Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն ԵՐԿԻՐ Է

Նոյեմբեր 05,2005 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱ՞Ն ԵՐԿԻՐ Է Երեկ շարունակվեց Գլոբալիզացիայի
եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի` Բաց հասարակության ինստիտուտի
օժանդակությամբ կազմակերպած «Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ եվրոպական
հարեւանության քաղաքականության հեռանկարները Հայաստանի համար» թեմայով միջազգային
գիտաժողովը: Օրվա մեխը ազգությամբ թուրք, ԱՄՆ Մարշալի հիմնադրամի Անկարայի
գրասենյակի տնօրեն, «Հայացք Թուրքիային» պարբերականի խմբագիր Սուատ Կինիկլիօղլուի
զեկույցն էր՝ «Թուրքիան ԵՄ-ում. հնարավորություններ Հարավային Կովկասի համար» թեմայով:
Բանախոսի համոզմամբ՝ դեպի ԵՄ մղումներում Թուրքիան բավական փոխվել է՝ ազատություններ
են տրվել փոքրամասնություններին, մարդու իրավունքներն են հարգվում, բանտերի վիճակն
է փոխվել եւ այլն: Որ դեռ թերություններ կան՝ նա չի ժխտում: Պարոնին զարմացնում է,
սակայն, թե ինչու են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները թուրքական իրականությունն
այլ կերպ ներկայացնում. «Թուրքիան բաց եւ ժողովրդավարական երկիր է»,- հայտարարեց
նա: Կինիկլիօղլուն կարծում է, որ Թուրքիան Եվրոպայի դուռը թակել է ամենավատ ժամանակ,
քանի որ Եվրոպան դեռ չի մարսել նոր ընդլայնումը: Բայց դա նրան չի խանգարում լավատես
լինել՝ «Թուրքիայի շրջապատում բոլորը ժողովրդավար են դառնում՝ Սիրիայում, Լիբանանում,
Իրաքում, Վրաստանում, Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացներ են ընթանում: Ընդլայնված
Եվրոպայում չեն ցանկանում ապրել օլիգարխների ներքո՝ փոքր եւ փակ հասարակություններում»:
Բանախոսը չի կարծում, որ «15 թվականի իրադարձությունների» հարցն անմիջականորեն կդրվի
Թուրքիա-ԵՄ բանակցությունների սեղանին, եւ նկատեց. «Այդ հարցը որքան անուղղակի քննարկվի,
այնքան հայ-թուրքական հարաբերությունները կմնան բարիդրացիության տիրույթում»: Կիպրոսի
խնդրի առկայությամբ Թուրքիա-Հունաստան հարաբերությունների օրինակով Հայաստան-Թուրքիա
հարաբերությունները բանախոսը հնարավոր է համարում միայն «Ադրբեջանին՝ «գրավյալ տարածքներից»
գոնե երկու շրջան վերադարձնելուց» հետո: Նկատի ունենալով Հայաստանում թուրքական
ապրանքների մեծածավալ առկայությունը, նա փաստում է անուղղակի առեւտրի գոյության մասին
եւ կողմ է սահմանների բացմանը: Ավելին, անհրաժեշտ է համարում Թուրքիա-Հայաստան երկխոսությունը,
բայց առանց միջնորդների եւ ոչ «15 թվականի իրադարձությունների» հիմքով: Ն.
Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել