Աշտարակի
երաժշտական դպրոցի դահլիճում երեկ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնող
խմբի անդամներ Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը հայտարարեցին, թե սա է
իրենց մոտեցումը: Շուրջ 60 տեղանոց դահլիճում հավաքվածներին նրանց հիմնական
ասելիքն առնչվում էր սահմանադրական փոփոխություններին: Ըստ Ալբերտ Բազեյանի, դրանք
չեն ապահովում իրական ժողովրդավարություն: Ու թեեւ իշխանական ուժերը շատ են խոսում
նախագահի լիազորությունների կրճատման մասին՝ պրն Բազեյանը օրինակներ բերեց, որոնք
վկայում են, թե ավելացվել են մի շարք նոր լիազորություններ: «Ազգային վերածնունդ»
կուսակցության նախաձեռնողներն, ի տարբերություն այլ ընդդիմադիրների, չէին խուսափում
բովանդակային քննարկումից: Բացի այդ՝ պրն Բազեյանը ընդգծեց, թե երկրի հիմնական օրենքը
լավ կլիներ փոփոխության ենթարկել քաղաքական համաձայնության եւ հասարակական համերաշխության
մթնոլորտում. «Ցավոք, իշխանությունները չկարեւորեցին այդ խնդիրը: Եվ մերժելով ընդդիմության՝
Սահմանադրության փոփոխման վերաբերյալ շատ տրամաբանական առաջարկները՝ հող նախապատրաստեցին
հասարակական նոր պառակտումների եւ քաղաքական առճակատումների համար: Մենք ընդունո՛ւմ
ենք այդ մարտահրավերը»: Իբրեւ իշխանության «կարծր դիրքորոշման» եւս մի վկայություն
նշեց, թե ընդդիմությանը հնարավորություն չի ընձեռվում հեռուստաեթերով արտահայտել
իր տեսակետները: «Կազմակերպվում են անգամ հասարակական, ստեղծագործական միությունների,
ուսանողների եւ այլ հավաքներ ու քարոզչություն անում «այո»-ի օգտին: Կարծում եմ,
որ պետք է այդ կազմակերպություններին հանգիստ թողնել,- ասաց պրն Բազեյանը:- Իսկ նրանց
կարծես թե փորձում են պարտադրել մտնել քաղաքական գործընթացների մեջ»: Վաղարշակ
Հարությունյանն անդրադարձավ «այո» քարոզիչների հիմնական փաստարկներին. «Ասում են,
որ եթե չասենք «այո»՝ մեզ սպասում են դժվար օրեր: Հիմա հարց է առաջանում՝ երբ իշխանությունները
կեղծեցին նախագահական ընտրությունները եւ դա արձանագրվեց միջազգային բոլոր կազմակերպությունների
կողմից, երբ կեղծեցին խորհրդարանական ընտրությունները՝ ի՞նչ եղավ: Պատժվե՞ց որեւէ
մեկը: Ո՛չ: Մենք դո՞ւրս մնացինք Եվրոպայի խորհրդից: Ո՛չ: Հիմա եկեք մյուս կողմից
նայենք. ո՞վ է մեղավոր, որ եկել է ԵԽ առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման
վերջնաժամկետը, եւ մենք արդեն չենք հասցնում՝ պիտի ընդունենք կամ չընդունենք: Մեր
մոտեցումը հետեւյալն է. եթե պետությունը վերցնում է միջազգային պարտավորություն՝
պիտի կատարի, սա ակնհայտ է: Եվ մենք այդ պարտավորությունը՝ Սահմանադրությունը փոխել
եւ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ վերցրել ենք, երբ մտել ենք ԵԽ: Անցել
է 5 տարի: Ինչո՞ւ իշխանությունները մինչ այսօր չեն կատարել այդ բարեփոխումները»:
Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ հենց իշխանությունն էլ պիտի այս ամենի համար
պատասխան տա ԵԽ-ի եւ մեր ապագայի առջեւ: Սակայն դրանից հետո էլ հարց ուղղեց. «Ի՞նչն
է մեզ ստիպում հիմա ընդունել այդ փոփոխությունները»: Ըստ պրն Հարությունյանի, նախ
անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը փոխհամաձայնության գան այդ փաստաթղթի շուրջ. «Ի՞նչն
է խանգարում հետաձգել»: Հետաձգման օգտին են, ըստ նրա, փաստաթղթում առկա իրավական
կոպիտ սխալները: Նախագծի անկատարությունն ապացուցող փաստարկներից պաշտպանության նախկին
նախարարն ընտրեց այս մեկը. «Գրված է, որ զինված ուժերը պետք է քաղաքական հարցերում
մնան չեզոք: Հասկանանք, թե ինչ է դա նշանակում. որո՞նք են քաղաքական հարցերը: Բանակն
այսօր պիտի՞ մասնակցի հանրաքվեին: Այո՛, պիտի մասնակցի: Քաղաքական հարց է: Ի՞նչ է,
նրանք պիտի գնան քվեարկեն «ձեռնպա՞հ»: Բայց նման կետ չկա՛: Պիտի գրեին, թե բանակում
ծառայող սպան իրավունք չունի լինել որեւէ կուսակցության անդամ՝ դա հասկանալի է, միջազգային
նորմ է»: Եզրակացությունն էր, որ անգրագետ գրում են, անգրագետ էլ՝ գործում: «Ազգային
վերածնունդ» կուսակցության նախաձեռնողներն անդրադարձան նաեւ «Հանրապետությունից»
իրենց դուրս գալու պատճառներին: Եվ հավաքվածների հարցերի որոշ մասն էլ վերաբերում
էր այդ խնդրին: Ասենք, մեկը հետաքրքրվեց, թե հանրաքվեից հետո կուսակցության գործունեությունն
ինչ տեմպով է ընթանալու. «Ընենց կամա՞ց, ոնց որ Արամ Սարգսյանի հետ էր»: Ալբերտ Բազեյանը
մասնավորապես պատասխանեց, թե չեն անելու չհաշվարկված ու չհավասարակշռված քայլեր:
Վասիլ անունով մի նախկին կոմունիստ հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ են ստեղծում նոր կուսակցություն,
ինչո՞ւ չեն միանում եղածներից որեւէ մեկին: Մի շարք փաստարկներ ներկայացնելուց հետո,
երբ Վասիլն էլի պնդում էր, թե 70 կուսակցության մեջ լավը չգտա՞ք՝ պրն Բազեյանը վրդովվեց.
«Լա՛վ ենք անում, նոր կուսակցություն ենք ստեղծում՝ մեր իրավունքն է»: Սակայն
գլխավոր հարցն էր, թե հանրաքվեն կեղծելու դեպքում ի՞նչ են անելու, «Ազգային վերածնունդը»
համամի՞տ է Երեւանում հավաքվելու կոչին: Նախաձեռնողները հաստատեցին, թե մասնակցելու
են քաղաքական ակտիվ բոլոր միջոցառումներին: Սակայն Վաղարշակ Հարությունյանը հավելեց.
«17-ի դաշինքը, որ հայտարարում է, թե իշխանափոխություն կանեն նոյեմբերի 27-ին՝ գործում
է առանց «Արդարության» եւ «Ազգային միաբանության»: Բայց իրական վարկանիշներով դիտարկեք՝
հիմնական ուժերն այսօր որո՞նք են… Եվ եթե նրանք չեն մասնակցում այդ 17-ի գործողություններին՝
նշանակում է «կարապի, խեցգետնի եւ գայլաձկան» պատմությունը: Համոզված եմ, որ եթե
ընդդիմությունը մոտակա ժամանակներս չգա համաձայնության իշխանափոխության շուրջ, չծրագրի
գործողությունները, թե ինչպես պետք է դա արվի՝ հերթական անգամ կլինի «ապրիլի 12»-ը:
Եվ ամեն ինչ այսօր կախված է ոչ իշխանությունից՝ ընդդիմությունի՛ց: Իշխանությունը,
բնական է, պաշտպանվելու է եւ փորձելու անցկացնել: Բայց եթե մի կողմ դնեն առաջնորդամոլությունը
(ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ չկա իրական միասնություն)՝ ժողովուրդը կկանգնի
ընդդիմության կողքին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ