Քանի ձմեռը մոտենում է՝ գյուղացու մտահոգություններն ու պրոբլեմներն ավելանում են
Նախ, առաջ է գալիս տաքանալու խնդիրը: Ճիշտ է կառավարությունը, նկատի ունենալով «ՀայՌուսգազարդի» հնարավորությունները, խնդիրը գրեթե լուծված է համարում, սակայն այդպես չեն կարծում բնակիչները: Գյուղերը գազիֆիկացվում են, բայց խեղճ գյուղացու բնակարանները՝ ոչ: «Պայո՜, էդ մեր համար գիտե՞ս ինչ մեծ հաճույք ա, էդքան փարա մեզ հո՞ւստ, իմ մե տարվա թոշակն սկի էդքան չկազմա, ես իմա՞լ 130 հազար դրամ տամ՝ գազ քաշեմ: Կնշանակա՝ ես 2 տարի պետք ա սոված-ծարավ նստիմ»,- այսպես արձագանքեց Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչներից մեկը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ գազից չեն օգտվում: Գյուղացիների պատմելով՝ դեռ նախորդ տարիներին տորֆով մի կերպ «յոլա էին գնում», հիմա մարզպետարանը թույլ չի տալիս այն անվճար վերցնել՝ գյուղացիների վրա վաճառում է: «Այ մարդ, բնության տված բարիքից էլ չեն թողնում օգտվենք, մկա ամեն ինչ ծախում են: Որ փարա ունենայինք՝ էդ թոզն ինչի՞ կառնեինք, կգնայինք, նորմալ ցախ կառնեինք՝ կվառեինք»,- «Առավոտին» դժգոհեցին Գեղարքունիքի բնակիչները:
Այս օրերին գյուղի միապաղաղ կյանքում մեծ ակտիվություն են մտցրել բեռնակիր մեքենաներով փայտ վաճառողները. «Հրազդանի ցա՜խ», «Կիրովականի ցա՜խ» կանչելով՝ պտտվում են գյուղերում, բարձր գների համար կռվում «քծիբ» գյուղացիների հետ ու դառնում խոսակցության առարկա: 1 խմ փայտը գյուղում վաճառում են նվազագույնը 16 հազար դրամ, բայց՝ փայտավաճառների համար կա մի «ոսկե կանոն». 5 խմ-ից պակաս փայտ չեն վաճառում: «Կուբամետրերով ձեռք չի տալիս, կարողա՞ չենք ուզում, որ շուտ ծախենք-գնանք, բայց ամեն կբմ-ի մեջ մի-երկու փայտ էլ որ ավել գնա՝ էլ մեզ տակը բան չի մնա»,- այսպես մեկնաբանեց փայտավաճառներից մեկը:
Բացի վառելիքից, գյուղացիներին աշնանային այս օրերին մտահոգում են նաեւ վարի խնդիրները: Գյուղերում տրակտորներ չկան, իսկ ունեցողներն էլ կլորիկ գումարներ են պահանջում՝ ուրիշի տարածքը վարելու համար: Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչների ներկայացմամբ՝ եթե անցյալ տարի հողը վարում էին 35-40 հազար դրամով, այս տարի՝ 45-50 հազարից չեն իջնում: Գյուղապետ Աբիսողոմ Մաթեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք էլ են գյուղացու մասին մտածում. «Գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում, որ բյուջեից գոնե 1 վարի տրակտոր ձեռք բերի: Եթե դա լինի՝ գյուղապետարանի հսկողությամբ բոլոր բնակիչներին կսպասարկենք»: Սակայն հաշվի առնելով գյուղապետարանի առջեւ ծառացած առաջնային խնդիրների ցանկը, դժվար թե տրակտորի հերթը հասնի: Գյուղի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն դրամ, որից 4 մլն-ը հատկացվել է միջհամայնքային ճանապարհների վերանորոգման, 2 մլն-ը՝ խմելու ջրի ցանցը վերականգնելու համար: Չնայած այս ամենին՝ գյուղացու ամենամեծ խնդիրը մնում է բերքի իրացումն ու մթերումը: Ինչպես գյուղատնտեսության նախարարությունը, այնպես էլ Էջմիածնի պահածոների գործարանի գործադիր տնօրեն Պետրոս Հովակիմյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ գյուղացիների հետ պայմանագրեր կնքվել են: Թե ո՞ր գյուղացիների՝ նա չպատասխանեց, պատճառաբանելով, թե «դա տնտեսական հարց է, ես չգիտեմ»: Գյուղացիներն էլ պնդում են, որ իրենց հետ ոչ մի գործարար պայմանագիր չի կնքել. «Ընդամենը 2000 մ հող ունենք, մեզ ո՞վ ա բանի տեղ դնում, որ դրա համար էլ հետներս գործարք անեն»:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ