Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՋԻԲՐԱԼԹԱՐՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Նոյեմբեր 05,2005 00:00

Պատմում է «Կիլիկիայի» նավաստին

Դրանք իրոք արձակուրդներ էին, նախ այն պատճառով, որ մենք Ջիբրալթարում թողեցինք մի զգալի գումար, քանի որ չունեինք բրիտանական վիզաներ եւ ստիպված եղանք վարձել, այսպես կոչված, նավահանգստի գործակալին: Ինքը՝ գործակալը եկավ արծաթագույն «Վոլվո» մակնիշի մեքենայով, որտեղ նրան սպասում էր հաճելի մի իսպանուհի: Գործակալը մոտեցավ առագաստանավին եւ մնալով նավամատույցի վրա՝ անգլիական քաղաքավարի ժպիտով մի քանի անհասկանալի գովասանքի խոսքեր ասաց նավի հասցեին, ապա ներս մտավ գրասենյակ եւ մեկ հեռախոսազանգով լուծեց «Կիլիկիայի»՝ նավահանգստում գտնվելու խնդիրը: Այսպիսով՝ Ջիբրալթարը մեզ արձակուրդի նման թանկ արժեցավ:

Ջիբրալթար քաղաքը զբաղեցնում է ընդամենը 6,5 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը կազմում է շուրջ 30.000՝ չհաշված տեղական կայազորը: Այդ փաստը միշտ ընդգծվում է, քանի որ Ջիբրալթարը արդեն 300 տարուց ավելի Մեծ Բրիտանիայի տարածք է, եւ այդ ժամանակահատվածում կայազորի մեծությունը բազմիցս փոփոխվել է: Այսօր կայազորը կազմված է 1800 զինծառայողից, որից 800-ը նավաստի է:

Ջիբրալթարը կառավարում է նահանգապետը, որը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, որը զինուժի գլխավոր հրամանատարն է: Այսօր այդ պաշտոնը զբաղեցնում է Ֆրենսիս Ռիչարդսը՝ բարձրահասակ, նիհար, սաքսոնական տիպի տղամարդ: Նա երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում եւ այդ պատճառով շատ լավ էր խոսում ռուսերեն: Բացի այդ, նա որոշ ժամանակ ղեկավարում էր Անգլիայի ռազմական հետախուզության դեպարտամենտը:

Սըր Ռիչարդսը հրավիրեց «Կիլիկիայի» նավապետերին իր նստավայրը: Դա երկհարկ քառակուսի առանձնատուն էր, որը միաժամանակ նահանգապետի եւ իր ընտանիքի «բնակարանն» է: Տան կենտրոնում գտնվում է փոքրիկ այգիով ներքին բակը՝ կենտրոնում հարյուրամյա «վիշապածառը»: Սենյակներից մեկում Ջիբրալթարի ամբողջ պատմության՝ իսպանական եւ բրիտանական զինանշանների հավաքածուն է: Մյուս դուռը տանում էր հանդերձարան, որտեղ պատվավոր տեղում կախված էին 18-րդ դարի նահանգապետական տոնական ազգային զգեստները, որոնք ինքը հագնում էր հանդիսավոր առիթներով: Մի դուռ էլ անսպասելիորեն մեզ դուրս բերեց պատշգամբ, որը գտնվում էր եկեղեցու ներսում: Եկեղեցին տեղակայված էր առանձնատան հարեւանությամբ եւ փողոցի կողմից ուներ մուտք ծխականների համար:

Զրուցելով սըր Ռիչարդսի հետ՝ տարբեր թեմաների շուրջ, մենք, իհարկե, չկարողացանք չհարցնել նրան Իսպանիայի՝ Ջիբրալթարի հանդեպ հավակնությունների մասին: Արդյո՞ք հնարավոր է, որ Ջիբրալթարը երբեւիցե վերադարձվի Իսպանիային: Նահանգապետը, ժպտալով շրթունքների անկյուններով, սկսեց բացատրել, որ եթե Իսպանիան հիմնախնդրում դնի ոչ թե տարածքային պահանջները, այլ ժողովրդավարության եւ խաղաղության գաղափարները, դա կարող է տեղի ունենալ: Մեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ինքը՝ սըր Ռիչարդսը, քիչ է հավատում դրան:

Ջիբրալթարը միշտ եղել է եւ այսօր էլ է ռազմավարական կարեւորագույն հանգույց, որը հնարավորություն է տալիս հսկել Միջերկրական ծով-Ատլանտիկա ելումուտը: 1704 թվականին Ջիբրալթարը գրավեց անգլո-հոլանդական նավատորմը եւ 9 տարի անց իրավաբանորեն ձեւակերպվեց Ուտրեխտյան հաշտության պայմանագրով՝ որպես Անգլիայի սեփականություն: Այն ժամանակվանից ի վեր Իսպանիան բազմիցս փորձեր է անում վերանայել այդ պայմանագիրը եւ վերադարձնել Ջիբրալթարը, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում՝ Իսպանիային ոչինչ չէր մնում անել, քան վերացնել տասնամյակներ շարունակվող հեռախոսային կապի սահմանափակումները Եվրոպայի այս հատվածի հետ եւ բացել հետիոտն ու ավտոմոբիլային հաղորդակցություն՝ Մեծ Բրիտանայի այս տարածքի եւ Իսպանիայի միջեւ:

Այսօր իսպանացիները հնարավորություն ունեն անարգել հատել սահմանը եւ հաճույքով դրանից օգտվում են: Բանն այն է, որ Ջիբրալթարում լայն սպառման որոշ ապրանքներ՝ մասնավորապես ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտը՝ ազատված են մաքսային հավելավճարից եւ մոտակա բնակավայրերի բնակիչները պարբերաբար այստեղ կատարում են գնումներ: Հասկանալի է, որ Ջիբրալթարի տնտեսության կառուցվածքը կանխորոշվում է նրա աշխարհագրական դիրքով. արդյունաբերական կամ գյուղատնտեսական ձեռնարկություններ այստեղ գրեթե չկան: Այնուամենայնիվ, չնայած գործադիր իշխանությունն այստեղ ամբողջությամբ պատկանում է նահանգապետին եւ տասնհինգ հոգուց բաղկացած հանձնաժողովային պալատին՝ գոյություն ունի նաեւ Նախարարների խորհուրդ, որի իրավասության մեջ է մտնում ներքին ինքնակառավարումը: Եվ դա ընդամենը 30000 բնակչի համար…

Ջիբրալթարի նահանգապետին եւ տրանսպորտի նախարարին «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալայանը հրավիրեց նավ՝ երբ մեզ մոտ հյուրընկալվում էին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Այսպիսով, կառավարական պաշտոնյաների հանդիպումը «Կիլիկիայի» տախտակամածի վրա, լինելով ոչ պաշտոնական, կրում էր միջազգային բնույթ: Զորի Բալայանը աշխատեց հաղորդել դրան առավելագույն հանդիսավորություն. երբ բոլորը հավաքվեցին, նավի կայմից արագ իջեցվեցին բոլոր պետական դրոշները, որպեսզի ողջույնի խոսքերից հետո Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի ներկայացուցիչները կարողանան դրանք նորից հանդիսավորությամբ բարձրացնել: Ճիշտ է, եթե Հայաստանի դրոշը բարձրացվեց պետական օրհներգի հզոր հնչյունների ուղեկցությամբ, ապա ընդունող կողմի դրոշը վեր սլացավ ներկաների հարգալից լռությամբ: Ինչպես մեզ բացատրեց սըր Ռիչարդսը, Մեծ Բրիտանիայի ձայնագրած զիներգը իրենք չունեն, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը. այն միշտ կատարում է ռազմական նվագախումբը, որը այդ պահին գտնվում էր արձակուրդում:

Հայկական առագաստանավ այցելեց նաեւ Բրիտանական խորհրդարանի փոխնախագահ, «Քրիստոնեական համերաշխության» համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Լեդի Քոքսը տախտակամած բարձրացավ ընտանիքի հետ՝ երեք զավակների եւ ութ թոռան: Երկու ժամ անց նա բոլորին գրավեց իր կանացիությամբ, հմայքով եւ ոգու ուժով: Եվ եթե մինչ այդ միայն Զորին էր լեդի Քոքսի հին ընկերը, ապա այժմ նա ձեռք բերեց եւս 13 հավատարիմ բարեկամ:

Լեդի Քոքսը հրավիրեց նավաստիներին այցելելու Ջիբրալթարի հիշարժան վայրերը: Այդ փոքրիկ երկրի բոլոր պատմական հուշարձանները քաղաքի կենտրոնում գտնվող սարի վրա են, որը այդպես էլ կոչվում է՝ «Ժայռ»: Սարի գագաթ կարելի է հասնել ճոպանուղով, սակայն մենք գնացինք միկրոավտոբուսով, որպեսզի ճանապարհին կարողանանք ծանոթանալ ուշագրավ վայրերին: Առաջին կանգառը Եվրոպա հրվանդանի դիտարկման հարթակն էր: Այդ տեղի յուրահատկությունն այն է, որ այստեղից միաժամանակ կարելի է տեսնել եւ Աֆրիկան՝ նրա հյուսիսային վերջնամասը՝ Մուսա-լեռը /այո, այո, այդպես է կոչվում Մարոկկոյի այդ սարը/, եւ Եվրոպայի ամենահարավային կետը՝ Ջիբրալթարն ու իսպանական Ալմերիա քաղաքը: Միայն այստեղից հնարավոր է միանգամից տեսնել Միջերկրական ծովը եւ Ատլանտյան օվկիանոսը: Ի դեպ, Ջիբրալթար անունը ոչ այլ ինչ է, քան աղավաղված, անգլիական առոգանությամբ տառադարձվող Ջեբել-ալ-Թարիկ՝ Եվրոպայի ծայրամասում գտնվող սարի արաբական անվանումը, ինչը նշանակում է Թարիկի սար:

Այնուհետեւ մենք մոտեցանք Սեն-Միշել քարանձավին: Աստիճանները տանում էին ներքեւ՝ քարե զովասուն անցումներով, կարծրացած վիթխարի երգեհոնի խողովակներ հիշեցնող վեր սլացող ստալակտիտների կողքով: Եվ հանկարծ մենք հայտնվեցինք համերգային դահլիճում: Ըստ էության, դա ավանդական իմաստով դահլիճ չէր, այլ մի մեծ քարայր, ուր ամֆիթատրոնի թեքությամբ տեղադրված էին աթոռներ: Իհարկե՝ մենք նստեցինք այդ բնական համերգասրահում եւ փորձեցինք երեւակայել այն հոգեւոր երաժշտության ձայները, որոնցով լի էին ժայռապատերը եւ որոնք հոգին լցնում էին վեհ եւ առեղծվածային զգացմունքով:

Երբ մենք քարանձավից դուրս եկանք, վերջապես տեսանք հայտնի ջիբրալթարյան մակականերին: Նրանք այստեղ իրենց տեր ու տիրակալ էին զգում: Ճաղաշարքից այն կողմ տարածվում էր անտառը, որտեղ եւ ապրում էին կապիկները: Նրանք նստած էին ծառերին եւ հուշանվերների կրպակներում, քայլում էին զբոսաշրջիկների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը փափագում էր արժանանալ նրանց ուշադրությանը՝ օգտագործելով ամենատարբեր հնարքներ: Եվ երբ զբոսաշրջիկներից ոմանք կապիկի ուշադրությունը գրավելու չափն անցնում էին, նրանց էր մոտենում աշխատակիցը, որը ուշադրությամբ հետեւում էր մարդկանց ու նրանց նախնիների միջեւ զարգացող հարաբերությունների ընթացքին, եւ զգուշացնում, որ կապիկները ձանձրանալով կարող են ճանկռտել:

Մեր՝ Եվրոպայի հրվանդան բարձրանալու վերջին կետը Պաշարման Մեծ թունելն էր: Ջիբրալթարը բոլոր ժամանակներում մտահոգված է եղել պաշտպանության խնդիրներով: Այժմ այստեղ ռազմական թանգարան է: Անցյալի պատկերներն առավել վառ վերակենդանացնելու նպատակով մի շարք քարայրներում կային ռազմական գործողություններին պատրաստ զինվորների եւ սպաների գիպսաքանդակները:

Այդ հնաշունչ պատմական մթնոլորտը հանկարծ ընդհատեցին ծիծաղն ու մարդկային ձայները: Մենք շարժվեցինք այդ ուղղությամբ: Քարե սենյակներից մեկը կահավորված էր որպես լուսանկարչական տաղավար, որտեղ ցանկացողները կարող էին լուսանկարվել պատմական զգեստներով՝ կոմզոլներով կամ ռազմական համազգեստով եւ, որպես բոլոր կանանց երազանք՝ կրինոլին շրջազգեստներով: Հետաքրքիր էր դիտել, թե ինչպես մեր ժամանակակիցները կերպարարանափոխվում էին՝ դառնալով 18-րդ դարի բուրժուաներ: Փոխվում էր նույնիսկ դեմքի արտահայտությունը՝ հավանաբար, վերակենդանանում էր նախահայրերի ոգին:

Երեկոյան, հրաժեշտի պահին լեդի Քոքսը սրտառուչ խոսքեր ասաց, որ մեր՝ «Կիլիկիայի» նավաստիներիս մեջ ինքը տեսնում է Հայաստանի ոգու մարմնավորումը, որի հետ առնչվել է դեռ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իր համար այդ ոգու ուժի խորհրդանիշ է դարձել արցախյան մի տղայի կերպար, որը Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ վեց ժամ կանգնել է ջրի հերթում եւ երկու դույլ ջուր տարել ռմբապաստարան, որտեղ իրեն սպասում էին մայրը եւ քույրերը, բայց հանկարծ սայթաքում եւ ընկնում է՝ թափելով հավաքած ջուրը: Տղան թեթեւակի ժպտում է, թափ տալիս ուսերը եւ նորից հերթ կանգնում: «Նման ժողովրդին հաղթանակել անհնար է,- ասաց լեդի Քոքսը,- իմ սրտի մի մասը մնում է ձեզ հետ եւ այդ պատճառով ձեզ հետ ոչ մի բան չի պատահի»:

Մնում է մի քանի խոսք ասել նրանց մասին, ովքեր ապրում են Ջիբրալթարում: Տեղեկատուի համաձայն՝ այստեղ բնակվում են ջիբրալթարցիները՝ «իսպանացիների, հենուեզցիների, պորտուգալացիների եւ մարոկկոեցիների հետնորդները», ինչպես նաեւ իսպանացիները եւ անգլիացիները: Բնակիչները այստեղ բարեհամբույր են եւ սիրալիր: Քաղաքում մեկ գլխավոր փողոց է՝ Մեյն-սթրիթը, որտեղ միշտ մարդաշատ է, քանի որ արգելված է ավտոմեքենաների երթեւեկությունը, իսկ փողոցի երկու կողմով ձգվում են խանութներ, ռեստորաններ եւ սրճարաններ: Փողոցն ավարտվում է փոքր հրապարակով, որտեղ անցկացվում են քաղաքային տոները: Մեյն-սթրիթի երկու կողմում տեղակայված են բնակելի թաղամասերը, ուր տանում են շենքերի միջեւ գալարվող նեղ փողոցները: Չորսից-վեց հարկանի տները համարակալված չեն, այլ ունեն անվանումներ՝ Նյումենի տուն կամ Ջեֆերսոնի տուն: Իսկ Մեյն-սթրիթը հատուկ մեքենաների օգնությամբ ամեն երեկո լվանում են լվացքի փոշիներով:

Ոլորապտույտ ճանապարհը թույլ է տալիս շրջանցել թերակղզին եւ հասնել քաղաքի ծայրամասում (եթե նման հասկացությունը հնարավոր է օգտագործել նման փոքրածավալ քաղաքի վերաբերյալ) գտնվող հանգստի գոտուն՝ հիանալի կահավորված լողափով: Ջիբրալթարը պահպանում է Հին աշխարհին հատուկ պուրիտանական նիստուկացը. այստեղ լողափում չեք հանդիպի «տոպլես», կրպակներում չեք տեսնի էրոտիկ բնույթի թերթեր եւ, վերջապես, այստեղ չկան հարեւան Իսպանիայում տարածված «սեքս-շոփեր»:

Քաղաքի փողոցներում, սակայն, հնարավոր է հանդիպել երկար եւ փակ զգեստներով մարոկկոուհիների ու անմիջապես նրանց կողքին եվրոպական ընտանիք, որոնք մտնում են խանութ չափազանց համարձակ ու բաց լողազգեստներով: Ջիբրալթարում ներկայացված են եւ ունեն իրենց եկեղեցիները կամ աղոթատները աշխարհի վեց հիմնական կրոնները: Մի խոսքով՝ դա հակադրությունների եւ հակասությունների մի աշխարհ է, որն արժե տեսնել:

ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Կիլիկիա» առագաստանավ, 2005 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել