Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԻՉ

Նոյեմբեր 04,2005 00:00

«ՔԻՉ ԱՍԵԼ, ԳՈՐԾ ԱՆԵԼ՝ ՀԵՏՈ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ» Աշտարակի երաժշտական դպրոցի դահլիճում երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը հայտարարեցին, թե սա է իրենց մոտեցումը: Շուրջ 60 տեղանոց դահլիճում հավաքվածներին նրանց հիմնական ասելիքն առնչվում էր սահմանադրական փոփոխություններին: Ըստ Ալբերտ Բազեյանի, դրանք չեն ապահովում իրական ժողովրդավարություն: Ու թեեւ իշխանական ուժերը շատ են խոսում նախագահի լիազորությունների կրճատման մասին՝ պրն Բազեյանը օրինակներ բերեց, որոնք վկայում են, թե ավելացվել են մի շարք նոր լիազորություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնողներն, ի տարբերություն այլ ընդդիմադիրների, չէին խուսափում բովանդակային քննարկումից: Բացի այդ՝ պրն Բազեյանը ընդգծեց, թե երկրի հիմնական օրենքը լավ կլիներ փոփոխության ենթարկել քաղաքական համաձայնության եւ հասարակական համերաշխության մթնոլորտում. «Ցավոք, իշխանությունները չկարեւորեցին այդ խնդիրը: Եվ մերժելով ընդդիմության՝ Սահմանադրության փոփոխման վերաբերյալ շատ տրամաբանական առաջարկները՝ հող նախապատրաստեցին հասարակական նոր պառակտումների եւ քաղաքական առճակատումների համար: Մենք ընդունո՛ւմ ենք այդ մարտահրավերը»: Իբրեւ իշխանության «կարծր դիրքորոշման» եւս մի վկայություն նշեց, թե ընդդիմությանը հնարավորություն չի ընձեռվում հեռուստաեթերով արտահայտել իր տեսակետները: «Կազմակերպվում են անգամ հասարակական, ստեղծագործական միությունների, ուսանողների եւ այլ հավաքներ ու քարոզչություն անում «այո»-ի օգտին: Կարծում եմ, որ պետք է այդ կազմակերպություններին հանգիստ թողնել,- ասաց պրն Բազեյանը:- Իսկ նրանց կարծես թե փորձում են պարտադրել մտնել քաղաքական գործընթացների մեջ»: Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ «այո» քարոզիչների հիմնական փաստարկներին. «Ասում են, որ եթե չասենք «այո»՝ մեզ սպասում են դժվար օրեր: Հիմա հարց է առաջանում՝ երբ իշխանությունները կեղծեցին նախագահական ընտրությունները եւ դա արձանագրվեց միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից, երբ կեղծեցին խորհրդարանական ընտրությունները՝ ի՞նչ եղավ: Պատժվե՞ց որեւէ մեկը: Ո՛չ: Մենք դո՞ւրս մնացինք Եվրոպայի խորհրդից: Ո՛չ: Հիմա եկեք մյուս կողմից նայենք. ո՞վ է մեղավոր, որ եկել է ԵԽ առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման վերջնաժամկետը, եւ մենք արդեն չենք հասցնում՝ պիտի ընդունենք կամ չընդունենք: Մեր մոտեցումը հետեւյալն է. եթե պետությունը վերցնում է միջազգային պարտավորություն՝ պիտի կատարի, սա ակնհայտ է: Եվ մենք այդ պարտավորությունը՝ Սահմանադրությունը փոխել եւ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ վերցրել ենք, երբ մտել ենք ԵԽ: Անցել է 5 տարի: Ինչո՞ւ իշխանությունները մինչ այսօր չեն կատարել այդ բարեփոխումները»: Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ հենց իշխանությունն էլ պիտի այս ամենի համար պատասխան տա ԵԽ-ի եւ մեր ապագայի առջեւ: Սակայն դրանից հետո էլ հարց ուղղեց. «Ի՞նչն է մեզ ստիպում հիմա ընդունել այդ փոփոխությունները»: Ըստ պրն Հարությունյանի, նախ անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը փոխհամաձայնության գան այդ փաստաթղթի շուրջ. «Ի՞նչն է խանգարում հետաձգել»: Հետաձգման օգտին են, ըստ նրա, փաստաթղթում առկա իրավական կոպիտ սխալները: Նախագծի անկատարությունն ապացուցող փաստարկներից պաշտպանության նախկին նախարարն ընտրեց այս մեկը. «Գրված է, որ զինված ուժերը պետք է քաղաքական հարցերում մնան չեզոք: Հասկանանք, թե ինչ է դա նշանակում. որո՞նք են քաղաքական հարցերը: Բանակն այսօր պիտի՞ մասնակցի հանրաքվեին: Այո՛, պիտի մասնակցի: Քաղաքական հարց է: Ի՞նչ է, նրանք պիտի գնան քվեարկեն «ձեռնպա՞հ»: Բայց նման կետ չկա՛: Պիտի գրեին, թե բանակում ծառայող սպան իրավունք չունի լինել որեւէ կուսակցության անդամ՝ դա հասկանալի է, միջազգային նորմ է»: Եզրակացությունն էր, որ անգրագետ գրում են, անգրագետ էլ՝ գործում: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնողներն անդրադարձան նաեւ «Հանրապետությունից» իրենց դուրս գալու պատճառներին: Եվ հավաքվածների հարցերի որոշ մասն էլ վերաբերում էր այդ խնդրին: Ասենք, մեկը հետաքրքրվեց, թե հանրաքվեից հետո կուսակցության գործունեությունն ինչ տեմպով է ընթանալու. «Ընենց կամա՞ց, ոնց որ Արամ Սարգսյանի հետ էր»: Ալբերտ Բազեյանը մասնավորապես պատասխանեց, թե չեն անելու չհաշվարկված ու չհավասարակշռված քայլեր: Վասիլ անունով մի նախկին կոմունիստ հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ են ստեղծում նոր կուսակցություն, ինչո՞ւ չեն միանում եղածներից որեւէ մեկին: Մի շարք փաստարկներ ներկայացնելուց հետո, երբ Վասիլն էլի պնդում էր, թե 70 կուսակցության մեջ լավը չգտա՞ք՝ պրն Բազեյանը վրդովվեց. «Լա՛վ ենք անում, նոր կուսակցություն ենք ստեղծում՝ մեր իրավունքն է»: Սակայն գլխավոր հարցն էր, թե հանրաքվեն կեղծելու դեպքում ի՞նչ են անելու, «Ազգային վերածնունդը» համամի՞տ է Երեւանում հավաքվելու կոչին: Նախաձեռնողները հաստատեցին, թե մասնակցելու են քաղաքական ակտիվ բոլոր միջոցառումներին: Սակայն Վաղարշակ Հարությունյանը հավելեց. «17-ի դաշինքը, որ հայտարարում է, թե իշխանափոխություն կանեն նոյեմբերի 27-ին՝ գործում է առանց «Արդարության» եւ «Ազգային միաբանության»: Բայց իրական վարկանիշներով դիտարկեք՝ հիմնական ուժերն այսօր որո՞նք են… Եվ եթե նրանք չեն մասնակցում այդ 17-ի գործողություններին՝ նշանակում է «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» պատմությունը: Համոզված եմ, որ եթե ընդդիմությունը մոտակա ժամանակներս չգա համաձայնության իշխանափոխության շուրջ, չծրագրի գործողությունները, թե ինչպես պետք է դա արվի՝ հերթական անգամ կլինի «ապրիլի 12»-ը: Եվ ամեն ինչ այսօր կախված է ոչ իշխանությունից՝ ընդդիմությունի՛ց: Իշխանությունը, բնական է, պաշտպանվելու է եւ փորձելու անցկացնել: Բայց եթե մի կողմ դնեն առաջնորդամոլությունը (ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ չկա իրական միասնություն)՝ ժողովուրդը կկանգնի ընդդիմության կողքին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել