Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՂ

Նոյեմբեր 04,2005 00:00

ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՅՈՒՂ Ա ՎԱՌՈՒՄ» Բայց եթե չանցնի, աշխարհը փուլ չի գա «Ուզում ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել,- Ռոբերտ Քոչարյանը երեկ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ գործող սահմանադրությունը համեմատեց մեքենայի հետ:- Արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում, բայց կարաս օգտվել… մինչեւ Սեւան կհասնենք, մի քիչ հեռու գնանք՝ բուքսիրով հետ կգանք»: Սակայն եթե սահմանադրության բարեփոխված տարբերակը չանցնի էլ, «աշխարհը փուլ չի գա, եւ ես, որպես նախագահ, տեր եմ լինելու ե՛ւ «այո»-ին, ե՛ւ «ոչ»-ին: 2003-ին էլ չանցավ, առանձնապես ոչ մի կատաստրոֆա էլ չեղավ»: Սահմանադրության «չանցնելու» պարագայում, ըստ նախագահի՝ «եղածից շատ բան չենք կորցնի», այլ պարզապես որոշակի հնարավորություններ բաց կթողնենք: Համ կուլամ, համ կուտամ լիազորություններս Ուսանողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս է նախագահը համաձայնել նոր սահմանադրության հետ, որով իր լիազորությունները զգալիորեն կրճատվում են: Պարզվում է՝ նույն հարցը նախագահին տվել է իր որդին. «Պապ, քեզ պե՞տք է այս սահմանադրությունը»: Եվ նախագահը պատասխանել է. «Անձնապես ինձ պետք չէ, տղա՛ս, բայց քե՛զ է պետք, որովհետեւ ես ուզում եմ, որ դու ապրես ավելի ազատական արժեքների վրա հենված երկրում: Ես կամավոր հրաժարվում եմ իմ լիազորություններից, որոնցից, անկեղծ ասած, ես չեմ ձանձրացել»: Սերս գաղտնի թող մնա Ըստ նախագահի՝ տրամաբանական կհնչի այն կարծիքը, թե ընդդիմությունը պայմանավորվածություն ունի նախագահի հետ՝ «ոչ»-ի քարոզարշավի հարցում. «Ես չգիտեի, որ սրտի խորքում այդքան ինձ սիրում, հարգում են: Այսքան կատաղի ձեւով պայքարել իմ լիազորությունների համա՞ր. ես շնորհակալ եմ: Կա մեկ հստակ գիծ՝ անել ամեն ինչ՝ հակառակ նրան, ինչ առաջարկում են իշխանությունները: Սա վատ կարգախոս է ընդհանրապես: Եթե այս սկզբունքով շարժվենք, ապա եկեք հրաժարվեք ամեն ինչից, ինչ արվում է իշխանության կողմից. չանցնեք Դավիթաշենի կամրջով, չքայլեք Երեւանի լուսավորված փողոցներով, ընտրեք հատուկ մութ փողոցները, բարեկարգված փողոցներից ընդհանրապես մի՛ օգտվեք, քանի որ սրանք գործող իշխանություններն են արել»: «Ումի՞ց եմ պակաս» Ուսանողների կողմից հնչած մի հարցն էլ վերաբերում էր նրան, թե ինչ կանի նախագահը՝ իր լիազորությունների ավարտից հետո: Նախագահն այս առիթով հիշեց տարածված լուրերը, թե սահմանադրական բարեփոխումներով մեծացնելով վարչապետի լիազորությունները, Ռ. Քոչարյանը պատրաստվում է վարչապետ դառնալ: Եվ ավելացրեց, որ փոփոխությունների փաթեթում մեծ են նաեւ դատավորների, դատախազների, ԱԺ-ի լիազորությունները: Այնպես որ՝ Ռ. Քոչարյանի ընտրությունը մեծ է. «Ումի՞ց եմ պակաս՝ գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ, տոկունությամբ, կամքով: Կգա ժամանակը՝ կմտածենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու հետագայում»: Սրճարանային աուրա Երկրի նախագահը Հայաստանը ցանկանում է տեսնել «բարեփոխված սահմանադրությամբ»: Ռ. Քոչարյանի նվիրական երազանքն է ունենալ մի երկիր, որտեղ ապրելիս մարդ ցանկություն չունենա փոխել գրանցումը: «Կցանկանայի, որ մնար այն աուրան, որ Հայաստանն ունի մարդկային հարաբերությունների տեսանկյունից: Եվ շատ մտահոգիչ կլինի ինձ համար, եթե մենք այս հանգամանքը կորցնենք: Ով գալիս է Հայաստան, Երեւանում երեկոները քայլելով, շփվելով սրճարաններում, ուղղակի չի ուզում գնալ: Կարող է մեկը մյուսի հասցեին բամբասի, բայց սրանք երկրորդական բաներ են: Եթե պետք է Եվրոպա դառնանք, որ նույն պադյեզդում ապրենք ու հարեւանին չճանաչենք, լավ է՝ չդառնանք: Եվրոպային նմանվելով պետք է պահպանենք այն հոտն ու համը, որ մեր ժողովուրդն ունի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել