Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վճիռը՝ հօգուտ լրատվամիջոցի

Նոյեմբեր 05,2005 00:00

Վճիռը՝
հօգուտ լրատվամիջոցի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին
ատյանի դատարանում երեկ հանգուցալուծվեց «Արշիլ Գորկի» հիմնադրամի նախագահ Բադալ
Բադալյանի եւ «Հայոց աշխարհ» օրաթերթի միջեւ ծավալված դատական վեճը: Պատասխանող
կողմից դատարան էր ներկայացել թերթի թղթակից Արթուր Հովհաննիսյանը, որը չընդունեց
հայցը եւ բացառեց հայցվորի՝ հերքում տպելու պահանջը: Հայցվորը մասնավորապես վիրավորվել
էր հոդվածում տեղ գտած եւ իրեն հասցեագրված «ոմն կոշիկ ծախող», «ինքնակոչ արշիլագետ»,
«Շմիդտի որդիներ» բնորոշումներից, որոնք անհարիր են իր անձին, չեն համապատասխանում
իրականությանը: Այդ որակումները նա համարեց շանտաժ եւ օդից վերցրած բառեր: Բ. Բադալյանն
ասաց, որ իրենք հոդվածի տեղեկությունները հերքող տեքստ եւ այլ փաստաթղթեր (հիմնադրամի
կանոնադրություն, կառավարության որոշում) են ներկայացրել խմբագրություն, սակայն դրանք
չեն տպագրվել: Արթուր Հովհաննիսյանը այդ մեղադրանքներին ի պատասխան՝ տեղեկացրեց,
որ վիճարկելի հոդվածը տպագրվել է 2005թ. հունվարին, սակայն հերքման փաստարկները բերվել
են դրանից 4 ամիս անց՝ հունիսին: Մինչդեռ «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքով հերքման պահանջի
համար սահմանված է մեկամսյա ժամկետ: Բ. Բադալյանն ասաց, որ ինքը այդ ժամանակ գտնվել
է ԱՄՆ-ում եւ չի կարողացել ժամանակին արձագանքել: Նրա ներկայացուցիչը՝ Հարություն
Եփրիկյանը խնդրեց բացատրել՝ արդյոք վիրավորական չե՞ն «Շմիդտի որդիներ», «ինքնակոչ»,
«կոշիկի գործով զբաղվող» արտահայտությունները: Թերթի ներկայացուցիչը պատասխանեց,
որ «Շմիդտի որդիները» վիրավորական չէ, քանի որ այն օգտագործվել է փոխաբերական իմաստով,
«նկատի ունենալով, որ տվյալ գործում հայտնվել է կողմնակի անձ (Բ. Բ.-ն), որն իր ինքնուրույն
գործունեությամբ խանգարում կամ կարող է խանգարել ՀՀ կառավարության եւ Մայր աթոռ սուրբ
Էջմիածնի կողմից իրականացվող Արշիլ Գորկու ստեղծագործությունները Հայաստան բերելու
գործընթացին»: Ինչ վերաբերում է «ինքնակոչ» արտահայտությանը, ապա Ա. Հովհաննիսյանը
մեջբերում արեց Էդ. Աղայանի հեղինակած «Բացատրական բառարանից»: «Ինքնակոչ նշանակում
է ինքն իր գլխի տեր, ինքնակամ», որտեղ վիրավորական բան չեմ տեսնում»,- պարզաբանեց
թերթի ներկայացուցիչը: Երբ հերթը հասավ «կոշիկի գործ անողին», Բ. Բադալյանը մի քիչ
նեղացած ու զայրացած ավելացրեց. «30 տարի խանութի տնօրեն եմ եղել, որտեղ կոշիկից
բացի նաեւ կանանց ներքնաշորեր ու այլ ապրանքներ էլ են վաճառվել: Բա դրանց մասի՞ն
ինչի չեք գրել»: Պատասխանողն առիթը բաց չթողեց եւ ասաց. «Հայցվորն իր խոսքում հաստատեց,
որ զբաղվել եւ զբաղվում է կոշիկի առեւտրական գործունեությամբ: Այսինքն՝ հոդվածագիրը
տվյալ պարագայում անճշտություն թույլ չի տվել: Ի վերջո, որեւէ անձի կողմից կոշիկի
գործով, առեւտրով զբաղվելը վիրավորական չէ»: Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց
հետաձգել դատական նիստը՝ լրացուցիչ ապացույցներ բերելու պատճառաբանությամբ, ինչը
մերժեց դատարանը եւ անցավ խորհրդակցական սենյակ: Դատավոր Վազգեն Լալայանը վճռեց մերժել
Բ. Բադալյանի հայցը: Ըստ վերջինիս՝ իրենք դիմելու են վերաքննիչ դատարան: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել