Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ ՉՈՒՆԵՆ, ՄՆՈՒՄ Է ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵՆ

Նոյեմբեր 05,2005 00:00

Չորեքշաբթի
օրը հողագնդի ուժեղագույն ծանրորդները Քաթարում պայքարի մեջ կմտնեն աշխարհի առաջնության
մեդալների համար: Նրանց մեջ լինելու են երկաթախաղի Հայաստանի վարպետները,
որոնք այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Արարատ քաղաքի «Այգ»
մարզաբազայում ու Երեւանում: Երեկ մեր աշխատակիցը զրուցեց ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: – Աշխարհի
առաջնության նախապատրաստման ընթացքից գո՞հ եք: – Ծրագրով նախատեսված չորս
ուսումնամարզական հավաք ենք կազմակերպել Ծաղկաձորում, Երեւանում ու Արարատում: Բոլորն
էլ անցել են լիարժեք ու, իմ կարծիքով, ծառայել նպատակներին: Դժգոհելու առիթներ չունենք:
Ամեն բան, սկսած հավաքների ժամկետներից, վերջացրած սննդով՝ նորմալ է եղել: –
Ովքե՞ր են ընդգրկված հավաքականում եւ ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվել: –
Հավաքականի վերջնական կազմը որոշելու նպատակով Գյումրիում կազմակերպվեց ֆեդերացիայի
գավաթի խաղարկություն եւ մրցահարթակ մտած տարբեր քաշային կարգերի շուրջ չորս տասնյակ
ծանրորդներից, ըստ արձանագրված արդյունքների, ընտրվեցին վեց արժանավորները: Նրանք
են. 69 կգ քաշայիններ Արմեն Ղազարյանը եւ Արթուր Դանիելյանը, Հովհաննես Ամրեյանը՝
77կգ, Արսեն Մելիքյանն ու Տիգրան Դավթյանը՝ 85 կգ եւ +105կգ քաշային Աշոտ Դանիելյանը:
Ասեմ, որ Աշոտը նախապատրաստության այս փուլն իր ցանկությամբ եւ իմ թույլտվությամբ
անցկացնում է առանձին, Երեւանում, անհատական պլանով: – Տղաների մարզավիճակը
բավարա՞ր է, վնասվածք ունեցողներ չկա՞ն: – Միայն Արսեն Մելիքյանը ոտքի վնասվածք
ունի, որ ստացել է օգոստոսին ծաղկաձորյան մարզումների ժամանակ: Բայց այսօրվա վիճակով,
կարելի է ասել, ութսուն տոկոսով ապաքինվել է: Այսօր նա մարզումների ժամանակ ցույց
է տալիս 160+190 կգ: – Դա բավարա՞ր է աշխարհի առաջնությունում հաջող հանդես
գալու համար: – Քաթարում Արսենը պետք է ավելի բարձր արդյունքներ ցույց տա:
Այլապես՝ նրան մրցավայր չէի տանի: Ինչ վերաբերում է մեր մյուս ծանրորդներին՝ Տիգրանը
հիմա բարձրացնում է 170+200 կիլոգրամ, Արմենը՝ 145+185, Արթուրը՝ 142+180, Աշոտը
գավաթի խաղարկությունում ցույց տվեց 214+250 կիլոգրամ: Սրանք վատ արդյունքներ չեն:
Մնում է, որ նույնը կրկնեն կամ մի քիչ ավելին անեն Քաթարում: – Ու մեդալներ
կունենա՞նք: – Ես նախապես չեմ ասում, թե ով ինչ մեդալ կնվաճի: Բոլորը չէ,
որ ի վիճակի կլինեն պայքարել մեդալների համար: Ծանրորդներ ունենք, ովքեր պայքարելու
են 1-6-րդ, մյուսները՝ ասենք, 3-8-րդ տեղերի համար: Ժամանակից առաջ չանցնենք ու սպասենք:
– Կրկին ամենացավալի հարցը. ծանրորդները դոպինգ ստուգում անցե՞լ են: –
Հոկտեմբերի կեսերին ՎԱԴԱ-ի ներկայացուցիչները եկել ու փորձանմուշները տարել են: Եթե
որեւէ բան այն չլիներ՝ հիմա վաղուց աղմուկ բարձրացած կլիներ: – Այս տարվանից
ծանրամարտի մրցումներն անցկացվում են նոր մրցակարգով: Վերացել է ծանրաձողի քաշն առնվազն
2,5 կգ-ով ավելացնելու կարգը: Հիմա նվազագույն սահմանը 1 կիլոգրամն է: Ինչո՞ւ է դա
արվել ու դրանով պայքարը դժվարանո՞ւմ է, թե՞ հեշտանում: – Դա արվել է մարզիկների
անձնական քաշերի տարբերության պատճառով: Եթե երկու մարզիկ միեւնույն վարժությունում
ցույց էին տալիս նույն արդյունքը, հաղթանակը շնորհվում էր ավելի թեթեւին, հետեւաբար,
մրցակիցը ստիպված պետք է լիներ բարձրացնել 2,5 կգ ավելի: Ներկայումս մարզիկների համար
պայքարի պայմանները, կարծես, հավասարեցվել են: Բայց մյուս կողմից բավականին դժվարացել
է մարզիչների գործը տակտիկական պայքարի առումով: Պիտի լավ ճանաչել մրցակցի իրական
հնարավորությունները, կարողանալ ճիշտ քաշեր պատվիրել տանուլ չտալու համար, որովհետեւ
երեք մրցափորձի կանոնը մնացել է ուժի մեջ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել