Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն

Նոյեմբեր 04,2005 00:00

Չեն հանդարտվում Իրանի նախագահ Ահմադինեջադի մեծ աղմուկ հանած վերջին հայտարարությունների միջազգային արձագանքները դեռ չեն մարել եւ, ըստ ամենայնի, շուտ չեն էլ մարի: Նախօրեին Իտալիայի մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել էին Իրանի նախագահի թույլ տված հայտնի արտահայտությունների կապակցությամբ բողոքի ցույցեր անցկացնել Հռոմում ԻԻՀ դեսպանատան մոտ: Այս ձեռնարկման դեմ, իր հերթին, կտրուկ բողոք է արտահայտել Իրանի արտգործնախարարությունը: Ավելին՝ ըստ «Ռոյթերի», պարզաբանումների համար նախօրեին Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Իտալիայի դեսպան Ռոբերտո Տոսկանոն: Հաղորդվում է նաեւ, որ երեկ նախատեսված ցույցին պետք է մասնակցեին ինչպես Իտալիայի կառավարող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները՝ իրենց վճռական բողոքն արտահայտելու Ահմադինեջադի՝ «Իսրայելը աշխարհի երեսից ջնջելու» բանավոր սպառնալիքների կապակցությամբ: Իրանի ԱԳՆ վերոհիշյալ գործողություններից իտալացիները «կրկնակի» են վրդովվել, իսկ նրանցից ոմանք հանդես են եկել խիստ կտրուկ հայտարարություններով: Մասնավորապես՝ բարենորոգումների նախարար եւ «Հյուսիսի լիգա» աջ կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Կալդերորին հայտարարել է, թե Հռոմը պետք է հետ կանչի իր դեսպանին Թեհրանից: «Ես կարծում եմ, որ չի կարելի քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, ովքեր իրենց այդքան անքաղաքակիրթ են դրսեւորել»,- ասել է իտալացի նախարարն ու քաղաքական գործիչը: Միջազգային պակաս անհանգստություն չի առաջացրել նաեւ Իրանի նախագահի սանձազերծած «դիվանագիտական-կադրային» դեմարշը: Արդեն հայտնի է, որ պաշտոնական Թեհրանը մտադիր է մինչեւ 2006 թ. մարտի վերջը փոխել աշխարհի տարբեր երկրներում իր 97 դեսպաններից 40-ին, այսինքն՝ դիվանագիտական ողջ կորպուսի գրեթե կեսին: Արեւմտյան դիտորդները հակված են կադրային այս «փոթորիկը» կապել այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի էլ ավելի ռադիկալացման հետ, թեեւ Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ դեսպաններին ետ կանչելն ընդամենը պայմանավորված է նրանց առաքելության ժամկետների ավարտով: «Դեսպանների փոխարինումը բնական գործընթաց է, եւ հարկ չկա այն կապելու ինչ-որ այլ բաների հետ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Այդուհանդերձ, դիտորդները նկատել են տալիս, որ միաժամանակ 40 դիվանագետների ժամկետների սինխրոն ավարտման մասին այդ պնդումները չեն կարող համոզիչ դիտվել: Բավական է նշել միայն, որ Թեհրանն առաջին հերթին իր դեսպաններին ետ է կանչել, այսպես կոչված, «եվրոեռյակի» պետություններից, որոնք, ինչպես հայտնի է, Թեհրանի հետ բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել