Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ներն ավելանում են, ծխողները չեն պակասում

Նոյեմբեր 05,2005 00:00

Հայաստանում ծխելու դեմ պայքարող 26-27 հասարակական կազմակերպություն կա: Դրանց թիվն օրեցօր ավելանում է, բայց ծխողների թիվը չի պակասում:

Չնայած մեզ մոտ իրականացվում են հակածխախոտային բազմաթիվ միջոցառումներ, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, քանի որ ծխախոտի գովազդով հեղեղված հեռուստատեսությունն ու փողոցները բավական են, որպեսզի հակառակ ազդեցություն լինի: Ըստ հետազոտությունների, վերջին տարիներին ծխախոտ սկսել են օգտագործել հատկապես դպրոցահասակ երեխաները: Ծխախոտի դեմ պայքարող կազմակերպությունները խիստ լավատես են եւ արդեն նվաճում են համարում այն, որ այս տարի վերջապես հաջողվել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենք ընդունել եւ վավերացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Բայց խոստովանում են, որ նոր օրենքը դեռեւս չի նպաստում ծխողների թվի նվազեցմանը, միաժամանակ արդարանալով, թե «դեռ վաղ է արդյունք սպասել, քանի որ մի տարի չկա, որ օրենք ենք ընդունել, բացի այդ՝ օրենքը խախտողների համար վերահսկող եւ պատժող մարմին դեռ չկա»:

Նկատենք, որ գովազդի մասին օրենքը ընդունվել է դեռեւս 1996-ին, ըստ որի էլ արգելվում է ծխախոտի գովազդային վահանակներ տեղադրել մանկական, ուսումնական, բուժական, մշակութային հաստատությունների տարածքներում: Սակայն վերահսկողի եւ պատժողի առկայության դեպքում էլ, միեւնույն է, օրենքի պահանջները չեն կիրառվում: Օրինակ՝ Ամիրյան փողոցում գտնվող Չարենցի դպրոցի հարեւանությամբ տեղադրված «Վինսթոն» ծխախոտի գովազդը անցորդներին հրահրում է «զգալ իրական համը»: Կամ հեռուստաալիքներից մեկով ապրանքանիշի գովազդի անվան տակ պարբերաբար «Սիգարոնի» մասին մոտ կես ժամանոց կոմերցիոն հաղորդում է ցուցադրվում: Գովազդի մասին օրենքով՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը խախտում է: Առաջինի դեպքում վերահսկողն ու պատժողը Երեւանի քաղաքապետարանն է, երկրորդի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Գովազդի մասին հին օրենքով ծխախոտային թեմայով կոմերցիոն բնույթի հաղորդումները պետք է տեւեին առավելագույնը հինգ րոպե: Օրենքի լրամշակված տարբերակը ընդանրապես արգելում է ծխախոտի հեռուստատեսային գովազդը:

Թերի է նաեւ Հայաստանում վաճառվող ծխախոտատուփերի առողջապահական մակնշումը: Ի տարբերություն եվրոպական երկրներում վաճառվող ծխախոտի, որոնց տուփերին գրված առողջապահական հայտարարությունը բավական տեսանելի է եւ զբաղեցնում է տուփի 1/3 մասը, մեզ մոտ այն շատ մանր տառերով է նշված, իսկ երբեմն էլ ձուլվում է ծխախոտատուփի ֆոնին: Հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանի ներկայացմամբ՝ 2008 թ. փետրվարի մեկից «Ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման սահմանափակումների մասին» նոր օրենքի համաձայն՝ Հայաստանում վաճառվող ծխախոտատուփերն էլ պետք է համապատասխանեցվեն պահանջվող եվրոչափանիշներին: Այն է՝ ծխախոտատուփի վրա առողջապահական հայտարարությունը պետք է զբաղեցնի տուփի մակերեսի 30%-ից ոչ պակաս հատվածը. «Բացի այդ պետք է փոխվեն նաեւ առողջապահական հայտարարության տեքստերը՝ ավելի ազդեցիկ ու սուր բովանդակությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել