Վստահ
է պատգամավոր Գրիգոր Հարությունյանը ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր
Գրիգոր Հարությունյանը «Արդարություն» խմբակցության մարզային այցերի ժամանակ ժողովրդին
քարոզելով, որ սահմանադրական փոփոխություններին պետք է միանշանակ «ոչ» ասել, շարունակ
խոսում է այն մասին, որ իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունները
խիստ վտանգավոր են հատկապես Ղարաբաղի հարցի լուծման եւ այդ հարթությունում Մեղրիի
տարբերակի իրական լինելով: Երեկ մենք խնդրեցինք պարոն Հարությունյանին բացատրել,
թե ինչ հիմքով է ինքը նման հայտարարություններ անում: Պատգամավորը հետեւյալը ներկայացրեց.
«Դուք ճիշտ եք նկատել, ես շարունակ այդ մասին եմ խոսում, բայց նույն սահմանադրության
հեղինակների կողմից մինչ այսօր չի հնչել իմ ասածները հերքող որեւէ փաստարկ. իշխանությունները
սա լռության են մատնում, քանի որ իրենց ձեռնտու չէ այս հարցի հետ կապված հրապարակայնությունը:
Իսկ իմ անհանգստությունը խիստ ռեալ է. ահա, ես կարդում եմ փոփոխությունների 81 հոդվածի
երկրորդ մասի Ա կետը, որտեղ ասվում է. «ԱԺ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ վավերացնում,
կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ՀՀ միջազգային պայմանագրերը: ԱԺ-ի վավերացմանը
ենթակա են այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ
կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն»: Գրիգոր Հարությունյանը
նկատեց, որ ամբողջ աշխարհում ընդունված նորմ է, որ պետական սահմանը կարող է փոխել
միայն ժողովուրդը, այսինքն՝ երկրի տարածքային ամբողջականության, մեծացման կամ փոքրացման
հարցերը ժողովրդի իրավասությունն է՝ հանրաքվեի միջոցով: Պատգամավորը հիշեցրեց, որ
Լաչինի միջանցքի եւ Մեղրիի փոխանակության մասին նախ խոսել է ԱԳ նախարարը. «Դա ասել
է Վարդան Օսկանյանը դեռեւս 2004-ին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, նա
չի էլ թաքցնում, որ եւ Քի Ուեսթը, եւ Փարիզյան սկզբունքները սրանից են բխում, նաեւ
վերջերս ինչ-որ փակագծեր բացվեցին, ասվեց, որ ինչ-որ տարածքներ են հանձնվելու, Լաչինով
միջանցք է տրվում, համարժեք միջանցք է տրվում Մեղրիով, եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը
թողնվում է հետագային: Այնպես որ, այս ամենը հենց այնպես չի ասվում»: Պատգամավորը
ասաց նաեւ, որ իրենք հենց այս եւ բազմաթիվ այլ հարցեր նկատի ունեն, երբ ասում են,
որ իշխանությունները շահագրգիռ չեն սահմանադրական փոփոխությունների բովանդակային
քննարկումներ անցկացնել. «Այսօր ես մտածում եմ, որ ներկայացված հոդվածը անմիջական
կապ ունի Ղարաբաղի հարցի հետ, ես մտավախություն ունեմ, որ Մեղրիի գլխին վտանգ կա:
Ես պարտավոր եմ դա ասել՝ որպես Հայաստանի քաղաքացի, որպես Մեղրիում ծնված եւ մեծացած
մարդ»: Պատգամավորը նկատեց, որ ոչ իրեն, ոչ էլ որեւէ ընդդիմադիր ներկայացուցչի առայսօր
չեն հրավիրել սահմանադրական փոփոխությունների շուրջ հեռուստաբանավեճի, զրույցի. «Անցած
օրն էլ համակարգող խորհրդի ղեկավար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ես իբր եթերում
եղել եմ: Այո, հեռուստաընկերություններից մեկը ինձ հրավիրեց եթեր, բայց ոչ սահմանադրական
փոփոխությունների շուրջ զրույցի, եւ դեռ եթերում ես վարողին դա ասացի»: Պատգամավորը
վստահ է, որ սա հատուկ մարտավարություն է. «Ընդդիմադիր գործիչներին քիչ ու միչ հրավիրում
են, միանգամայն այլ թեմաներով զրույց են փորձում ծավալել, որ հետո ասեն, թե ընդդիմությանը
եւս հեռուստաելույթի հնարավորություն է տրվել»: Մենք նկատեցինք, որ ընդդիմադիր այդ
գործիչներն էլ կարող են նախօրոք ճշտել թեման եւ որոշել՝ գնա՞ն, թե՞ ոչ. «Իրենք նախնական
զրույցում ասում են, որ հրավիրել են սահմանադրության մասին խոսելու, բայց ամբողջ
ընթացքը տանում են այլ ուղղությամբ: Վերջերս էլ հեռուստաընկերություններից մեկով
ջահելներին հավաքած բացատրում էին՝ իբր նախագահի անձեռնմխելիության հարցը կա բոլոր
երկրների սահմանադրություններում: Ակնհայտ սուտ է, այդպիսի հոդված որեւէ երկրի սահմանադրության
մեջ չկա: Դրանցում ասվում է, որ նախագահները պաշտոնավարության ընթացքում են անձեռնմխելի,
բայց այս փոփոխություններում խոսքը պաշտոնավարումից հետո անձեռնմխելի մնալու մասին
է»: Սակայն իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան եւ միջին ցանկացած չինովնիկ
այսօր խոսում է այն մասին, որ ընդդիմության «ոչ»-ը ոչ է երկրի առաջընթացին: Այս կարծիքը
Գրիգոր Հարությունյանը ամենեւին չի կիսում. «Դեռ ուրիշ բան էլ են ասում, ասում են,
թե ընդդիմությունն այսօր «ոչ» է ասում փոփոխություններին, ուրեմն կողմ է գործող սահմանադրությանը:
Նորից եմ կրկնում, այսքան անբարոյական չի կարելի լինել, ի՞նչ է նշանակում՝ կողմ են
գործողին: Եվ ՀԺԿ-ի, եւ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական ծրագրերում նշված է, որ այս
սահմանադրությունը պետք է բարեփոխվի: Բայց այսօր իշխանությունը հոնքը սարքելու փոխարեն
աչքն է հանում, չի կարելի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ