Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱԳԻՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Նոյեմբեր 05,2005 00:00

Հանգստյան օրերին իշխանությունները մտածելու
բան ունեն. եթե նրանք բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի մասին կառավարության
թիվ 975 որոշումը կասեցնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկեն, ապա երկուշաբթի օրվանից
կսկսվեն դասադուլներ: Այս մասին երեկ հայտարարեցին Բուհական ավտոնոմիայի պաշտպանության
խորհրդի, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական
միության եւ Քաղաքագետների ու միջազգայնագետների հայկական ասոցիացիայի անդամները:
Նրանք երեկ մայր բուհի առաջ կազմակերպել էին ակցիա, ինչին խոչընդոտելու համար տարբեր
ֆակուլտետների ուսխորհուրդների նախագահներ, առանձին դասախոսներ ջանք չէին խնայում՝
նրանք պարզապես ուսանողներին հավաքում-տանում էին դասի, իսկ ԵՊՀ պրոռեկտոր Սարգիս
Շահազիզյանը լեզվակռվի մեջ էր մտել կազմակերպիչների հետ՝ խորհուրդ տալով պայքարի
ցիվիլ տարբերակ ընտրել: «Թող մեզ դահլիճ տրամադրեն, գնանք ցիվիլ ձեւով խոսենք»,-
ի պատասխան ասացին ուսանողները: Արդյոք անիմաստ չէ՞ շարունակել պայքարը, երբ
բուհերն արդեն գրեթե վերջնականորեն ձեւավորել են խորհուրդների կազմը, իսկ ընդամենը
1 օր առաջ երկրի նախագահն ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր բուհական
խորհուրդների կազմում ուսանողներին նույնիսկ չափից ավելի տեղ է հատկացված: Այ, օրինակ,
այլ երկրներում նրանց թիվը 5-10 տոկոսը չի անցնում, իսկ մեզ մոտ՝ մի ամբողջ 25 տոկոս:
Իսկ, օրինակ, Ամերիկայում, ուսանողներն իրենք են գնում «գուբերնատորին» խնդրում,
որ գա, իրենց բուհի խորհուրդ մտնի, որ իրենց լավ նայի: Երեկվա ակցիայի կազմակերպիչների
մտավախությունն այն է, որ այս որոշմամբ՝ բուհերը քաղաքականացվում են: «Կոչ ենք անում
իշխանություններին՝ քաղաքական երանգ չտալ այս խնդրին, մենք խնդիր չունենք պահելու
որեւէ բուհի ռեկտորի, պաշտպանելու որեւէ թեկնածուի: Մեզ համար կարեւոր է, որ բո՛ւհը
որոշի, թե ով է լինելու իր ղեկավարը: Կառավարությունն այս որոշումն ընդունել է ֆինանսական
լծակներին տիրապետելու համար: Որոշման հիմնական նպատակն է՝ բաժանել բուհերը՝ ըստ
կոալիցիոն սկզբունքի. մի մասը տալ ՀՀԿ-ին, մի մասը՝ ՕԵԿ-ին: Իսկ բուհը երբեւէ չպետք
է կցորդ լինի որեւէ կուսակցության, որովհետեւ կուսակցությունները գնացող են, իսկ
բուհը միշտ պետք է մնա: Բուհի ծրագրերը ինչ-որ կուսակցական գործիչներ չպետք է որոշեն»,-
իր ելույթում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արեն Մանուկյանը:
Կազմակերպիչները բնավ էլ չեն կարծում, որ այս պահին իրենց պայքարը ժամանակավրեպ
է. «Եթե ուշ լիներ, այսօր մեզ չէին խանգարի ակցիա կազմակերպել: Խորհուրդների կազմի
ցուցակները կան, բայց դեբատների մեջ են, ոչինչ վերջնական չէ»,- ասում է Քաղաքագետների
ու միջազգայնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Արման Վարդանյանը: Նա նաեւ չի
վախենում, որ այս ամենից հետո կարող է խնդիրներ ունենալ ասպիրանտուրա ընդունվելու
հարցում. «6-րդ վարչության հետ ենք գործ ունեցել (հիշեցնենք, որ մի քանի անգամ 6-րդ
վարչություն է կանչվել պայքարի ակտիվիստ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը- Հ. Բ.):
Եթե այդքանից հետո էլի պայքարում ենք, դրանից ավել ի՞նչ պետք է անեն: Քրեական գո՞րծ
պետք է հարուցեն: Եթե ասպիրանտուրա էլ չթողնեն, կգնանք Մոսկվայում կպաշտպանենք»:
«Եթե իշխանությունները հաշված օրերի ընթացքում չտան պատասխան (շաբաթ-կիրակի
ժամանակ ենք տալիս), ապա մենք անցնելու ենք պայքարի այն մեթոդին, որը կոչվում է դասադուլ»,-
հայտարարեց Վարդան Խաչատրյանը: Մեթոդը շատ դուր եկավ հավաքվածներին, որոնցից ոմանք
գաղափար անգամ չունեին կառավարության որոշման մասին: «Դասադուլը լինելու է նախազգուշական
եւ հետապնդելու է մեկ նպատակ՝ մենք չենք ուզում վնասել բուհական համակարգին, սակայն
եթե սկսվելու է բուհերի քաղաքականացումը, նրանց քաղաքական կեղեքումը, եթե մեզանում
տեղի է ունենալու այն ամենը, ինչ տեղի է ունեցել դպրոցներում՝ օպտիմալացում եւ այլն,
այստեղ մենք չենք հանձնվելու: Իսկ եթե մեր պահանջներին իշխանությունները չեն պատասխանի,
ապա դասադուլը կլինի շարունակական եւ կհանգեցնի ուղղակի ճգնաժամի երկրի ներսում:
Մենք հետ գնացող չենք»,- ասաց Վ. Խաչատրյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել