Մենք խաբում ենք ազնվորեն Ահա աճպարարության բանաձեւը՝ ըստ Վարդան Ամիրյանի «Միստր մոգ», «Մոգության արքա» տիտղոսակիր եւ մի քանի միջազգային մրցույթների հաղթող, աճպարար Վարդան Ամիրյանը ներկայումս աշխատում է նոր ծրագրի վրա՝ «Մեջիք շոու- Մարի Վան»: Սցենարի հեղինակը երիտասարդ ռեժիսոր Մարիաննա Այվազյանն է: Նոր ծրագիրը բաղկացած է այնպիսի համարներից, որոնք շոուին մասնակից են դարձնում նաեւ հանդիսատեսին: «Հանդիսատեսը դառնալու է իմ խաղընկերը»,- պարզաբանեց աճպարարը: Կլինեն նաեւ հետաքրքիր համարներ՝ նման Դեյվիդ Կոպերֆիլդի հնարքներին: Սակայն եթե Կոպերֆիլդը պատի միջով էր անցնում, հայկական տարբերակում հայելու միջով են անցնելու: «Սարսափազդու» համարներ էլ կլինեն՝ արկղի մեջ մտած մարդը կանդամահատվի ու կանհետանա: Ծրագրի երկրորդ բաժնում հիպնոս է լինելու: Ցանկացողը կբարձրանա բեմ ու հենց բեմի վրա քուն կմտնի: «Մեր հանդիսատեսը մի քիչ կոմպլեքսավորված է, ամեն հնարքի չի ցանկանում մասնակից լինել»,- նկատեց Մարիաննան ու խորհուրդ տվեց իրենց շոուին ներկայանալ առանց բարդույթների: Վ. Ամիրյանից հետաքրքրվեցինք, ինչո՞ւ անհաջողության մատնվեցին Հայաստանում աճպարարների դպրոց բացելու նրա բոլոր ջանքերը, մի բան, որ ժամանակին հաջողությամբ արել է արտասահմանում: «Ախր Հայաստանում այնպիսի վիճակ է, կարծես բացի պարից ու երգից՝ ուրիշ արվեստ գոյություն չունի: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վաղուց գործում են աճպարարական դպրոցները, ԱՄՆ-ում նույնիսկ աճպարարների ակադեմիա կա, իսկ մեզ մոտ մի փոքրիկ դպրոց էլ չհաջողվեց հիմնել: Մարդիկ տրտնջում են, թե անվճարունակ են, բայց նույն գումարը չեն խնայում իրենց երեխաներին պարի տալու համար»,- ասաց աճպարարը: Նա տեղեկացրեց, որ շուտով կլինի հեռուստահաղորդում, որի շնորհիվ հեռուստադիտողին որոշ հնարքներ կուսուցանվեն կենցաղային ամենատարրական ապրանքներով: Նաեւ կհրավիրվեն տարբեր բնագավառների ճանաչված ներկայացուցիչներ, որոնք եւս կզարմացնեն իրենց հնարքներով: «Հաղորդման հովանավորների արտադրանքն էլ ոչ թե պարզապես կգովազդվի, այլ մեր հաղորդման ընթացքում դրանք (դիցուք՝ կաթնամթերքը, հագուստը եւ այլն) կդառնան ֆոկուսների բաղկացուցիչ մասը»,- ավելացրեց պրն Ամիրյանը: «Լավ կլիներ, որ Թատերական ինստիտուտում բացվեր ընդհանուր օրիգինալ ժանրի կուրս, որտեղ կուսուցանվեր նաեւ աճպարարություն: Ունենք որակյալ մասնագետներ, որոնք անգործության պատճառով հեռանում են Հայաստանից ու հանդես գալիս այլ երկրների «դրոշի» տակ»,- նման առաջարկությամբ հանդես եկավ Վ. Ամիրյանը, որը պատրաստվում է համախմբել բոլոր հայ աճպարարներին: Նրա համոզմամբ՝ վաղուց ժամանակն է ունենալ Հայաստանի աճպարարների միություն, որը կհետաքրքրվի, թե որ երկրում ինչպիսի փառատոն է կազմակերպվում, եւ ուր՝ ում արժե ուղարկել: Հարցին՝ մասնագիտական էթիկայի ի՞նչ կանոնների պիտի հետեւի աճպարարը, Վ. Ամիրյանը ժպտալով պատասխանեց. «Աճպարարը իրավունք չունի իմացած հնարքները գործի դնել խարդախության նպատակով, ասենք՝ թեկուզ կազինո գնալ ու խաբելով գումար շորթել: Ճիշտ է, մեր պարագայում էլ ենք խաբում, բայց դա բարի խաբեություն է եւ արվեստաձեւ, որը պահանջում է ազնվություն, մաքրություն: Մի առիթով ինձ փորձեցին խաբել շուկայում, աչքիս առաջ հաշվելով դրամը՝ վերադարձրին ավելի քիչ: Ես էլ նման ձեւով վարվեցի այդ մարդու հետ: Հետո վերադարձրի իհարկե՝ խոստում պոկելով, որ այլեւս այդպիսի բան չի անի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ