Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները խոչընդոտելու են հայրենադարձությանը

Նոյեմբեր 04,2005 00:00

«Չմտածված
երկքաղաքացիության» գործընթացի դեմ Հայրենադարձության հիմնավորման
«Երկիր միության» խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ
հայրենադարձության մասին օրենքի նախագծի կապակցությամբ իրենց ծրագրային դրույթներն
են ուղարկել Ազգային ժողով: «Հայրենադարձության մասին» օրենք ունեն Հունաստանը, Իսրայելը,
Լեհաստանը: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ է օրենքը կոչվելու այդպես եւ ոչ «Երկքաղաքացիության
մասին»՝ ինչպես մինչ օրս լսել ենք, նա ասաց, որ դրանով մի անգամ եւս շեշտվում է,
որ կա հայրենիք եւ հայրենիքի կյանքին մասնակցելու խնդիր: Հայրենադարձությունը, ըստ
զրուցակցիս, երկու ուղղությամբ է ընթանալու. սփյուռքահայը գալով հայրենիք՝ փրկվելու
է հայությունը կորցնելու վտանգից, եւ երկրորդ՝ հայրենիքն ընդունելու է հայրենադարձին:
«Մենք շեշտը դնելու ենք որակյալ հայրենադարձության վրա, որն այսօր ինքնաբերաբար ընթանում
է: Այսօր Սփյուռքի մասնագիտացված մի խավ Հայաստանի հետ շփվում է ինքնաբուխ եւ նրան
ինքնահոսի թողնելը սխալ է. պետք է օրենք, որը կտա արտոնություններ»,- հավելեց Ս.
Արծրունին: Կազմակերպության նախագահի կարծիքով, դրա առաջին նախապայմանը Հայաստանում
ապրելն է, մասնակցելը տնտեսական կյանքին, ծառայելը ազգային բանակում: Ըստ պարոն Արծրունու,
հայրենադարձին տրվելու են տարբեր կարգավիճակներ: Նրանք, ովքեր գալու են ապրելու,
իրենց սեփական ունեցվածքը այստեղ բերելով չեն մաքսվելու, կլինեն հայրենադարձներ,
ովքեր մասնագետներ են եւ ապրելու են հայրենիքում մի քանի ամիս: «Երկիր միության»
նախագահի կարծիքով, եթե հայը Սփյուռքում վատ է ապրում, Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպություններն
են ֆինանսավորելու եւ կազմակերպելու նրա վերաբնակեցումը: Այսինքն՝ ակնարկել, թե սփյուռքահային
բերելու համար Հայաստանը իր բյուջեից գումար կկորցնի, ըստ նրա՝ աբսուրդ է: Ս.
Արծրունին նկատեց նաեւ, որ «երկքաղաքացիության սխալ գործնականացումը կսպանի Սփյուռք-Հայաստան
համագործակցության վերջին հնարավորությունը»: Սփյուռքի նկատմամբ Հայաստանի հայացքը,
ըստ մեր զրուցակցի, եղել է աղավաղված, քանզի մենք տեսել ենք կուսակցական սփյուռք՝
իր կազմակերպություններով: Ս. Արծրունու դիտարկմամբ՝ հենց այս կազմակերպությունները
կհակառակվեն հայրենադարձության գործընթացներին, քանի որ իրենցից խլվելու է Սփյուռքի
մոնոպոլացումը: Պարոն Արծրունու կարծիքով, հայրենադարձության նպատակը ամենեւին էլ
Սփյուռքը դատարկելը չէ, այլ «հայրենիքի պրոֆեսիոնալացումը»: Նա տեղեկացրեց, որ բազմաթիվ
մասնագետներ կան՝ շինարարներ, ուսուցիչներ, բժիշկներ, որոնք ապակուսակցական են եւ
կարիք ունեն գալ հայրենիքում աշխատելու: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել