որովհետեւ իր գրքից հետո մյուսներիս առաջին գրքերն սկսեցին լույս տեսնել միանման շապիկներով ու «Երիտասարդ ձայներ» շտամպի տակ, եւ դա մեզ համար առանձնապես տխրեցնող հանգամանք չէր, քանի որ ոչ մեկիս մտքով չէր անցնում Էդոյի հետ ոտք գցել, որովհետեւ իր դեմ ոչ միայն խաղ չկար, այլեւ իր առաջին գիրքն իր լրջությամբ ու մակարդակով իսկապես մյուսներիս գրքերին ակնհայտորեն էր գերազանցում, ու ես հետը ոչ միայն ոտք չէի գցում, այլեւ շատ հարցերում հենց իրենից էի օրինակ վերցնում, եւ առաջին հերթին իրենից համարձակություն ու ինքնավստահություն էի սովորում, եւ երբ Էդոյի հետ Պետհրատ էինք մտնում, ու Պետհրատի պահակը մեզ հարցնում էր՝ «Էդ ո՞ւր եք գնում», Էդոն միանգամայն ինքնավստահ պատասխանում ու ասում էր՝ «հեղինակ ենք», ու հանգիստ բարձրանում էինք վերեւ, իսկ մինչ այդ՝ Պետհրատի պահակի էդ նույն հարցին երկար-բարակ պատասխանում ու բացատրում էի, որ Արշակյանի ու Ումառյանի մոտ եմ գնում, ու միշտ էդ բացատրությունս պահակին չէր բավարարում ու ինքը, չբավարարվելով, հարցնում էր՝ «իրանք գիտե՞ն, որ իրանց մոտ ես գնում», եւ ես ասում էի՝ «հա», ու նոր միայն պահակն ինձ ներս էր թողնում, եւ միայն Էդոյի հետ մի քանի անգամ Պետհրատ մտնելուց հետո արդեն ինքս էլ էի ասում՝ «հեղինակ եմ»:
Մի խոսքով, յոթանասունվեցի աշնանն արդեն ահագին խելքի տեր էի ու արդեն հասկանում էի, որ իմաստ չունի Էդոյի հետ ոտ գցել, եւ Աստծո տվածով միանգամայն բավարարված էի, ու եղածով մշտապես բավարարվելս էր պատճառը, որ ես ինձ միանգամայն հաջողակ ու բախտավոր էի համարում, ու առ էսօր էլ ես ինձ հաջողակ ու բախտավոր եմ համարում, որովհետեւ մշտապես ինձ համեմատում եմ ո՛չ թե ինձանից ավելի հաջողակ մի քանիսի, այլ միայն ու միայն՝ հազարավոր ինձանից ավելի անհաջողակների ու դժբախտների հետ:
Հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի էդ աշնանն էլ ինձանից ավելի անհաջողակներն ու անբախտները քանակություն էին, մանավանդ որ՝ էդ աշնանն արդեն ես ոչ միայն հրատարակչական պլանի մեջ հիմնավոր հաստատված ձեռագիր ունեի, այլեւ արդեն աշխատանք էլ ունեի, ու չնայած իմ էդ աշխատանքն Էդոյի աշխատանքի հետ համեմատելի չէր, բայց ամենասկզբի համար հեչ էլ վատ գործ չէր եւ, կարելի է ասել, ընդհանուր առմամբ համապատասխանում էր նախասիրություններիս, եւ որպեսզի էս շարադրանքիս հաջորդականությունն ընդհանուր առմամբ վերականգնվի ու իր տեղն ընկնի, ես ստիպված եմ վերադառնալ դույն թվականի օգոստոսի կեսերն ու օգոստոսի կեսերից սկսելով՝ շարադրել ու պատմել, թե ինչպես դույն թվականի օգոստոսի վերջերին ախալքալաքցի Ավետիսյան Աշոտի օգնությամբ ու միջնորդությամբ իննսուն ռուբլի աշխատավարձով սրբագրիչ ընդունվեցի Բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթում, իսկ ավելի ստույգ՝ հաստիքիս անունը սրբագրիչ էր, բայց ես լրագրողի պարտականություններ էի կատարելու, եւ դա իմ տարիքի մի սկսնակ բանաստեղծի համար միանգամայն պատվավոր ու պարտավորեցնող աշխատանք էր, եւ ես շատ շուտ վարժվեցի էդ, ուրեմն, լրագրողական աշխատանքին: Բայց վերադառնանք ու ամեն ինչ սկսենք օգոստոսից, որպեսզի ձեզ համար ամեն ինչ հստակ ու հասկանալի լինի:
Բանակից վերադառնալուս մի տարին էր շուտով լրանալու, եւ աշխատանք չունենալուս հանգամանքն արդեն լրջորեն էր անհանգստացնում ինձ ու հատկապես մորս, ու մորս հատկապես իմ սրճարանային ու կիսաբոհեմիկ ռեժիմն էր անհանգստացնում, եւ «կիսաբոհեմիկ» եմ ասում, որովհետեւ լիարժեք բոհեմական կյանքին գործազուրկի կարգավիճակս չափազանց անհարիր էր, եւ իսկական բոհեմը լիասիրտ ու լիաթոք ըմբոշխնում էին հատկապես նրանք, ովքեր աշխատանք ու աշխատատեղ ունեին եւ իրենց աշխատատեղերից ամեն իրիկուն «Պապլավոկ» ու «Սկվազնյակ» վայրէջք կատարելով՝ վերստին խրվում ու մխրճվում էին իրենց իրիկնային ժամանակի ու կյանքի մեջ, եւ դա իրենց հիմնական կյանքն ու ժամանակն էր, եւ հենց դա էր իրենց հիմնական աշխատանքը, որից իրենք իսկապե՛ս բավարարվում ու բավականություն էին ստանում, ու չնայած իրենց էս հիմնական աշխատանքի դիմաց աշխատավարձ չէին ստանում, բայց հենց էս աշխատանքն էին իրենց վճարովի աշխատանքից գերադասում, որովհետեւ հենց էս աշխատանքի ընթացքում էին իրենց պահանջկոտ ու հավակնոտ հոգիները բավարարվում ու փառավորվում:
Ես արդեն սկսել էի սեւեռուն ու հետեւողականորեն նախանձել բոլոր էդ բավարարվողներին ու փառավորվողներին, երբ օգոստոսյան մի ճռճռան կիրակի «Սկվազնյակի» մեր սեղանին հայտնվեց ախալքալաքցի Ավետիսյան Աշոտը:
Յոթանասունվեցի օգոստոսի էդ ամենաշոգ օրերն էին, ու դեռեւս «Սկվազնյակից» «Պապլավոկ» չէինք տեղափոխվել, ու չնայած արդեն լրջորեն նեղսրտում էի գործազուրկի կարգավիճակիցս, բայց կոնկրետ քայլեր չէի ձեռնարկում, որովհետեւ «Սկվազնյակը» դեռեւս հաճելի հովանի էր, եւ, բացի այդ, ես չէի էլ կարող աշխատանքիս հարցով որեւէ բան մտածել, որովհետեւ նախ՝ էդ օգոստոսյան շոգերին ընդհա՛նրապես անհնար էր որեւէ լուրջ բան մտածել, եւ երկրորդ՝ Արշակյանի տարբերակից բացի, մտածելու այլ տարբերակ չունեի էլ, այսինքն՝ ամեն ինչ Աստծո հույսին էի թողել, եւ Աստված էդ թվականի օգոստոսի տասնվեցի կեսօրից հետո «Սկվազնյակ» առաջնորդեց ախալքալաքցի Ավետիսյան Աշոտին, եւ ախալքալաքցի Աշոտը, Աստծուց ու ամեն ինչից անտեղյակ, աննկատ մոտեցավ մեր սեղանին, որի վրա էդ պահին մեր կուրսի Վարդանյան Սերգեյը, Ֆիլյան Ռուբոն, ճարտարապետ Հայկն ու ես բառախաղ էինք խաղում, ու ասածս էդ բառախաղը ձեր իմացած ու ձեր խաղացած հենց էն բառախաղն է, որ քառակուսիների մեջ տառեր եք գրում էնպես, որ մյուս տառերին կապակցելով՝ բառ, ավելի ճիշտ՝ գոյական ստացվի, ու էդ քառակուսիների կողքին էլ աղյուսակ եք գծում, ու որոշակի քանակությամբ տառերով բառ գրողին համապատասխան քանակությամբ էլ միավորներ եք գրանցում:
Ախալքալակցի Աշոտն աննկատ աթոռ քաշեց ու տեղավորվեց մեր սեղանի մոտ հենց էն պահին, երբ ես «լուսնկա» բառն էի գրել ու Ռուբոյից պահանջում էի գրանցել հասանելիք վեց միավորս, բայց Ֆիլն ու ճարտարապետ Հայկը համառում էին, պնդելով, որ «լուսնկան» «ը»-ով է գրվում, ու Սերգեյը կարծես իմ կողմն էր, բայց դեռեւս ձայն չէր հանել, եւ երբ ես պնդեցի, որ էդ բառն առանց «ը»-ի է գրվում, Ֆիլը հռհռալով ասաց.
– Վռազ էրեւում ա, որ մանկավարժականն ես ավարտել. «լուսընկան» լույս ու ընկնել բառերից ա կազմված:
– Չգիտեմ ինչ բառերից ա կազմված, բայց էդ բառը առանց «ը»-ի ա գրվում,- վստահ ասացի ես, որովհետեւ հաստատ էի հիշում:
– «Լուսնկան» «լուսին» եւ «կա» բառերից ա կազմված ու հաստատ առանց «ը»-ի ա գրվում,- անսպասելիորեն խոսակցությանը խառնվեց ախալքալաքցի Աշոտը:
– Էդ դո՞ւ ուրդից ծլար,- զարմացավ Ռուբոն.- կարող ա՞ դու էլ ես մանկավարժականն ավարտել:
– Ինչքան հիշում եմ՝ ես ու դու համալսարանի բանասիրականն իրար հետ ենք ավարտել,- հանգիստ ասաց Աշոտը.- ընդ որում՝ ընդամենը մի տարի առաջ:
– Ես էլ եմ ասում՝ էս մարդու դեմքը ծանոթ ա: Հո անունդ Աշոտ չի՞,- հարցրեց Ֆիլյան Ռուբոն:
– Շատ ուժեղ հիշողություն ունես, Ռուբո՛ ջան,- ասաց Աշոտը.- բայց ափսոս՝ մոռացել ես, որ «լուսնկան» առանց «ը»-ի ա գրվում:
– Աչքիդ ա էրեւում,- ասաց Ռուբոն:
– Գրազ գա՞նք,- ասաց Աշոտը:
– Գրազ արի, Ռուբո՛,- ասաց Հայկը:
– Չէ,- ասաց Ռուբոն.- էս ախալքալաքցիք որ մի բան հաստատ չիմանան, գրազ չեն գա:
– Գրազ արի. ես ատվիչա եմ,- ասաց Հայկը:
– Որ ատվիչա ես՝ դո՛ւ գրազ արի,- ասաց Սերգեյը:
– Ռուբոն որ ռիսկ չի անում գրազ գա, ես իմ ճարտարապետ հալով ո՞նց գրազ գամ,- ասաց Հայկը:- Ինչքան չըլնի՝ չորսդ էլ բանասեր եք:
– Որ վախենում եք գրազ գաք, էս մարդու վեց աչոկը գրեք,- ասաց Սերգեյը:
– Որ իրա վեց աչոկը գրեմ, խաղը պրծնում ա,- ասաց Ֆիլը.- փաստորեն, Արմենը կրում ա:
– Անպայման պիտի դու կրե՞ս,- ասաց Սերգեյը:
– Մի հատ էլ չգծե՞նք,- հարցրեց Հայկը:
– Էս մարդու կրած խաչապուրիներն առնենք, հետո էլի կգծենք,- ասաց Սերգեյը:
– Վալյա ջան, էրկու հատ խաչապուրի,- գոռաց Հայկը:
– Էրկու հատը հինգիս կհերիքի՞,- հարցրեց Սերգեյը՝ գրպանից մանրադրամներ հանելով:
– Աշոտին խաչապուրի չի հասնում,- գրպանից կոպեկները հանելով՝ ասաց Ֆիլը.- համ խանգարի, համ էլ մեր հաշվին խաչապուրի ուտի՞:
– Ես կուշտ եմ. նոր եմ կերել, Սերգեյ ջան,- ասաց Աշոտը:
– Խանգարեց,- ասաց Ռուբոն.- չթողեց մարդավարի խաղանք:
– Ինչի՞ն ա խանգարել,- ասաց Սերգեյը.- ինքը վերջում էկավ:
– Վերջում էկավ ու, փաստորեն, էս խաղի ելքը որոշեց,- ասաց Ռուբոն:
– Ես մեղավոր ե՞մ, որ էդ անտեր «լուսնկան» առանց «ը»-ի ա գրվում,- արդարացավ Աշոտը:
– Դու մեղավոր ես, որ, փաստորեն, մեր համալսարանին դավաճանում ես ու էս մանկավարժականցիների կողմն ես բռնում,- ասաց Ռուբոն:
– Ես ճշտի՛ կողմն եմ բռնում,- ասաց Աշոտը:
– Դե որ ճշտի կողմն ես բռնում, ուրեմն՝ խաչապուրի չես ուտի,- ասաց Ռուբոն:
– Մենք մի քիչ առաջ տղերքով Թեմուրանոցում ոնց որ պետքն ա՝ կերանք, վրից էլ մի քանի բակալ պիվա խմեցինք,- ասաց Աշոտը:
– Էրեւում ա՝ մանկավարժականցիների հետ ես խմել,- ասաց Ռուբոն:
– Ամեն տեղից էլ կային,- ասաց Աշոտը:
– Երեւի շատ ես խմել,- ասաց Ռուբոն.- մենակ շատ խմած մարդը կարա ասի, որ էդ բառն առանց «ը»-ի ա գրվում:
– Հըլը հարց ա՝ վաբշե էդ տեսակ բառ գոյություն ունի՞, թե՝ չէ,- ասաց Հայկը:
– Էս մանկավարժականցիք ու ախալքալաքցիք իրանցից ինչ բառ ասես կհնարեն,- ասաց Ռուբոն:
– Իզուր էլ ձեռ ես առնում,- ասաց Աշոտը.- մանկավարժականում, ճիշտ ա, գրականության դրվածքը մի քիչ էն չի, բայց լեզվի դրվածքը շատ ա ուժեղ:
– Էդ Թեմուրանոցից ե՞ս իմացել,- ասաց Ռուբոն.- կարող ա՞ Թեմուրն ասեց:
– Հեչ որ չըլնի՝ Աշոտ Աբրահամյանը մանկավարժականում ա դաս տալի:- ասաց Աշոտը:
– Ադաշդ ա, դրա համար ե՞ս գովում,- ասաց Ռուբոն:
– Ադաշս ո՞վ ա,- զարմացավ Աշոտը:
– Աշոտ Աբրահամյանը,- ասաց Ռուբոն:
– Էկեք ձեր խաչապուրիները տարեք,- մեզ ձայն տվեց Վալյան:
Հայկը մեր սեղանի վրայի կոպեկները հաշվեց, մի քանի կոպեկանոցներ էլ իր գրպանից ավելացրեց, վեր կացավ, Վալյայից ստացավ մեր երկու խաչապուրիները, բերեց դրեց մեր սեղանին եւ իր տեղը նստելով՝ Աշոտին ասաց.
– Ա՛շ, իսկականից կուշտ ե՞ս, թե՞ ձեւեր ես անում:
– Թեմուրի մոտ լավ կերել ու խմել ենք,- ասաց Աշոտը:
– Ա՛յ Հայկ, չես տենո՞ւմ՝ խմած ա,- ասաց Ռուբոն:- Մի քիչ որ տոն տանք, կարող ա կռիվ էլ անի:
– Ընդամենը էրկու բակալ բան եմ խմել,- ասաց Աշոտը:
– Էրկու բակալը լրիվ հերիք ա, որ հարբես,- ասաց Ռուբոն:
– Ո՞վ ասեց,- նեղացավ Աշոտը:
– Աչքիս տեսածն եմ ասում,- ասաց Ռուբոն.- էրկու բակալից հիշողությունդ լրիվ կորցրել ես:
– Ո՞նց եմ հիշողությունս կորցրել,- հարցրեց Աշոտը:
– Էրկու բակալ բան ես խմել, վաբշե մոռացել ես, որ «ը» տառ գոյություն ունի,- ասաց Ռուբոն:
– Կարող ա՞ մենք էլ ենք խմած,- ասացի ես:
– Ձերը լրիվ ուրիշ հոդվածով ա,- ասաց Ռուբոն.- դուք մանկավարժականի հոդվածով եք անցնում:
– Մեծ-մեծ խոսալով չի,- ասաց Սերգեյը.- հես ա կտենանք՝ ով ինչ հոդվածով ա անցնում: Մի հատ թազեն գծի, Հա՛յկ:
– Դո՛ւք գծեք,- ասաց Հայկը.- էս ձեզ թուղթ, էս էլ՝ գրիչ:
– Դու ճարտարապետ ես, դու լավ ես գծում,- ասաց Սերգեյը:
– Կրակն ընկա՞նք, որ ճարտարապետ ենք,- բողոքեց Հայկը:
– Տվեք ե՛ս գծեմ,- ասաց Աշոտը:- Մինչեւ խաչապուրին ուտեք, ես կգծեմ:
– Հա,- ասաց Հայկը.- էս խաչապուրին որ սառում ա, էլ ուտել չի ըլնում:
«Սկվազնյակի» էն ժամանակվա խաչապուրին շատ համով էր, ու էդ տեսակ խաչապուրի «Սկվազնյակից» բացի ուրիշ տեղ չէին թխում: Ձեզանից ոմանք երեւի կհիշեն, որ «Սկվազնյակի» էդ կլոր խաչապուրիները չորս կտորից էին բաղկացած, ու մի խաչապուրին երկու հոգու կարող էր կշտացնել:
Կերանք, կշտացանք, եւ Աշոտը, որ արդեն քառակուսիներն ու սյունակները սիրուն ու հավասար գծել էր, ասաց.
– Մենակ գոյական ե՞նք գրում, տղե՛րք:
– Հա,- ասաց Սերգեյը.- ածական-բան գրել չկա:
– Բա ո՞վ ա որոշելու՝ ո՞րն ա գոյականը, որը՝ չէ,- հարցրեց Ռուբոն:
– Համալսարանականներով կորոշեք,- ասաց Սերգեյը:
– Հատուկ անուն գրել էլ չկա, չէ՞,- հարցրեց Աշոտը:
– Չհասկացա, Աշո՛տ. էդ դու էլ ես ուզում խաղա՞ս,- զարմացավ Ռուբոն:
– Էսքան չարչարվեց գծեց, որ ինքը չխաղա՞,- ասաց Սերգեյը:
– Որ ըտենց ա, գրազով ենք խաղում,- ասաց Ռուբոն:
– Ինչի՞ վրա,- հարցրեց Սերգեյը:
– Հարուր հատ խինկալի,- ասաց Ռուբոն:
– Մենք քո հնարավորությունները չունենք,- ասաց Սերգեյը:
– Ես որ կրվեմ՝ խինկալի եմ առնում, դուք՝ խաչապուրի,- ասաց Ռուբոն:
– Քո իրավունքն ա,- ասաց Սերգեյը:
– Առաջին էրկու տեղերը կրող են համարվում, վերջին իրեքը՝ կրվող,- Աշոտին բացատրեց Հայկը:
– Համաձայն եմ,- ասաց Աշոտը:
– Համաձայն չըլնես՝ ի՞նչ պիտի անես,- ասաց Ռուբոն:- Որ թողում ենք խաղաս՝ գոհ էղի:
– Հեչ ոնց որ իրար կուրսից չըլնեք, ա՛յ Ռուբո,- ասաց Հայկը.- մեկը որ կողքից ձեզ նայի, կմտածի՝ դուշման եք:
– Դուշմանը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Սերգեյը:- Իրանց կուրսն էրկու մասի էր բաժանված՝ գյուղացիների ու քաղաքացիների: Տարին տասներկու ամիս իրար տփում էին: Դու գյուղացիների մեջ էիր, չէ՞, Աշո՛տ:
– Ես չեզոք էի, Սերգեյ ջան,- ասաց Աշոտը.- ես միշտ ինձ չեզոք եմ պահել:
– Էլ ի՞նչ ախալքալաքցի, որ չեզոք չպահեիր,- ասաց Ռուբոն:
– Ես ձեր էդ կռիվների մեջ իմաստ չեմ տեսել,- ասաց Աշոտը:
– Դու քաղաքացիների խմբի մեջ էի՞ր, Ռուբո՛,- հարցրեց Հայկը:
– Չէ,- ասաց Ռուբոն.- ես քաղաքացիների խմբի ղեկավարն էի:
– Էդ կռիվը, փաստորեն, Ռուբոն էր իրանց կուրսի մեջ քցել,- ասաց Սերգեյը: