Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԻՍԱՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆ Է

Նոյեմբեր 05,2005 00:00

Ոմանք ստի փոխարեն ասում են կես ճշմարտությունը
Հինգշաբթի օրը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ
հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ցույց էր տվել փաստաթղթեր, որոնք վկայում էին
այն մասին, որ 2000թ. ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ստորագրել
էին Եվրախորհրդին ուղղված մի հատուկ դիմումի տակ, որով, ԵԽ-ին անդամակցելու դեպքում,
պարտավորվում էին, ի թիվս այլ բարեփոխումների, ստանձնել, իբր, նաեւ սահմանադրական
փոփոխությունների իրականացումը: Ուսանողների «դատին հանձնված» համանման մեկ այլ փաստաթղթով
հիշյալ պարտավորությանը, իբր, ստորագրությամբ իրենց համաձայնությունն էին տվել նաեւ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, Արտաշես
Գեղամյանի ու Խորեն Սարգսյանի: «2000 թ.-ին Արամ Սարգսյանը եղել է վարչապետ եւ ստորագրել
է այս դիմումի տակ, հետաքրքիր է, չէ՞: Ընդհանրապես, ժողովրդի մեջ եթե մեկը մի բան
է պարտավորվում, հետո չի անում, ո՞նց ենք որակում նման մարդկանց… մի հատ ասեք,
հա՞: Ավելի լավ բառ կա ժողովրդական, ավելի լավ բառ կա, չեմ ուզում այդ բառը կիրառել,
բայց վիճակը սա է»: Ահա այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս: Երեկ մատնանշված անձինք՝
պատասխանելով մասնավորապես «Ազատություն» ռ/կ-ի հարցերին, արդարանում էին, թե՝ այո,
իրենք ստորագրել են այդպիսի փաստաթղթի տակ: Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության
նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքը հպարտ է, որ նման փաստաթուղթ է ստորագրել,
Վազգեն Մանուկյանն էլ համանման մի պատասխան էր տվել, Արտաշես Գեղամյանն էլ Ռոբերտ
Քոչարյանի երեսովն էր տվել ԵԽ առջեւ ստանձնած այն բոլոր պարտավորությունները, որոնք
ՀՀ նախագահը չէր կատարել, ու հակադարձել էր Ռ. Քոչարյանին՝ հիմա թող ունկնդիրներն
ասեն՝ ժողովուրդն ի՞նչ բառով է բնութագրում նրանց, ովքեր իրենց խոստումը չեն կատարում,
ու խորհուրդ էր տվել դիմել Ռ. Քոչարյանին՝ այդ բառը պոպուլյար լեզվով բացատրելու
համար: Իսկ իրականությունն այն է, որ հիշյալ գործիչներից եւ ընդհանրապես ԵԽ
պարտավորությունները ստանձնելու համաձայնության տակ ստորագրածներից որեւէ մեկը չի
ստորագրել սահմանադրական փոփոխություններ կատարելու պարտավորության տակ, որովհետեւ
նման պարտավորություն չի էլ եղել: ԵԽ-ն երբեք՝ ոչ Հայաստանի անդամակցությունից առաջ,
ոչ դրանից հետո նման պահանջ ընդհանրապես չի ներկայացրել: Դա կամովին ստանձնել են
ՀՀ իշխանություններն ու առաջին հերթին՝ հենց Ռոբերտ Քոչարյանը՝ դեմ տալով ԵԽ-ին ու
սահմանադրական փոփոխություններով պայմանավորելով ՀՀ օրենսդրական դաշտի բարեփոխման
վերաբերյալ պահանջների կատարումը: Հիմնական պարտավորությունները, որոնք ԵԽ-ն
համարել է սկզբունքային, ի սկզբանե եղել են չորսը՝ վերացնել մահապատիժը, կալանավայրերը
ՆԳՆ իրավասության շրջանակից փոխանցել արդարադատության նախարարության ենթակայության
տակ, սահմանել այլընտրանքային զինծառայության հնարավորություն եւ ընդհանրապես՝ եվրոպական
չափանիշներին համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը: Պահանջներից մեկն էլ վերաբերել
է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրմանը, եւ այս իմաստով անհրաժեշտ
էր համարվել «Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ունեցած ազդեցության բանեցումը»։ Պահանջների
թվում եղել են եվրոպական մի շարք կոնվենցիաների վավերացումը, այդ թվում՝ նաեւ Մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը,
ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը, որը ներառում է տեղական ինքնակառավարման
մարմինների հնարավորինս ինքնուրույնություն, դատաիրավական մարմինների լիակատար անկախություն,
ԶԼՄ-ների ազատություն եւ առհասարակ՝ մարդու իրավունքներին ու քաղաքացիական հասարակությանը
վերաբերող այլ խնդիրներ: Եվրախորհրդի փորձագետները ՀՀ-ին վերաբերող իրենց
զեկույցներում սահմանադրական բարեփոխումների մասին սկսել են խոսել այն բանից հետո,
երբ ՀՀ իշխանությունները արդարացել են, թե ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին
համապատասխանեցնելու համար դեռ պետք է դրա համար հող ապահովել՝ նշելով սահմանադրական
փոփոխությունների անհրաժեշտությունը, որն, ի դեպ, դեռ 1998թ. իշխանափոխությունից
հետո նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը որպես նախընտրական խոստում տվել էր ոչ այնքան
իր ընտրողներին, որքան իր թեկնածությունն այն ժամանակ պաշտպանած ԱԻՄ նախագահ Պարույր
Հայրիկյանին: Հիշեցնենք, որ վերջինս բազմիցս է շեշտել, որ Ռ. Քոչարյանին ժամանակին
սատարելու իր որոշումը պայմանավորված է եղել հենց սահմանադրական փոփոխություններ
կատարելու նրա համաձայնությամբ: Անգամ մանրադիտակով նայելիս ոչ Ա. Սարգսյանի, ոչ
էլ ընդդիմադիր գործիչների ստորագրած փաստաթղթերում դժվար է գտնել սահմանադրական փոփոխություններ
անելու պարտավորություն ստանձնելուն վերաբերող որեւէ բառ: Մնում է հարցնել՝
ժողովուրդն ինչպե՞ս է արտահայտվում մեզ մոլորության մեջ գցողի մասին ավելի պոպուլյար
լեզվով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել