Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժողգործիքները վերադառնում են

Նոյեմբեր 05,2005 00:00

Որպեսզի
վերականգնվի ժողովրդի «այցեքարտը» Նորանկախ Հայաստանի առաջին տարիներից սկսած՝
վերացան հայկական ժողովրդական նվագարանները, բացառությամբ դուդուկի: 90-ականների
կեսերին դադարեց գործել 1978թ. հիմնադրված Հայաստանի պետական ժողգործիքների նվագախումբը:
21-րդ դարասկզբից Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի վաստակաշատ կոլեկտիվ Ա.
Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը մի կարգավիճակում է, որը կարելի է
ներկայացնել այսպես՝ «անունը կա, ամանում չկա»: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար
նշենք, որ ժողգործիքներ նվագախումբ՝ որպես այդպիսին, այս տարիներին հանդիպել ենք
միայն Երեւանի պետկոնսերվատորիայի նվագախմբին՝ տարբեր համերգներում: Գործի փոխարեն,
շուրջ 15 տարի տարբեր ատյաններում միայն բարձրաձայնվում էր, որ առաջին հերթին ժողովրդական
արվեստն է աշխարհում մեր ազգի այցեքարտը: Ժողգործիքների մոռացության փաստը
վերջապես հուզեց մեր կառավարությանը: Արդեն Երեւանում հայտնվել է հայտագիր, որը նոյեմբերի
20-ին հրավիրում է «Ա. Խաչատրյան» համերգասրահ՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական
նվագախմբի համերգ-շնորհանդեսին: Հանդիպեցինք նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նորայր Դավթյանին:
Նա շուրջ 25 տարի աշխատել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբում, ապա
1984թ. ստանձնել կոնսերվատորիայի նվագախմբի ղեկավարությունը: Զրույցի սկզբում
գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ ավելի քան մեկուկես տարի առաջ անցկացվել է
ժողգործիքների երաժիշտների մրցույթ, որի արդյունքում ընտրված 20 երաժիշտ՝ ոգեւորված
նոր նվագախմբի գաղափարով, սկսել են իրենց փորձերը: «Հետագայում հրավիրեցի կոնսերվատորիան
ավարտած եւ դեռ ուսանող երաժիշտների, որի արդյունքում արդեն ունենք 40 երաժիշտ, ասել
է թե՝ պետական այս նվագախմբի կազմը ամբողջական է»,- հայտնեց Ն. Դավթյանը: Նա նշեց,
որ նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է երգահան Արա Գեւորգյանին: «Մտահոգված
լինելով ժողգործիքների, մեղմ ասած, վերացման ու ժողովրդական արվեստի ավանդույթների
պահպանման ու պրոպագանդման հարցերով, ինձ եւ Արային ընդունեց մշակույթի նախարարը,
խոստանալով նվագախմբին տալ պետական կարգավիճակ, ինչը օրինականացվեց այս տարվա ապրիլին»,-
պատմեց երաժիշտը: Հետաքրքրվեցինք նվագախմբի երաժիշտների պետական աշխատավարձի չափով
եւ մեներգիչների հաստիքներով: «Երաժիշտների աշխատավարձը կազմում է 15-30 հազար դրամ,
իսկ հաստիքով երգիչ-երգչուհի նախատեսված չէ: Համերգ-շնորհանդեսին եւ հետագայում եւս,
եթե կլինի անհրաժեշտություն, երգիչ-երգչուհիներ կհրավիրվեն: Նոյեմբերի 20-ին հրավիրված
են ավագ սերնդի ճանաչված եւ երիտասարդ մեներգիչներ»,- ասաց Ն. Դավթյանը: Նա
նշեց նաեւ, որ զուտ նվագախումբ ունենալու անհրաժեշտություններից առաջնայինն այն է,
որ ժողգործիքների երաժիշտները իրենց զգան բացարձակ լիարժեք արտիստ՝ բառի իսկական
իմաստով, այլ ոչ թե կատարեն միայն նվագակցողի դեր: «Ընդհանրապես, ծրագիր կազմելիս,
կընդգրկվեն ժողովրդական, աշուղա-գուսանական, հայ կոմպոզիտորական ճանաչված ու սիրված
ստեղծագործություններ եւ, որ ամենակարեւորն է, նվագախմբի հետ որպես մենակատար գործիքներ՝
կհնչեն քանոնը, շվին, թառը, քամանչան եւ մեր մյուս ժողնվագարանները»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել