Ս.
ՋՈՆԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԵՑԻՆ Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռը Կալկաթայի
Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնին ազատեց աշխատանքից: Կալկաթայում
Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից սովորող 101 սաներին ղեկավարող այս
կինը հայտնի է երեխաների նկատմամբ կիրառած իր «յուրահատուկ» բռնություններով:
Բացի այդ, այս տարվա սկզբին ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: («Առավոտը»
բազմիցս անդրադարձել է այդ խնդիրներին)։ Տարիներ շարունակ Մայր Աթոռը փորձում էր
ազատվել այս տնօրենից, սակայն հաջողության չէր հասնում: Ճեմարանի գործերի ֆինանսական
վերահսկողությունը դրված է Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի
վրա, որի նախագահը նույն Սոնյա Ջոնն է: Եկեղեցին ճեմարանին տարեկան հատկացնում է
կես մլն դոլար: Տնօրինելով եկեղեցու ֆինանսական միջոցները՝ նա նաեւ չարաշահումներ
էր թույլ տվել եւ դրամական յուրացումներ կատարել: Ճեմարանի եւ եկեղեցու ֆինանսական
հաշվետվությունները փակ էին անգամ Մայր Աթոռի համար. ոչ ոք չի կարողանում իմանալ,
թե ինչպես է Սոնյա Ջոնը տնօրինում այդ գումարները: Մինչդեռ խոսքը բավական մեծ գումարների
մասին է, որոնք տարբեր ժամանակներում եկեղեցուն են կտակել բարերարները: Մեր ունեցած
տվյալներով` այն կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար: Սոնյա Ջոնը կաշառել էր
Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասին, եւ Մայր Աթոռին երկար ժամանակ չէր հաջողվում
նրա դեմ որեւէ որոշում կայացնել: Կվերընտրվի՞ արդյոք Սոնյա Ջոնը Ս. Նազարեթ եկեղեցու
Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում` պարզ կդառնա նոյեմբերի 6-ին կայանալիք
խորհրդի նիստից հետո: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am