Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք խաբում ենք ազնվորեն

Նոյեմբեր 04,2005 00:00

Ահա
աճպարարության բանաձեւը՝ ըստ Վարդան Ամիրյանի «Միստր մոգ»,
«Մոգության արքա» տիտղոսակիր եւ մի քանի միջազգային մրցույթների հաղթող, աճպարար
Վարդան Ամիրյանը ներկայումս աշխատում է նոր ծրագրի վրա՝ «Մեջիք շոու- Մարի Վան»:
Սցենարի հեղինակը երիտասարդ ռեժիսոր Մարիաննա Այվազյանն է: Նոր ծրագիրը բաղկացած
է այնպիսի համարներից, որոնք շոուին մասնակից են դարձնում նաեւ հանդիսատեսին: «Հանդիսատեսը
դառնալու է իմ խաղընկերը»,- պարզաբանեց աճպարարը: Կլինեն նաեւ հետաքրքիր համարներ՝
նման Դեյվիդ Կոպերֆիլդի հնարքներին: Սակայն եթե Կոպերֆիլդը պատի միջով էր անցնում,
հայկական տարբերակում հայելու միջով են անցնելու: «Սարսափազդու» համարներ էլ կլինեն՝
արկղի մեջ մտած մարդը կանդամահատվի ու կանհետանա: Ծրագրի երկրորդ բաժնում հիպնոս
է լինելու: Ցանկացողը կբարձրանա բեմ ու հենց բեմի վրա քուն կմտնի: «Մեր հանդիսատեսը
մի քիչ կոմպլեքսավորված է, ամեն հնարքի չի ցանկանում մասնակից լինել»,- նկատեց Մարիաննան
ու խորհուրդ տվեց իրենց շոուին ներկայանալ առանց բարդույթների: Վ. Ամիրյանից հետաքրքրվեցինք,
ինչո՞ւ անհաջողության մատնվեցին Հայաստանում աճպարարների դպրոց բացելու նրա բոլոր
ջանքերը, մի բան, որ ժամանակին հաջողությամբ արել է արտասահմանում: «Ախր Հայաստանում
այնպիսի վիճակ է, կարծես բացի պարից ու երգից՝ ուրիշ արվեստ գոյություն չունի: Եվրոպայում
եւ ԱՄՆ-ում վաղուց գործում են աճպարարական դպրոցները, ԱՄՆ-ում նույնիսկ աճպարարների
ակադեմիա կա, իսկ մեզ մոտ մի փոքրիկ դպրոց էլ չհաջողվեց հիմնել: Մարդիկ տրտնջում
են, թե անվճարունակ են, բայց նույն գումարը չեն խնայում իրենց երեխաներին պարի տալու
համար»,- ասաց աճպարարը: Նա տեղեկացրեց, որ շուտով կլինի հեռուստահաղորդում, որի
շնորհիվ հեռուստադիտողին որոշ հնարքներ կուսուցանվեն կենցաղային ամենատարրական ապրանքներով:
Նաեւ կհրավիրվեն տարբեր բնագավառների ճանաչված ներկայացուցիչներ, որոնք եւս կզարմացնեն
իրենց հնարքներով: «Հաղորդման հովանավորների արտադրանքն էլ ոչ թե պարզապես կգովազդվի,
այլ մեր հաղորդման ընթացքում դրանք (դիցուք՝ կաթնամթերքը, հագուստը եւ այլն) կդառնան
ֆոկուսների բաղկացուցիչ մասը»,- ավելացրեց պրն Ամիրյանը: «Լավ կլիներ, որ
Թատերական ինստիտուտում բացվեր ընդհանուր օրիգինալ ժանրի կուրս, որտեղ կուսուցանվեր
նաեւ աճպարարություն: Ունենք որակյալ մասնագետներ, որոնք անգործության պատճառով հեռանում
են Հայաստանից ու հանդես գալիս այլ երկրների «դրոշի» տակ»,- նման առաջարկությամբ
հանդես եկավ Վ. Ամիրյանը, որը պատրաստվում է համախմբել բոլոր հայ աճպարարներին: Նրա
համոզմամբ՝ վաղուց ժամանակն է ունենալ Հայաստանի աճպարարների միություն, որը կհետաքրքրվի,
թե որ երկրում ինչպիսի փառատոն է կազմակերպվում, եւ ուր՝ ում արժե ուղարկել: Հարցին՝
մասնագիտական էթիկայի ի՞նչ կանոնների պիտի հետեւի աճպարարը, Վ. Ամիրյանը ժպտալով
պատասխանեց. «Աճպարարը իրավունք չունի իմացած հնարքները գործի դնել խարդախության
նպատակով, ասենք՝ թեկուզ կազինո գնալ ու խաբելով գումար շորթել: Ճիշտ է, մեր պարագայում
էլ ենք խաբում, բայց դա բարի խաբեություն է եւ արվեստաձեւ, որը պահանջում է ազնվություն,
մաքրություն: Մի առիթով ինձ փորձեցին խաբել շուկայում, աչքիս առաջ հաշվելով դրամը՝
վերադարձրին ավելի քիչ: Ես էլ նման ձեւով վարվեցի այդ մարդու հետ: Հետո վերադարձրի
իհարկե՝ խոստում պոկելով, որ այլեւս այդպիսի բան չի անի»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել