Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դառնում է կարեւոր

Նոյեմբեր 05,2005 00:00

Գտնում է Արամ Կարապետյանը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադիի «Աշխարհն առանց սիոնիզմի» կեցվածքը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գնահատում է որպես արաբական աշխարհի լիդերությունն իր կողմը գրավելու բավականաչափ մտածված քայլ, չնայած ԻԻՀ-ն արաբական երկիր չէ: Սա բնավ չի նշանակում, որ պարոն Կարապետյանը հավանության է արժանացնում այդ հայտարարությունը. «Այդպիսի նախադասությունը ես երբեք չեմ կարող ընկալել, որովհետեւ ժամանակին նման հայտարարություն արվել է նաեւ Թուրքիայի կողմից՝ Հայաստանի վերաբերյալ»: Բայց «պարզվեց, որ հիմա պիտի նման շարժ սկսվի», ու Ա. Կարապետյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի համար տարածաշրջանում կարեւոր են դառնում Ադրբեջանն ու Հայաստանը՝ Իրանի անմիջական հարեւանները: Այս զարգացումների համընկնելը Իրաքի՝ Սահմանադրության անցնելուց հետո փաստացի ֆեդերատիվ պետություն դառնալուն, մեր զրուցակցի համոզմամբ, առաջ է բերում քրդական խնդրի լուրջ խաղարկում: «Ապագա տասնամյակի ընթացքում քրդական խնդիրը լուրջ փաստարկ է դառնալու տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- կարծում է պարոն Կարապետյանը եւ այդպիսով հիմնավորում Ադրբեջանի եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա լուրջ ուշադրությունը: Այս ամենում ՌԴ-ի կեցվածքը նա բնութագրում է այսպես՝ «ՌԴ-ն լավ հասկանում է, որ Իրանի հետ կապված խնդիրներում ԱՄՆ-ի կողմից զիջում չի լինելու, ուստի կիրառում են «Չենք հանձնի Իրանը, չենք հանձնի Հայաստանը» սկզբունքը»: Որքանո՞վ ՌԴ-ի ռեսուրսները կբավարարեն դիվանագիտական խողովակներով դա ապահովել՝ մեր զրուցակիցը դժվարանում է այսօր կանխատեսել, բայց վստահ է, որ ամերիկացիները պետք է ջանան իրավիճակը փոխել:

Այս համատեքստում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ ներքաղաքական խնդիրների հետ կապված հայտարարությունները պարոն Կարապետյանը գնահատում է ավելի արտաքին աշխարհին ուղղված. «ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ 2007-ին պատրաստ է իր ուժերի ներածին չափով իրավիճակը փոփոխել, այսինքն՝ Հայաստանում զերծ չմնալ քաղաքական գործընթացներից»: Ադրբեջանի պարագայում այլ է. «Ադրբեջանում ուղղակիորեն կա այդ խնդիրը: Իլհամ Ալիեւը շատ դժվարությամբ կհաջողի մնալ, եթե, իհարկե, դա նրան հաջողվի: Մնալու պարագայում էլ բավականին թույլ դիրքեր կունենա. կփոխվի իշխանության ողջ կոնֆիգուրացիան»: Եթե հիմա հայաստանյան ընդդիմությանը չհաջողվի իշխանության «հարցերը լուծել», ապա ՆԺ ղեկավարի կարծիքով՝ նույն իրավիճակը կստեղծվի մեր երկրում: Իսկ հանգուցալուծումը կլինի 2006-ի գարնանը՝ «երբ երկու կողմն էլ ստիպված կլինեն ղարաբաղյան փաստաթղթին վերջնական «այո» կամ «ոչ» ասել: Հիմա ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը սուպերպրագմատիկ մոտեցում են ցուցաբերում՝ ՌԴ-Բելառուսին կաջակցեք՝ մենք ձեր կողմն ենք, չէ՝ չէ, ինչպես Մոդեստ Կոլերովը ասաց եւ այլն»: Այս զարգացումների առանցքում ՀՀ պաշտպանության նախարարի այցը Միացյալ Նահանգներ եւ հանդիպումները ՆԺ ղեկավարը դրական է գնահատում, բայց՝ «այլ հարց է, որ իմ տեղեկություններով, դա հայաստանյան ներքաղաքական զարգացումներում ոչ մի ազդեցություն էլ չի ունենա»:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ա. Կարապետյանի մտավախությունը ՌԴ-ՀՀ շահերին չվնասելն է: «ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերի նորմալ համադրումը ԱՊՀ պետություններից միայն Հայաստանին է ուժեղացնելու: Նորմալ նախագահի եւ տրամաբանական զարգացումների պարագայում ՀՀ-ն շատ լավ խաղացող կարող է լինել նաեւ Իրանի հետ կապված խնդիրներում, փոքր, բայց արդյունավետ դերակատարում կարող է ունենալ: Իսկ մարդիկ եկել ու փողի համար չեն ուզում գնալ, ոչ էլ ուզում են ինչ-որ բան տեսնել ու առաջ գնալ»,- ասում է ՆԺ ղեկավարը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել