Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն հանդարտվում

Նոյեմբեր 04,2005 00:00

Չեն
հանդարտվում Իրանի նախագահ Ահմադինեջադի մեծ աղմուկ հանած վերջին
հայտարարությունների միջազգային արձագանքները դեռ չեն մարել եւ, ըստ ամենայնի, շուտ
չեն էլ մարի: Նախօրեին Իտալիայի մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել
էին Իրանի նախագահի թույլ տված հայտնի արտահայտությունների կապակցությամբ բողոքի
ցույցեր անցկացնել Հռոմում ԻԻՀ դեսպանատան մոտ: Այս ձեռնարկման դեմ, իր հերթին, կտրուկ
բողոք է արտահայտել Իրանի արտգործնախարարությունը: Ավելին՝ ըստ «Ռոյթերի», պարզաբանումների
համար նախօրեին Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Իտալիայի դեսպան
Ռոբերտո Տոսկանոն: Հաղորդվում է նաեւ, որ երեկ նախատեսված ցույցին պետք է
մասնակցեին ինչպես Իտալիայի կառավարող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների
ներկայացուցիչները՝ իրենց վճռական բողոքն արտահայտելու Ահմադինեջադի՝ «Իսրայելը աշխարհի
երեսից ջնջելու» բանավոր սպառնալիքների կապակցությամբ: Իրանի ԱԳՆ վերոհիշյալ գործողություններից
իտալացիները «կրկնակի» են վրդովվել, իսկ նրանցից ոմանք հանդես են եկել խիստ կտրուկ
հայտարարություններով: Մասնավորապես՝ բարենորոգումների նախարար եւ «Հյուսիսի լիգա»
աջ կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Կալդերորին հայտարարել է, թե Հռոմը պետք
է հետ կանչի իր դեսպանին Թեհրանից: «Ես կարծում եմ, որ չի կարելի քաղաքակիրթ հարաբերություններ
պահպանել այն մարդկանց հետ, ովքեր իրենց այդքան անքաղաքակիրթ են դրսեւորել»,- ասել
է իտալացի նախարարն ու քաղաքական գործիչը: Միջազգային պակաս անհանգստություն
չի առաջացրել նաեւ Իրանի նախագահի սանձազերծած «դիվանագիտական-կադրային» դեմարշը:
Արդեն հայտնի է, որ պաշտոնական Թեհրանը մտադիր է մինչեւ 2006 թ. մարտի վերջը փոխել
աշխարհի տարբեր երկրներում իր 97 դեսպաններից 40-ին, այսինքն՝ դիվանագիտական ողջ
կորպուսի գրեթե կեսին: Արեւմտյան դիտորդները հակված են կադրային այս «փոթորիկը» կապել
այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի էլ ավելի ռադիկալացման հետ, թեեւ Իրանի ԱԳՆ-ն
պնդում է, որ դեսպաններին ետ կանչելն ընդամենը պայմանավորված է նրանց առաքելության
ժամկետների ավարտով: «Դեսպանների փոխարինումը բնական գործընթաց է, եւ հարկ չկա այն
կապելու ինչ-որ այլ բաների հետ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: Այդուհանդերձ, դիտորդները
նկատել են տալիս, որ միաժամանակ 40 դիվանագետների ժամկետների սինխրոն ավարտման մասին
այդ պնդումները չեն կարող համոզիչ դիտվել: Բավական է նշել միայն, որ Թեհրանն առաջին
հերթին իր դեսպաններին ետ է կանչել, այսպես կոչված, «եվրոեռյակի» պետություններից,
որոնք, ինչպես հայտնի է, Թեհրանի հետ բանակցություններ են վարում իրանական միջուկային
ծրագրի շուրջ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել