Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՂ

Նոյեմբեր 03,2005 00:00

ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԴԱՌԸ ԿՈՐԻԶ Է» Երեկ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում սահմանադրության հանրաքվեին «այո» ասելու իրենց հիմնավորումներն էին ներկայացնում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Տիգրան Թորոսյանը նախ նշեց, թե ինչ ձեռք կբերենք Լեռնային Ղարաբաղի հարցում նոր սահմանադրությամբ. «Հայաստանի ձայնն ավելի բարձր կլսվի եւ ավելի ազդեցիկ կլինի ԼՂ հարցում, եթե մենք լինենք եվրոպական ընտանիքի, միջազգային կազմակերպությունների լիարժեք անդամ»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական փոփոխությունները եւս մեկ հնարավորություն են՝ որակական տարբերություն ստեղծելու մեր երկրի եւ Ադրբեջանի միջեւ՝ ցույց տալու համար, որ Հայաստանը միանգամայն այլ երկիր է: «Գործող սահմանադրությունն ունի այն դառը կորիզը, որ դառը պտուղներ է տալիս, այդ դառնությունը հանելու հիմնական խնդիրն ենք այսօր իրականացնում,- իր ելույթում ասաց Արմեն Ռուստամյանը:- Կշարունակենք խմել դառնությունը, եթե «ոչ» ասենք»: Ա. Ռուստամյանը ցավ հայտնեց, որ սահմանադրության նոր փաթեթը ոմանք փորձում են ներկայացնել սոսկ իշխանությունների նախագիծ, եւ քանի որ իշխանությունները վատն են, ուրեմն իրենց նախագիծն էլ է վատ: Ուրեմն՝ կարծիքը, թե առանց խորանալու պետք է ոչ ասել նոր նախագծին, մեղմ ասած՝ անհիմն է. «Եթե նույնիսկ ասենք, որ երկինքը կապույտ է, կասեն՝ ոչ, դրա տակ մի բան կա»: Ընդ որում՝ Ա. Ռուստամյանի դիտարկմամբ, ընդդիմության առաջարկներից ավելի շատ է մտցվել նախագիծ, քան հենց դաշնակցության: Տ. Թորոսյանը, անդրադառնալով ընդդիմության պահվածքին եւ հանրաքվեի քարոզարշավի հարցում «չհիմնավորված» քայլերին, ասաց հետեւյալը. «Ցավոք սրտի, չունեն որեւէ լուրջ հիմնավորում, որեւէ լուրջ փաստարկում, եւ այս պարագայում խնդիրը տեղափոխվում է սոսկ քաղաքական հարթություն: Անշուշտ՝ սահմանադրությունը քաղաքական, իրավական փաստաթուղթ է, բայց այս փուլում, համոզված եմ, որ խնդիրը քաղաքական հարթություն չպետք է տեղափոխվի, որովհետեւ ունենք մասնագիտական կառույցների ակնհայտորեն դրական գնահատականը, եւ որեւէ մեկը չունի լուրջ փաստարկում՝ նախագծի թերությունների հետ կապված: Ընդդիմություն-իշխանություն հարթություն տեղափոխել հարցը, կարծում եմ, ազնիվ չէ մեր երկրի, հասարակության նկատմամբ: Մի՞թե ամեն ինչ մեր կյանքում պետք է վերածվի իշխանության համար պայքարի»: Արմեն Ռուստամյանը ընտրողներին հիշեցրեց, որ «այդ բյուլետեններում գրված չէ, որ եթե «ոչ» ասենք՝ իշխանությունները հրաժարական են տալու»: Եվ դառնությամբ պատկերացրեց, թե ինչ հայտարարությամբ հանդես կգա ՀՀՇ-ն, եթե հանկարծ սահմանադրությունը չանցնի: Մոտավորապես այսպես. «Միայն ես կարող եմ հայ ժողովրդի նպատակներին համահունչ սահմանադրություն մշակել: Քանի անգամ է՝ դնում եք, ժողովուրդը մերժում է»: Ի թիվս այլ հարցերի, Տ. Թորոսյանը անդրադարձավ նաեւ երկքաղաքացիության հարցին եւ հայտնեց ՀՀԿ եւ իր դիրքորոշումը, թե «Ընտրելու եւ ընտրվելու իրավունք պետք է ունենան միայն Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիները, նրա՛նք պետք է կերտեն երկրի ապագան»: Մեզ հետ զրույցում այս հարցի մասին իր կարծիքը հայտնեց ինստիտուտի օտար լեզուների ամբիոնի դոցենտ Ռիմա Ասլանյանը. «Ինձ համար ցանկալի է, որ սփյուռքահայը հնարավորություն ունենա ընտրելու եւ ընտրվելու, որպեսզի Սփյուռքն իրեն օտար չզգա, որովհետեւ նրանք ոչ պակաս շահագրգռված են մեր երկրի բարգավաճման հարցում»: Ինստիտուտի պրոֆեսոր Լենդրուշ Ղալումյանը համաձայն է սահմանադրական բարեփոխումների նախագծին եւ խորապես համոզված է, որ այն կարեւոր նշանակություն կունենա մեր հանրապետության հետագա զարգացման համար: Նրան հատկապես դուր է եկել, որ «ԱԺ պատգամավորները 131 չպետք է լինեն, այլ ավելի քիչ: Իսկ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 50 տոկոսը պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի ընտրությունը համարվի օրինական»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել