Բայց եթե չանցնի, աշխարհը
փուլ չի գա «Ուզում
ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել,- Ռոբերտ Քոչարյանը երեկ
իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ գործող սահմանադրությունը
համեմատեց մեքենայի հետ:- Արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում,
բայց կարաս օգտվել… մինչեւ Սեւան կհասնենք, մի քիչ հեռու գնանք՝ բուքսիրով հետ
կգանք»: Սակայն եթե սահմանադրության բարեփոխված տարբերակը չանցնի էլ, «աշխարհը
փուլ չի գա, եւ ես, որպես նախագահ, տեր եմ լինելու ե՛ւ «այո»-ին, ե՛ւ «ոչ»-ին: 2003-ին
էլ չանցավ, առանձնապես ոչ մի կատաստրոֆա էլ չեղավ»: Սահմանադրության «չանցնելու»
պարագայում, ըստ նախագահի՝ «եղածից շատ բան չենք կորցնի», այլ պարզապես որոշակի հնարավորություններ
բաց կթողնենք: Համ կուլամ, համ կուտամ լիազորություններս Ուսանողներից
մեկը հարցրեց, թե ինչպե՞ս է նախագահը համաձայնել նոր սահմանադրության հետ, որով իր
լիազորությունները զգալիորեն կրճատվում են: Պարզվում է՝ նույն հարցը նախագահին տվել
է իր որդին. «Պապ, քեզ պե՞տք է այս սահմանադրությունը»: Եվ նախագահը պատասխանել է.
«Անձնապես ինձ պետք չէ, տղա՛ս, բայց քե՛զ է պետք, որովհետեւ ես ուզում եմ, որ դու
ապրես ավելի ազատական արժեքների վրա հենված երկրում: Ես կամավոր հրաժարվում
եմ իմ լիազորություններից, որոնցից, անկեղծ ասած, ես չեմ ձանձրացել»: Սերս
գաղտնի թող մնա Ըստ նախագահի՝ տրամաբանական կհնչի այն կարծիքը, թե ընդդիմությունը
պայմանավորվածություն ունի նախագահի հետ՝ «ոչ»-ի քարոզարշավի հարցում. «Ես չգիտեի,
որ սրտի խորքում այդքան ինձ սիրում, հարգում են: Այսքան կատաղի ձեւով պայքարել իմ
լիազորությունների համա՞ր. ես շնորհակալ եմ: Կա մեկ հստակ գիծ՝ անել ամեն ինչ՝ հակառակ
նրան, ինչ առաջարկում են իշխանությունները: Սա վատ կարգախոս է ընդհանրապես: Եթե այս
սկզբունքով շարժվենք, ապա եկեք հրաժարվեք ամեն ինչից, ինչ արվում է իշխանության կողմից.
չանցնեք Դավիթաշենի կամրջով, չքայլեք Երեւանի լուսավորված փողոցներով, ընտրեք հատուկ
մութ փողոցները, բարեկարգված փողոցներից ընդհանրապես մի՛ օգտվեք, քանի որ սրանք գործող
իշխանություններն են արել»: «Ումի՞ց եմ պակաս» Ուսանողների կողմից
հնչած մի հարցն էլ վերաբերում էր նրան, թե ինչ կանի նախագահը՝ իր լիազորությունների
ավարտից հետո: Նախագահն այս առիթով հիշեց տարածված լուրերը, թե սահմանադրական բարեփոխումներով
մեծացնելով վարչապետի լիազորությունները, Ռ. Քոչարյանը պատրաստվում է վարչապետ դառնալ:
Եվ ավելացրեց, որ փոփոխությունների փաթեթում մեծ են նաեւ դատավորների, դատախազների,
ԱԺ-ի լիազորությունները: Այնպես որ՝ Ռ. Քոչարյանի ընտրությունը մեծ է. «Ումի՞ց եմ
պակաս՝ գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ, տոկունությամբ, կամքով: Կգա ժամանակը՝
կմտածենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու հետագայում»: Սրճարանային աուրա Երկրի
նախագահը Հայաստանը ցանկանում է տեսնել «բարեփոխված սահմանադրությամբ»: Ռ. Քոչարյանի
նվիրական երազանքն է ունենալ մի երկիր, որտեղ ապրելիս մարդ ցանկություն չունենա փոխել
գրանցումը: «Կցանկանայի, որ մնար այն աուրան, որ Հայաստանն ունի մարդկային հարաբերությունների
տեսանկյունից: Եվ շատ մտահոգիչ կլինի ինձ համար, եթե մենք այս հանգամանքը կորցնենք:
Ով գալիս է Հայաստան, Երեւանում երեկոները քայլելով, շփվելով սրճարաններում, ուղղակի
չի ուզում գնալ: Կարող է մեկը մյուսի հասցեին բամբասի, բայց սրանք երկրորդական բաներ
են: Եթե պետք է Եվրոպա դառնանք, որ նույն պադյեզդում ապրենք ու հարեւանին չճանաչենք,
լավ է՝ չդառնանք: Եվրոպային նմանվելով պետք է պահպանենք այն հոտն ու համը, որ մեր
ժողովուրդն ունի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ