Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ

Նոյեմբեր 03,2005 00:00

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՇԱՀԱԳՈՐԾՎԵՑ Երեկ երրորդ հերթի շահագործումով Ծաղկաձորի նոր ճոպանուղին ամբողջական տեսք ստացավ Ձմեռային մարզաձեւերի եւ զբոսաշրջության զարգացման համար անգնահատելի նշանակություն ունեցող այս մարզակառույցի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պատկառազդու են կառույցի շինարարության համար հատկացված միջոցներն ու թվերը: Ուղիղ գծով այն ունի 4500 մետր երկարություն, ճոպանուղու տարածքում գործելու են 7200, 2500, 2200, 1600 մետր երկարությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող դահուկուղիներ, 2 մլրդ 682 մլն դրամ արժողությամբ ամբողջ սարքավորումները ձեռք են բերվել իտալական հանրահայտ «Լայթներ» ֆիրմայից, կատարվել է 1 մլրդ 350մլն դրամի շինարարական աշխատանք, ամբողջ շինարարությունն արժեցել է 4 մլրդ 172 մլն դրամ, որից 3 մլրդ 972 մլն-ը հատկացրել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, 140 մլն-ը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, 60 մլն-ը՝ «Հայերկաթուղի» ընկերությունը: Հատուկ ճոպանուղու համար կառուցվել է 35 հազար կվտ հզորությամբ նոր ենթակայան: «Լայթների» տնօրեն Օսկար Թիրլինգը տեղեկացրեց, որ ճոպանուղին ամբողջությամբ կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան եւ որ շատ շուտով իրենք Ծաղկաձոր կբերեն նաեւ «Բրենոդ» ֆիրմայի արտադրության ձյուն մշակող երեք հատուկ մեքենա: Այս ֆիրման է իրականացրել դահուկային սպորտի աշխարհի վերջին երեք առաջնությունների դահուկուղիների մշակումը եւ նույն բանը նրան է վստահվել նաեւ Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում: Իր շնորհավորական խոսքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց. «Նախապես էր որոշված. եթե Ծաղկաձորում նոր ճոպանուղի պետք է կառուցել, ուրեմն պետք է կառուցվի լավը: Հիմա հարկավոր է լրջորեն մտածել այն ճիշտ շահագործելու մասին: Պետք է անել այնպես, որպեսզի Ծաղկաձորում եւ մոտակա գյուղերում համապատասխան ծառայությունները զարգանան, որպեսզի ճոպանուղին օգտագործվի ոչ միայն սպորտի, այլեւ տուրիզմի զարգացման համար: Այս կառույցն օգնելու է լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսական քաղաքականության վրա: Պետք է մտածենք ընդհանրապես այս տարածքի բնապահպանական խնդիրների՝ անտառապատման աշխատանքներ կատարելու մասին: Փորձելու ենք ամեն տարի այս կառույցին ինչ-որ նոր բան ավելացնել, որակյալ ծառայություններ մատուցելով ապացուցել, որ Հայաստանը ձմեռային տուրիզմի ճիշտ երկիր է»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել