Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԿԱՆ

Նոյեմբեր 03,2005 00:00

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ «ՊԱՊԱՅԻ» Երվանդ Ղազանչյանը իշխանությունների համար նախընտրելի է Սոս Սարգսյանից ԹԳՄ գործող նախագահ Երվանդ Ղազանչյանը երեկ ներկայացնելով 2000-2005թթ. միության կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ թատրոնների ու թատրոնի մարդկանց այսօրվա վիճակը գնահատեց բավարար: Թվարկելով թատրոնների հաջողությունները, միջազգային ու հանրապետական փառատոների (անգամ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հայֆեստ», «Արմմոնո» եւ այլն) անցկացումը, չգիտես ինչու, նա այդ ամենը վերագրեց ԹԳՄ-ին: ԹԳՄ անդամ Մուսայել Գալոյանն ասաց, որ հազիվ են գտել կարգին նախագահ, եւ կոչ արեց քվեարկել Ղազանչյանի օգտին: Նույն կարծիքին էր նաեւ Սյունիքի մարզային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանը. «Եթե 70-ամյա պետական թատրոնը կա՝ Երվանդ Ղազանչյանի շնորհիվ է… մենք ոչ թե պիտի ընտրենք, այլ պիտի խնդրենք, որ նման մարդը դառնա միության ղեկավար»: Ընդհանրապես մարզերից ժամանած թատերական գործիչները գովաբանում էին Երվանդ Ղազանչյանին, իսկ մայրաքաղաքային թատրոնների ղեկավարները՝ ընդհակառակը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին համագումարի մթնոլորտը ստիպել էր հիշել ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի խոսքերը. ինչ կուսակցություն ստեղծում ենք՝ կոմունիստական է դուրս գալիս: «Հայաստանում վերջերս չի ստեղծվել ոչ մի նոր թատրոն, իսկ եթե չեն ստեղծվում նոր թատրոններ, ուրեմն թատերական կյանքը դոփում է տեղում: Խոստովանենք, որ Հայաստանի թատերական կյանքը դուրս է մղված համաշխարհային թատերական պրոցեսներից, պետությունը չի հասկանում մեր կարեւորությունը ու ճիշտ էլ անում է, որովհետեւ էնտեղ նստած են մարդիկ, ովքեր ոչ համապատասխան կրթություն ունեն, ոչ էլ նման միջավայրում են դաստիարակվել: Իսկ ո՞վ պիտի իրենց հասկացնի, եթե ոչ ԹԳՄ-ն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե վիճակը առաջիկայում էլ չփոխվի՝ ինքը կհեռանա միությունից: Նույն կարծիքին էր նաեւ «Գոյ» փորձարարական թատրոն-ստուդիայի ղեկավար Արմեն Մազմանյանը, որը գործընկերներին կոչ արեց «բաց խոսել, որովհետեւ չենք եկել ինչ-որ մեկին մեծարելու կամ քցելու»: Նա եւս ԹԳՄ գործունեությունը գնահատեց անբավարար. «Մեր թատերական պրոցեսը 21-րդ դարին ադեկվատ չէ, արվեստի տեղն ու դերը հասարակության մեջ փչացած է, եւ դրա մեղավորն էլ ԹԳՄ-ն է, որն իր գործը լավ չի անում»: «Ագուլիս» թատրոնի ղեկավար Երվանդ Մանարյանին որոշ առումով բավարարել էր Ղազանչյանի զեկուցումը. «բայց ավելի կարեւոր է, որ ճիշտ գնահատվի թատրոնի տեղն ու դերը մեր հասարակության մեջ… Թատրոնը պետության համար պետք է լինի նույնքան կարեւոր, որքան բանակը, առողջապահությունը, կրթության համակարգը»: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը օրինակներ բերեց, թե ինչպես է Ղազանչյանը չարաշահել իր պաշտոնեական դիրքը, պետական մրցանակի ներկայացրել իր նախընտրած ներկայացումները, միանձնյա որոշել, թե ովքեր պետք է դառնան միության անդամներ եւ այլն: «Հայֆեստ» փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանն ասաց, որ Սոս Սարգսյանի օգտին 2 ձեռքով «կողմ» կքվեարկի, որովհետեւ «ինքը մեր պապան ա, իմաստուն ա»: «Մետրո» թատրոնի ղեկավար Վիգեն Ստեփանյանը չուզեց ԹԳՄ նախագահի պաշտոնը անձնավորել, բայց միեւնույն ժամանակ այն կարծիքին է, որ միության ղեկավարը պետք է լինի հեղինակություն, ում հետ «վերեւները» հաշվի կնստեն. «Շատերն ասում են, որ Սոս Սարգսյանը մեծացել է, բայց ինձ համար նա այն մարդն է, ով պայքարում է»,- ասաց պրն Ստեփանյանը: Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը հիասթափված էր. «Համագումարն ասես մի տխուր ներկայացում լինի, արդեն լուրջ մտածում եմ՝ իմաստ ունի՞ այս միությունում մնալս: 4 ամիս առաջ ամեն ինչ լավ էր, բոլորը գոհ էին Երվանդ Ղազանչյանից, հիմա հայտարարում են, թե 10 տարի վատ է աշխատել… Կատարյալ ծաղր է՝ թեկնածուն (նկատի ունի Ս. Սարգսյանին- Գ. Հ.), որը պատրաստվում է առաջադրվել, ներկա չէ համագումարին, բայց նամակ է գրել: Այդ թեկնածուին չենք կարող հարցեր տալ, թե ինչպես է տեսնում միությունը, ով է իր թիմը: Իսկ ինչ-որ մարդիկ, ինստիտուտի լծակների ազդեցության տակ, գործում են հօգուտ Սոս Սարգսյանի: Երեւի մեկն ուզում է դոցենտ դառնալ, մեկը՝ պրոֆեսոր»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. ԹԳՄ նախագահի 3 թեկնածուներից Վիգեն Ստեփանյանը ինքնաբացարկ հայտարարեց, նույնկերպ փորձեց վարվել նաեւ Երվանդ Ղազանչյանը, սակայն կողմնակիցների ճնշման տակ տեղի տվեց: Թատերական գործիչներին գազազեցրել էր այն փաստը, որ Սոս Սարգսյանը Մոսկվայում գտնվելով՝ համարձակվել է նամակով իր առաջադրվելու համաձայնությունը հայտնել: Մերժվեց անգամ նրան՝ ԹԳՄ պատվավոր նախագահ դարձնելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել