Այստեղ էլ ՌԴ-ի մատն է խառը Խոսքը սահմանադրական հանրաքվեի մասին է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի երեկվա ասուլիսի հիմնական թեման էր: Հնարավոր այդ փոփոխությունների՝ Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգների մասին նա խոսեց մինչ օրս վերլուծության չենթարկված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Խոսքն այս անգամ ինչպես սահմանադրական փոփոխություններից հանված երկքաղաքացիության արգելման դրույթի, այնպես էլ ՀՀ պետական սահմանի հնարավոր փոփոխության մասին էր: Դ. Շահնազարյանի գնահատմամբ, սահմանադրական փոփոխությունների ընդունման եւ երկքաղաքացիության արգելքը հանելուց հետո շատ կարճ ժամանակ անց Ռուսաստանում ապրող շուրջ 2,5 մլն հայ կարող է դառնալ երկքաղաքացի՝ ՌԴ անձնագրերին զուգահեռ ձեռք բերելով նաեւ ՀՀ անձնագիր: «Կարծում եմ, ՌԴ դեսպանությունը Հայաստանում արագորեն կսկսի բաժանել ռուսական անձնագրեր, ու արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանություն ձեւավորողների ճնշող մասը կլինի Հայաստանից դուրս, իսկ Ռուսաստանը փաստացի իրավական իրավունք կստանա ՀՀ իշխանություն ձեւավորելու համար»,- նկատեց Դ. Շահնազարյանը եւ հավելեց, թե՝ «իշխանություններն ու նրանց սպասարկող կուսակցությունները վստահեցնում են, որ այդ մարդիկ կունենան ՀՀ քաղաքացիություն, բայց չեն ունենա ընտրելու իրավունք: Դա բացարձակապես այդպես չէ: 1993թ.-ից ՀՀ-ում գործում է ժամանակավոր կացության վկայականների ինստիտուտը, որը փաստացի տալիս է այն նույն իրավունքները, ինչ ունեն ՀՀ քաղաքացիները՝ բացառությամբ ընտրելու եւ ընտրվելու իրավունքի»: Դ. Շահնազարյանի ասելով, ՀՀ-ում երկքաղաքացիության ընդունումը միանշանակորեն ձեռնտու է ՌԴ-ին: Ըստ նրա, ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների այդ մի դրույթով մեր տարածաշրջանում ՌԴ-ն կստանա չափազանց մեծ առավելություն. «Հայտնի է, որ ՌԴ-ի վերջին տարիների քաղաքականությունը Հարավային Կովկասում, հատկապես՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, հիմնված է հենց իր քաղաքացիության տարածման վրա: Հանրաքվեի ընդունումից հետո ՌԴ-ն նույն քաղաքականությունը կվարի նաեւ Հայաստանում: Այսինքն՝ մենք կհավասարվենք Աբխազիային կամ Հարավային Օսիային՝ դառնալով ՌԴ ձեռքի խաղալիքը այս տարածաշրջանում»: Ըստ Դ. Շահնազարյանի, սահմանադրության փոփոխություններում կա եւս մի դրույթ՝ հոդված 81-ի 2-րդ կետի «ա» ենթակետը, որը դարձյալ չափազանց վտանգավոր է. «… Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն»: Քաղաքական գործչի դիտարկմամբ, ըստ այդմ, ՀՀ-ն միակողմանիորեն կարող է փոխոխել սահմանները, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, սահմանների փոփոխությունը հնարավոր է միմիայն երկկողմանի համաձայնությամբ: «Ո՞ր պետության, ո՞ր հարեւանի հետ են մտադիր փոփոխել սահմանները իշխանությունները»,- հռետորական հարցադրում արեց Դ. Շահնազարյանը: Նրա ասելով, դա կապված չէ ոչ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Մեղրիի տարբերակի, ոչ էլ ԼՂ-ն, ծայրահեղ դեպքում, ՀՀ-ի հետ միավորելու հետ. «Դրա հիմնական նպատակը ՀՀ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՌԴ իշխանությունների կողմից հնարավորություն ստանալն է ինչ-ինչ զարգացումների դեպքում այդ կետը կիրառել Ջավախքի համար: Կարծում եմ, սա պահեստային տարբերակ է, որը պատրաստել է ՌԴ-ն իր վասալ ՀՀ իշխանությունների օգնությամբ: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները, նաեւ Ջավախքի հարցում, ՌԴ-ի ձեռքին ընդամենը գործիք են՝ մահակ, մասնավորապես Վրաստանին սաստելու հարցում»: Ըստ նրա, եւ երկքաղաքացիությանը, եւ սահմանների փոփոխությանը վերաբերող վերոհիշյալ հարցադրումների պատասխանը օրգանապես կապված է ԼՂ հակամարտության լուծման, ռուս-վրացական հարաբերությունների ու Հարավային Կովկասում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հետ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ